Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումից ոչ մի դրական կամ բացասական ակնկալիք չպետք է ունենալ: Այս մասին Armlur.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը` անդրադառնալով այսօր կայանալիք երկու նախագահների հանդիպմանը: «Լավրովի` Բաքու այցից հետո սահմանային լարվածությունն աճեց: Բոլորն էլ գիտեն, որ Ադրբեջանի հետ մերձեցման խնդիր կա և վերջինս թույլտվություն է ստանում Արցախում լարվածություն մտցնելու համար,ինչը դասական իմաստով պատերազմ է: Ինձ թվում է` սա նախատեսել են մի հեռանկարով: Հայաստան-Ռուսաստան ստրատեգիական գործընկերությունը փչացնելու համար: Այստեղ ես նաև թուրքական քաղաքականության ճկություն եմ նկատում: Թուրքական կողմն անգիր գիտի, որ Հայաստանը բացի Ռուսաստանից ռեալ դաշնակից չունի»,- մանրամասնեց քաղաքագետը և հավելեց` ռուսներից դժգոհելու տեղ կունենանք ու պատրաստ կլինենք զիջումների:
Շիրինյանի խոսքով` Սերժ Սարգսյանը պետք է կարծր լինի, որովհետև մեր ազգային շահերն ուրիշ են, Ռուսաստանինն` ուրիշ: «Մենք պարտավոր ենք մեր ազգային շահերը պահել մինչև վերջ: Մենք չպետք է ենթարկվենք շանտաժի: Մեր կողմից պետք է լինենք պետության շահերի պաշտպանը, եթե ռուսները ուրիշ խնդիր ունենան, կնահանջեն: Չնայած չեմ կարծում: Նաև չպետք է ենթարկվել թուրքական կողմի շանտաժներին»,- նշեց Լևոն Շիրինյանը:
Հարցին, Սարգսյան-Պուտին հանդիպումից կարո՞ղ ենք սպասել սահմանի լարվածության թուլացում, Շիրինյանը տվեց բացասական պատասխան. «Իհարկե, ոչ: Իրենք մեր տե՞րն են, ինչն են: Տպավորություն է, թե Ադրբեջանը Ռուսաստանի ծառան է, այդպես չէ: Պետք չէ մոռանալ, որ Ռուսաստանն ընդամենը մեկ համանախագահող երկրներից է»: