«ՔԱՐՈԶԱՐՇԱՎԸ ՊԵՏՔ Է ԴԱԴԱՐԵՑՎԻ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 11-ից սկսվել Մեծ պահքի շրջանը: Այն տեւում է 48 օր բուն Բարեկենդանից  մինչեւ Սուրբ Հարության Զատիկի տոնը: Մեծ պահքի 40 օրերը խորհրդանշում են անապատում Քրիստոսի քառասնօրյա  աղոթքի ծոմապահության եւ ապաշխարության շրջանը: Այդ օրը մարդիկ սգից անցնում են ուրախության, «չարչարանքից»՝ խաղաղության: Պահքի շրջանում պետք է հրաժարվել ոչ միայն կենդանական ծագման մթերքից, այլեւ մոլի սովորություններից` շատախոսությունից, ստախոսությունից, հայհոյանքից եւ այլ մեղքերից: Կերակրից հրաժարվելն առանց մեղքից հետ  կանգնելու անօգուտ է: Կարճ ասած՝ մարդիկ այդ 48 օրերի ընթացքում փորձում են մաքրվել մեղքերից:

ՀԱՐՑ. Սկսվել  է Մեծ պահքի շրջանը. պաս պահո՞ւմ եք, թե՞ մաքրվելու կարիք չունեք:

ՊԱՏԱՍԽԱՆ.
Ո՛չ, չեմ պահում: Կան մարդիկ, որոնք պաս են պահում, որ նիհարեն: Պաս պահելու գաղափարախոսությունը շատ ավելի մեծ է, քան դրա ներկայիս պահողներինը: Իրականում այն մաքրվելու, մեղքերից ազատվելու, մեղքեր չգործելու համար է, իսկ իմ հասկացողությամբ մեղքերից ազատվելու կամ մաքրվելու խնդիր ես չունեմ:

ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆ
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար

ՊԱՏԱՍԽԱՆ. Նախ կատակ՝ փաստորեն քարոզարշավը պետք է դադարեցվի, որովհետեւ թեկնածուների ընդդիմադիր հատվածը հայհոյում է, անիրագործելի խոստումներ են տալիս, լուտանքներ, վիրավորանքներ թափում այլ թեկնածուների հասցեին: Հիմա ավելի լուրջ: Ես քրիստոնյա եմ, մշտապես կիրակի օրերը լինում եմ Ս. Սարգիս եկեղեցում: Կերակրի առումով պաս չեմ պահում, սակայն ձգտում եմ մնացած առումներով հնարավորինս պահել պահքի խորհուրդը: Դժվար է, բայց ստացվում է:

ՌՈԲԵՐՏ ՄԵԼՔՈՆՅԱՆ
Երեւանի նախկին փոխոստիկանապետ

ՊԱՏԱՍԽԱՆ. Պաս պահում եմ թեթեւակի եւ չափավոր: Մսեղենից ձերբազատվում եմ, բայց ոչ հավատացյալների նման: Այդ շրջանում նախընտրում եմ ձկնեղեն: Չպետք է նիհարելու համար պաս պահես եւ բռնություն գործես ինքդ քո նկատմամբ, իսկ ես ինչքանով որ կարողանում եմ, անում եմ: Պահքը շատ օգնում է: Իսկ նրանք, ովքեր չեն անում, դա իրենց գործն է:

ՏԻԳՐԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Ժողովրդական կուսակցության նախագահ


ՊԱՏԱՍԽԱՆ.
Գիտեք, շատերն այդ շրջանը համարում են քաշ գցելու ժամանակաշրջան: Ես պաս չեմ պահում, քանի որ այդ ամենի հնարավորությունը չունեմ, որովհետեւ աշխատանքի մեջ եմ, եւ դա որոշակի անհարմարություններ է ստեղծում: Այդ ընթացքում ես կարդում եմ Աստվածաշունչ, վերընթերցում եմ Նոր կտակարանը: Ես գտնում եմ, որ միշտ պետք է լինել չափավոր սննդի հարցում: Կարծում եմ՝ այս շրջանում ավելի շատ պետք է հոգեպես առողջանալ: Սննդի առումով օրինակելի չեմ:   

ՀՄԱՅԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Քաղաքագետների միության նախագահ
Պատրաստեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ




Լրահոս