Իջևանում իշխանական կամպանիան մրցակցի դեմ աշխատում է բոլոր ավանդական մեթոդներով. սպասվում է թեժ պայքար. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Իջեւան քաղաքում սեպտեմբերի 13-ի ընտրությունների նախաշեմին իշխանական կամպանիան մրցակցի դեմ աշխատում է բոլոր ավանդական մեթոդներով, զավեշտալի քրգործեր հարուցելուց բացի, մեր տեղեկություններով, աշխատանքից ազատվում են նախկին քաղաքապետ, ներկայում նաեւ Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի Տավուշի մարզային ստորաբաժանման ղեկավար, ՀՀԿ-ական Վարուժան Ներսիսյանի հարազատները, բարեկամները, ծանոթներն ու բոլոր նրանք, ովքեր իրենց հրապարակային աջակցությունն են հայտնում Ներսիսյանի թեկնածությանը:

Պարզեցինք, որ օրեր առաջ ստիպել են աշխատանքից ազատվելու դիմում գրել Արվեստի դպրոցի այլեւս նախկին  հաշվապահ Արսեն Թանանյանին, երաժշտական դպրոցի շվիի ուսուցիչ Էդգար Ամիրյանին, իսկ սեպտեմբերի 1-ին՝ Իջեւանի պահակային ծառայության պետ Գագիկ Գրիգորյանին, ով գործող քաղաքապետի դեմ առաջադրված Վարուժան Ներսիսյանի կուրսեցին է եւ իբր իր ենթականերին հրահանգել է «ձայներ բերել» Իջեւանի քաղաքապետի թեկնածու Վարուժան Ներսիսյանի համար:

Հիշեցնենք, որ Իջեւանում միմյանց դեմ պայքարի են դուրս եկել նախկին եւ ներկա քաղաքապետները՝ գործող, նախկին ԲՀԿ-ական, վերջերս ՀՀԿ-ին անդամագրված Վարդան Ղալումյանը եւ Վարուժան Ներսիսյանը, ով 2011 թվականի Իջեւանի քաղաքապետի ընտրություններում պարտվեց ներկայիս քաղաքապետ Վարդան Ղալումյանին, ում օգտին իրենց ամբողջ ռեսուրսով աշխատում էին ընդդիմադիր ծաղկունքում գտնվող ԲՀԿ-ն եւ ոչ իշխանական եռյակը:

Վարուժան Ներսիսյանը հաստատեց մեր տեղեկությունները՝ նկատելով, որ «վախի ու ահաբեկման» մթնոլորտով փորձում են կանխորոշել ընտրությունների ելքը։ «Չի ստացվի, դա իր հակազդեցությունն է ունենալու, եւ, իմ կարծիքով, իջեւանցիներն էլ ավելի կողմնորոշված կմասնակցեն ընտրություններին»,- վստահ է Վարուժան Ներսիսյանը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս