«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սեպտեմբերի 2-ին ադրբեջանական զինուժը գնդակոծել է Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Բերքաբեր գյուղը: Այն Ադրբեջանի տարածքից բաժանում է 1980 թվականին գործարկված, 45 միլիոն խորանարդ մետր տարողությամբ Ջողազի ջրամբարը: Սեպտեմբերի 2 -ին արհեստական լճի ձախ ափին գտնվող ադրբեջանական հենակետերից գնդացրային եւ ականանետային կրակ է արձակվել Բերքաբերի տների եւ գյուղի գերեզմանատան ուղղությամբ: Բերքաբերի բազմաթիվ առանձնատների պատեր վնասված են, ականը խոցել է Գոհար Ղումաշյանի տան տանիքը: Գոհարն ասում է, որ իր ամուսինը, որդին Ռուսաստանում արտագնա աշխատանքի են: Նա իր տանը բնակվում է ամուսնու քրոջ հետ, ով զինվորական ծառայություն է իրականացնում Ադրբեջանի հետ սահմանագծում:
Սեպտեմբերի 2-ի երեկոյան ադրբեջանական արկը խոցել է Գոհարի տան տանիքը՝ ջարդելով ծածկի ազբոշիֆերները: Գոհարը անձրեւներից պատսպարվելու համար տանիքի մեծ անցքը փակել է ցելոֆանով: Նա հույս ունի, որ պետական բյուջեի աջակցությամբ կկարողանա նորոգել տան տանիքը: Բերքաբերի գյուղապետ Արթուր Մադաթյանի ուղեկցությամբ «Ժողովուրդ»-ի թղթակիցս եղա գյուղի գերեզմանատանը: Այդտեղից, ինչպես ափի մեջ, երեւում են ադրբեջանական հենակետերը: Ադրբեջանական զինուժը գնդակոծել եւ հրետակոծել է Բերքաբերի գերեզմանները: Գերեզմանատան շիրմաքարերից մեկը գնդակներից բազում տեղեր խոցվել է, ականի հարվածից մեկ այլ գերեզմանաքարի եզրապատն է քանդվել, վաղամեռիկ կնոջ լուսանկարը ադրբեջանական գնդակից խոցվել է»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: