Հույսն առավել քան մեծ է. ինչպես է «Հիմնադիր խորհրդարանը» պատկերացնում սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն «Ժողովուրդ» օրաթերթը գրել է, սեպտեմբերի 12-ին տեղի կունենա համաժողով, որի ժամանակ կհայտարարվի սահմանադրական փոփոխություննեի դեմ «Ոչ»-ի ճակատի ձևավորման մասին: Համաժողովը կազմակերպում է «Չեք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնությունը, որի անդամները տարբեր կուսակցությունների անդամներ են: Համաժողովին մասնակցելու են «Ժառանգություն»-ը, ՀԱԿ-ը, «Հիմնադիր խորհրդարանը» և մեկ տասնյակից ավել քաղաքացիական նախաձեռնություններ ու հասարակական կազմակերպություններ:

ՀԱԿ-ի հետ համագործակցելու վերաբերյալ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն ասել է, որ համագործակցելու են այնպես, ինչպես մինչեւ հիմա են համագործակցել. «Որեւէ մեծ խնդիր այդ առումով չեմ տեսնում»: «Հիմնադիր խորհրդարանը» ևս քաղաքական այս ուժերի հետ համագործակցության որևէ խնդիր չի տեսնում: «Ճակատ ձևավորելու պրոցեսի մեջ ենք: Շաբաթ օրը ուղիղ եթերով մի քանի ժամ ծայրից ծայր կհեռարձակվի մեր խորհրդակցությունը կուսակցությունների և քաղաքացիական նախաձեռնությունների հետ»,- Armlur.am-ի հետ զրույցում ասաց ՀԻմնադիր խորհրդարանի անդամ Վարուժան Ավետիսյանը:

Հարցին` հիշյալ քաղաքական ուժերի հետ համագործակցություն տեսնում են և արդյոք նրանց հետ հաջողության հասնել հնարավոր է, Ավետիսյանը կարճ պատասխանեց. «Անշուշտ, միանշանակ տեսնում ենք: Բանակցությունների ընթացքը գոհացուցիչ է, կառուցողական է: Հույսն էլ առավել քան մեծ է»:




Լրահոս