«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 5-ին «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության պատգամավորները, քաղխորհրդի անդամները և տարածքային կազմակերպությունների պատասխանատուները, Նաիրա Զոհրաբյանի գլխավորությամբ, մեկնել էին Տավուշի մարզի սահմանապահ գյուղեր՝ հանդիպելու հակառակորդի վերջին հրետակոծություններից տուժած համայնքների ղեկավարների և բնակիչների հետ, լսելու նրանց հուզող խնդիրները և քննարկելու՝ ինչով կարող են օգտակար լինել թշնամու ամենօրյա սադրանքներին և առօրյա հոգսերին դժվարությամբ, բայց արժանապատվորեն դիմակայող այդ մարդկանց։
Թերթի հարցերին ի պատասխան՝ այցից ստացած իր տպավորությունները և հիմնական հետևությունները ներկայացրել է ԲՀԿ առաջնորդը։ «Մենք եղանք մարզի 7 բնակավայրերում՝ Բաղանիս, Ոսկևան, Կայանավան, Կիրանց, Սարիգյուղ, Սևքար ու Բերքաբեր, որոնք վերջին օրերին անընդհատ հրետակոծության տակ էին, հատկապես Սևքարն ու Բերքաբերը, որ անմիջապես սահմանակից են ադրբեջանական հենակետերին։
Այստեղ անվնաս տներ գրեթե չեն մնացել, բայց խուճապ չկար՝ մարդիկ արդեն սովոր են ապրել ամենօրյա կրակահերթերի տակ. քնում են շորերով, երեխաներին աշխատում են պահել նկուղներում, որովհետև որևէ երաշխիք չկա, թե կրակահերթերը ցանկացած պահի չեն վերսկսվի։ Բերքաբերում ավարտին են մոտենում հարմարավետ ռմբապաստարանի աշխատանքները, որտեղ մարդիկ կարող են գոնե երեխաներին պաշտպանել հակառակորդի սադրիչ գործողություններից»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: