ԱՌԱՆՑ ՓԻԱՌ-Ի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը երեկ Երեւանի Նոր Նորք համայնքում հակադարձել է նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի` դրանից ժամեր առաջ Նոյեմբերյանում արած  այն  հայտարարությանը, թե  «Ես չեմ բարձրացրել այս ամբիոն, որ ուրիշի պատրաստած ճառը տասը հատ հեռուստախցիկի  առաջ ձեզ ընթերցեմ, որ դուք հասկանաք, թե ինչ է ձեր արժեքը»:  Սերժ Սարգսյանը խոստովանել է, որ իր ելույթներն ինքը չի գրում` դա համարելով միանգամայն օրինաչափ երեւույթ. «Կարծես թե նոր Ամերիկա է հայտնագործել մարդը, եւ նա չի հասկանում, որ լսարան հարգող ցանկացած մարդ ունի թիմ, եւ այդ ելույթների վրա թիմն է աշխատում, բա ո՞վ պետք է աշխատի: Ենթադրենք՝ ես այսօր հինգ ելույթ ունեմ, եթե ես ինքս իմ ելույթները սկսեմ գրել, էդ ե՞րբ կհասցնեմ այդ ելույթները գրել, հետո այդ ելույթներով հանդես գալ»,-բացահայտել է նա: Փաստորեն, Ս.Սարգսյանն անուղղակի կերպով խոստովանում է, որ   չնայած ԵՊՀ-ում ստացած հեռակա  բանասիրական կրթությանը, ինքն  ի վիճակի չէ կապակցված խոսել, եւ «խիարը թարս բուսնելու» կամ ընտրություններին «100-ից 90, 80, 70 կամ 60 խփելու» արտահայտությունները ոչ թե պատահաբար  ասված խոսքեր են, այլ՝ դա է նրա իրական լեզվամտածողությունը: Այսպիսով՝  վերջնականապես պարզ դարձավ, որ Ս.Սարգսյանի՝ իրականությունից կտրված, Հայաստանի հետ որեւէ առնչություն չունեցող մտքերի հեղինակը ոչ թե ինքն է, այլ իր թիմը: Միայն թե, ինքն առանձնապես դեմ չէ «վարդագույն ակնոցներով» գրված ելույթներին, թեկուզ եւ՝ այդ ամենի արդյունքում ինքն է խայտառակվում, ու քննադատությունները հենց իրեն են ուղղվում: Այլ կերպ ասած՝ Ս.Սարգսյանի դեմ նման փիառ դիվերսիաներն իրագործվում են հենց իր գիտությամբ: Խնդիրն այն է, սակայն, որ դատելով Սերժ Սարգսյանի վարքագծից, նա ոչ միայն ինքը չի գրում իր ելույթները, այլեւ անգամ ուշադիր չի կարդում դրանք: Այլապես, թերեւս կհիշեր այդ ելույթներում իր իսկ  շուրթերով հնչեցված պաթետիկ խոստումներն ու ճռճռան հայտարարությունները եւ  գոնե քարոզարշավի ընթացքում սեփական օրինակով  կփորձեր  հետամուտ լինել  դրանց իրագործմանը: Օրինակ բոլորս ենք լավ հիշում Հայաստանի քաղաքացու հետ «դուք-ով» խոսելու մասին Սերժ Սարգսյանի խոսքերը, մինչդեռ ՀՀԿ 14-րդ համագումարում ունեցած այդ ելույթին  հետեւած ժամանակահատվածում Սերժ Սարգսյանն արդեն  հասցրել է  մոտ մեկ տասնյակ անգամ հրապարակավ  ապացուցել, որ իր ելույթային մտքերը ոչինչ չարժեն` ՀՀ քաղաքացիներին դիմելով բացառապես «դու-ով»: Ու թեեւ վերջին հինգ տարիներին գործող նախագահի ճառագիր-փիառ-ագետների  կողմից ամեն ինչ արվում է նրան իբրեւ հանդուրժողականության խորհրդանիշ ներկայացնելու համար, քաղաքական դաշտին ուշադիր հետեւողները լավ են հիշում, թե ինչպիսին էր իրական Սերժ Սարգսյանը` առանց փիառ շղարշի, երբ 2005-ին  հրապարակավ խոսում էր «ընդդիմությանը սատկացնելու մասին»:




Լրահոս