Սահմանադրական փոփոխությունների դեմ միասնական ճակատի ձեւավորումը սարերի հետեւում չէ: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ սեպտեմբերի 12-ին տեղի կունենա համաժողով, որի ժամանակ կհայտարարվի «Ոչ»-ի ճակատի ձեւավորման մասին: Մեզ նաեւ հայտնի դարձավ, որ այդ պայքարում մասնակցություն են ունենալու «Ժառանգություն» կուսակցությունը, «Հայ ազգային կոնգրեսը» եւ «Հայազն»-ը:
Նշենք, որ համաժողովը կազմակերպում է «Չեք անցկացնի» քաղաքացիական նախաձառնեւթյունը, որի անդամներն են ՀԱԿ անդամ Արշակ Մուսախանյանը, Դավիթ Հովհաննիսյանը եւ «Ժառանգության» վարչության անդամ Հրայր Մանուկյանը:
Ի դեպ, Հրայր Մանուկյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում դժվարացավ հստակ պատասխանել` ՀԱԿ-ը եւ «Ժառանգություն»-ը արդեն հանդիպե՞լ են կամ ընդհանուր հայտարարի եկել են, թե ոչ: «Ես հիմա չեմ կարող խոսել որեւէ կուսակցության անունից: Ես կարող եմ խոսել «Չեք անցկացնի» նախաձեռնության անունից: Իսկ նախաձեռնությունը կազմակերպում է համաժողով, որին հրավիրված են լինելու նաեւ «Հիմնադիր խորհրդարանի» անդամները»,- նշեց նա` այնուամենայնիվ հավելելով, որ իր տեղեկություններով՝ ՀԱԿ-ը եւ «Ժառանգությունը» դեռ չեն հանդիպել:
Նրա խոսքով` համաժողովից հետո իրենք հայտարարությամբ հանդես կգան: Հարցին` նախնական պայմանավորվածություն չկա՞ կուսակցությունների միջեւ՝ հաշվի առնելով, որ ընդհանուր համաժողովի են մասնակցելու, Մանուկյանը դրական պատասխանեց, սակայն այլ մանրամասներ չկարողացավ նշել՝ ինտրիգը թողնելով համաժողովին:
Իսկ «Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Մկրտչյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենք այս պահին ակտիվ հանդիպումների մեջ են հասարակական կազմակերպությունների եւ քաղաքացիական նախաձեռնությունների հետ: «Մոտ օրերս կամփոփենք մեր համագործակցությունը, ու նոր Սահմանադրության դեմ ուժերը կուրվագծվեն»,- ավելացեց Ա. Մկրտչյանը:
Ավելորդ չենք համարում հիշեցնել, որ «Ժառանգությունն» ու ՀԱԿ-ը ոչ շատ վաղուց համախմբված էին եռյակ ձեւաչափի մեջ, սակայն, ինչպես ցույց տվեց ժամանակը, այդ միությունը որեւէ դրական արդյունք չունեցավ: Դժվար է պատկերացնել, թե ինչպես են համագործակցելու այս երկու քաղաքական ուժերը, որոնք բազմիցս քննադատություններ են հնչեցրել միմյանց հասցեին: Հավելենք, որ երեկ ամբողջ օրը փորձեցինք կապ հաստատել ՀԱԿ ներկայացուցիչների հետ, սակայն ապարդյուն:
Իսկ, ահա, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ «Ոչ»-ի ճամբարում կուսակցությունը ակտիվ դերակատարում է ունենալու: «Համաժողովին միանշանակ կմասնակցենք, մինչ այդ, կարծում եմ, առաջարկներ կլինեն: «Չեք անցկացնի» նախաձեռնության հետ հանդիպում ունեցել ենք եւ դիրքորոշումների միասնություն կա: Համենայնդեպս, կմասնակցենք: Դա համարում եմ դիմադրության օջախներից մեկը, եւ մեր մոտեցումները կներկայացնենք այդտեղ»,- ասաց նա:
Իսկ ՀԱԿ-ի հետ համագործակցելու վերաբերյալ Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ համագործակցելու են այնպես, ինչպես մինչեւ հիմա են համագործակցել. «Որեւէ մեծ խնդիր այդ առումով չեմ տեսնում»:
Հիշեցմանը, որ նախկինում քառյակ ապա եռյակ ձեւաչափում համագործակցությունը տապալվեց, Մարտիրոսյանն արձագանքեց. «Դե, հիմա գետը ամեն անգամ գերան չի բերում: Մենք օրակարգի շուրջ ենք համագործակցում եւ ոչ թե անձերի եւ կազմակերպությունների շուրջ: Այս պարագայում կա կոնկրետ խնդիր եւ համագործակցության լայն դաշտ»:
Քրիստինա Աղալարյան