ԵԹԵ ԱՐՀԱՄԱՐՀԵԻՆ՝ ՉԷԻՆ ԱՌԱՋԱԴՐԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն մի քանի օր է, ինչ քննարկվում է փաստը, որ նախընտրական այցով Գյումրի մեկնած Սերժ Սարգսյանի նախընտրական հավաքից հետո «Տիգրան Մեծ» ռեստորանում կազմակերպված ճաշկերույթին Գյումրու քաղաքապետ, ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանը չի մասնակցել:
Հիշեցնենք, որ Սամվել Բալասանյանն իր երկու տեղակալների հետ գնացել էր ռեստորան, որտեղ նրան ասել էին, որ իր տեղը ոչ թե Սերժ Սարգսյանի կողքին է, այլ երկու սեղան այն կողմ, որտեղ նստած են եղել շիրակցի  պատգամավորներ Մարտուն Գրիգորյանը, Մուշեղ Պետոյանը, Նաիրա Կարապետյանը, Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն  Հայկ Դեմոյանը: Բալասանյանն էլ նեղացել ու լքել էր ռեստորանը:
Այս առիթով «Ժողովուրդ»-ը զրուցեց ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ:
-Պարո՛ն Շարմազանով, Գյումրու քաղաքապետ, ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանը նեղացել է, որ իրեն արհամարհել են ու ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի մոտ չեն «նստեցրել»: Ինչո՞ւ այդպես եղավ, ո՞վ էր այդ ամենի կազմակերպիչը:
-Ուրեմն նախ նշեմ, որ մենք այն կարծիքին չենք, թե դա արհամարհանք է: Դուք կարող եք զրուցել նաեւ Սամվել Բալասանյանի հետ եւ ամբողջական տեղեկություն ստանալ այդ ամենի մասին: Նշեմ, որ կա արարողակարգ, ամեն ինչ պետք է արվի արարողակարգին համապատասխան, եւ երկրորդն էլ՝ արհամարհանքի հետ ես ընդհանրապես համամիտ չեմ: Առհասարակ, եթե մենք մեր երկրի նախագահի մասին ենք խոսում, ապա նախագահը շատ հարգալից, շատ շրջահայաց, նորմալ մարդկային հարաբերություններ ունեցող, արժեքային համակարգ ունեցող մարդ է: Դրա համար էդ արհամարհանքը դնենք մի կողմ: Եթե մենք արհամարհեինք Սամվել Բալասանյանին, չէինք առաջարկի առաջադրվել Գյումրու քաղաքապետի պաշտոնում:
-Հատկապես բոլորի աչքին զարնել է այն, որ նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին ավելի լավ տեղ են հատկացրել, ավելի ջերմ են վերաբերվել, քան Բալասանյանին:
-Ավելի ջերմ է եղել եւ այլն՝ նման բան իրականում գոյություն չունի: Իսկ ո՞վ է չափում այդ ջերմության աստիճանը: Հիմա ես էլ շատ մարդկանց հետ շատ ջերմ եմ, բայց մարդկանց քաղաքական հայացքները տարբեր են: Մարդկային ջերմությունն ի՞նչ կապ ունի նման միջոցառման հետ:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս