Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Սուր գավառում քուրդ զինյալների և թուրքական իրավապահ ուժերի միջև բախումների հետևանքով տուժել է Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:
Հայկական եկեղեցու մոտակայքում գործի դրված ականի պայթյունի հետևանքով կոտրվել են Սուրբ Կիրակոս եկեղեցու պատուհանների ապակիները, վնասվել են պատերը: Եկեղեցու պատերին կան փամփուշտների հետքեր:
Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցին Մերձավոր Արևելքի ամենամեծ քրիստոնեական եկեղեցին է: 2012 թվականի նոյեմբերի 4-ին` 32 տարվա ընդմիջումից հետո այստեղ կատարվեց վերանորոգմանը հաջորդած առաջին եկեղեցական արարողությունը: Նույն օրը եկեղեցում տեղի ունեցավ նաև առաջին պսակադրությունը: Սուրբ Կիրակոս եկեղեցու վերանորոգման աշխատանքներն իրագործվել են Պոլսի Հայոց պատրիարքարանի ֆինանսական աջակցությամբ: Աշխատանքներին աջակցություն է ցուցաբերել նաեւ Դիարբեքիրի քաղաքապետարանը:
Վերակառուցվել էր եկեղեցու զանգակատունը, որը վնասվել էր 1915թ.ին` ռմբակոծությունից. եկեղեցու գմբեթն ամենաբարձրն էր քաղաքում, եւ մզկիթների մինարեթներից բարձր չլինելու համար մահմեդականներն ավերել էին այն: Թեև Սուրբ Կիրակոս եկեղեցին մինչեւ 1980 թվականը գործել է, սակայն նրա զանգերը միան 2012 թվականի նոյեմբերի 4ին` 97 տարի անց են կրկին ղողանջել: