Հունաստանը մերժել է Աթենքի օդային տարածքը փակելու հարցով ԱՄՆ դեսպանատան պահանջը, որով մարդասիրական օգնության նպատակով Սիրիա են մեկնում ռուսական ինքնաթիռները, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Աթենքի դիվանագիտական աղբյուրի հայտարարությանը:
«Շաբաթ օրը ԱՄՆ դեսպանատունը դիմել է Հունաստանի կառավարությանը՝ խնդրանքով արգելել ռուսական ինքնաթիռների թռիչքը: Հունաստանի կառավարությունը հրաժարվել է կատարել այդ պահանջը, որպեսզի չվատթարացնի Ռուսաստանի հետ հարաբերությունները»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ ամերիկյան մամուլը բազմիցս հայտարարել է, որ Մոսկվան էականորեն ավելացրել է սիրիական քաղաքացիական պատերազմում իր մասնակցությունը:
«Ամերիկացի պաշտոնյաները դեռևս միանշանակ եզրակացության չեն հանգել՝ Սիրիայում Ռուսաստանի մտադրությունների հետ կապված: Սակայն նրանք զգուշանում են, որ Մոսկվան կօգնի Ասադի ուժերին և դրանով իսկ կերկարաձգի քաղաքացիական պատերազմը, որում բազմաթիվ զինված խմբավորումներ, այդ թվում՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, հանդես են գալիս Դամասկոսի կառավարության դեմ»,-գրում է Los Angeles Times-ը: