Սարդարապատ շարժման հայտարարությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ռուսաստանյան Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության կոլեգիայի ընդլայնված նիստի ընթացքում հնչած Նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթի՝ հետխորհրդային տարածքում ինտեգրման գործընթացներին վերաբերող մոտեցումները վկայում են այդ տարածքում աշխարհաքաղաքական կենտրոնների միջև գաղութատիրական պայքարի ուժգնացման մասին:
“Սարդարապատ” շարժման նախաձեռնող խումբը միջպետական ինտեգրումը չի պատկերացնում այս կամ այն աշխարհաքաղաքական կենտրոնի հովանու ներքո կամ նրանց շուրջ ձևավորվող ռազմաքաղաքական դաշինքների ու վերպետական միությունների կազմում: Հայաստանի աշխարհառազմավարական դիրքի ու պայմանների  պարագայում դրանք չեն կարող երաշխավորել նրա ռազմավարական շահերի իրացումը, այլ որպես նոր գաղութատիրական մեխանիզմներ ու համակարգեր՝ գործելու են հայոց պետական ինքնիշխանության ու շահերի հաշվին: 
Միևնույն ժամանակ՝ տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների միջև ծավալվող գաղութատիրական պայքարը պետք է գնահատել որպես նպաստավոր հանգամանք: Այդ կենտրոնների շահերն ու գործողություններն իրար հակակշռում են և նրանք ստիպված մեծ ուժեր են վատնում միմյանցից ազդեցության հատվածներ խլելու համար:  
Հայաստանն իր կենսական շահերն իրացնելու համար պետք է օգտվի այս հնարավորությունից և իր ռազմավարությունը կառուցելով հայաստանակենտրոնության սկզբունքի հիման վրա՝ թոթափի նոր գաղութատիրական լուծը: Միայն այդ կերպ հայությունը կկարողանա հասնել ներքին ու արտաքին ազատության և արդարության՝ ապահովելով տարածաշրջանում և աշխարհում իր արժանապատիվ տեղն ու դերը:
“Սարդարապատ” շարժման նախաձեռնող խումբը Հայաստանի քաղաքացիներին և համայն հայությանը կոչ է անում ամեն գնով ընդդիմանալ գաղութատիրական նկրտումներին, ինքնակազմակերպվել և ստեղծել հայաստանակենտրոն սկզբունքով գործող նոր որակի մրցունակ ու հզոր պետություն:




Լրահոս