Այսօր Տյառնընդառաջն է կամ, ինչպես ժողովուրդն է անվանում, Տերընդեզը, որը նշանակում է Տերն ընդ ձեզ: Տոնին ընդառաջ՝ շատերը չգիտեն՝ ինչպես պատրաստվել եւ, առհասարակ, ինչ խորհուրդ ունի այն: «Ժողովուրդ»-ը տոնի խորհրդի եւ այն ճիշտ անցկացնելու կարգի հետ կապված զրուցեց Սուրբ Հովհաննես եկեղեցու քահանա տեր Դանիել Բաղումյանի հետ:
Տեր Դանիելի խոսքով` Տյառնընդառաջ կամ Տերընդեզ նշանակում է գնալ Տիրոջն ընդառաջ. «Այդ օրը հայտարարված է ընտանիքի օր, եւ ամեն մի ընտանիք այդ օրը պետք է ընդառաջ գնա Աստծուն եւ ստանա նրա օրհնությունը»: Քահանան նշեց, որ կրակն այդ օրը մաքրիչ ուժ ունի. «Եթե կրակի մեջ մի բան են գցում, այն հալչում է, չէ՞: Այս դեպքում էլ խորհուրդն այսպիսին է՝ եթե այդ օրը կրակի մեջ մի բան ես գցում, այն տանում է բոլոր ցավերն ու մեղքերը: Ժողովուրդն ասում է՝ նրանք, ովքեր ցատկում են կրակի վրայով, մաքրվում են չոռ ու ցավից»:
Երիտասարդ ընտանիքներն այդ օրը պետք է գնան եկեղեցի՝ Աստծուց հայցելով իրենց նորաստեղծ ընտանիքին պահպանություն եւ օրհնություն: Ըստ տեր Դանիելի՝ շատ կարեւոր է, որ այդ օրը երիտասարդները եկեղեցուց լույս բերեն եւ դրանով իրենց բակում կրակ վառեն. «Լավ կլինի՝ տղայի ծնողներն այդ օրը աղանձ, փոխինդ, քաղցրավենիք պատրաստեն, եւ երբ հարազատները գան՝ կիսելու նրանց նորաստեղծ ընտանիքի առաջին Տյառընդառաջը, նրանց հյուրասիրեն»:
Մեր զրուցակիցը նշեց, որ նշանվածները կարող են մասնակցել տոնին, պտտվել կրակի շուրջ, սակայն այս տոնը նրանց չի վերաբերվում, քանի որ նրանք դեռ այր ու կին չեն: Տեր Դանիելը նշանված զույգերին խորհուրդ տվեց այդ օրը գնալ եկեղեցի, մոմ վառել եւ Աստծո օրհնությունը ստանալ իրենց ապագա ընտանիքի կայացման համար: Նա նաեւ ընդգծեց, որ Տերընդեզը շատերը մեծ խնջույքի են վերածում եւ հատուկ պատրաստություններ տեսնում. «Դա ոչ թե պարտադիր պայման է, այլ կախված է տվյալ ընտանիքի հնարավորությունից եւ գրպանից»: Ինչ վերաբերում է այդ օրը տրվող տարոսիկներին, ապա հոգեւորականը նշեց. «Դա ընդհանրապես կապ չունի տոնի հետ, պարզապես ձեւական բնույթ է կրում»:
Հ.Գ. Հավելենք, որ այս տարի շատ օրացույցների մեջ նշված է, որ Տյառնընդառաջի օրը փետրվարի 14-ն է: Սակայն Հայ առաքելական եկեղեցու սպասավորները բացատրում են, որ տոնը շարժական չէ եւ ամեն տարի անփոփոխ նշվում է փետրվարի 14-ին: Պարզապես փետրվարի 13-ի երեկոյան, ըստ եկեղեցու օրացույցի, սկսվում է նոր օր, կատարվում է նախատոնակ, որի ընթացքում Ս. սեղանի կանթեղից լույսը վերցրած մարդիկ գնում են իրենց տները, իսկ նորապսակները, ժողովրդական ավանդության համաձայն, վառում են խարույկները:
ՁԵՎԱԿԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ