Վերջին շրջանում Տավուշի մարզի սահմանամերձ Նոյեմբերյանի տարածաշրջանում թանկացել է տաքսի ծառայությունների նվազագույն վարձավճարը՝ այն 500-ից դարձել է 700 դրամ: Միայն Նոյեմբերյան քաղաքում գործող մի տաքսի ծառայություն է անփոփոխ թողել նվազագույն վարձավճարի չափը: Այս թանկացումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ դեռ պաշտոնապես չի հրապարակվել Հայաստանում սպառվող բնական գազի նոր սակագինը: Անկասկած, դա կհրապարակվի նախագահական ընտրություններից հետո, այսինքն՝ հաշվված օրեր անց: Իսկ դա նշանակում է, որ բնական գազի թանկանալուց հետո դոմինոյի էֆեկտով կթանկանան նաեւ այլ ապրանքներն ու ծառայությունները: Հարց է ծագում. տաքսի ծառայություններն այդ ժամանա՞կ էլ կբարձրացնեն վարձավճարների գինը: Բնակչության մի զգալի հատված հազիվ է գոյատեւում եւ դժվար թե դիմանա գնաճի նոր ալիքին: Օրերս Տավուշի մարզկենտրոն Իջեւանից երթուղային միկրոավտոբուսով վերադառնում էի Նոյեմբերյան: Ուղեվարձը 500 դրամ է: Երթուղային միկրոավտոբուսի 10 ուղեւորներից մեկը սահմանամերձ Բաղանիս գյուղում իջնելուց հետո տեղի խանութներից մեկում 500 դրամ պարտք վերցրեց, որպեսզի վճարի վարորդին: Բաղանիսի հարեւան Ջուջեւան գյուղում մայրն ընդառաջ էր եկել Իջեւանում սովորող դստերը, որպեսզի վճարի նրա տեղափոխման վարձը: Հիմա առաջ ենք գնում դեպի ապահո՞վ, թե՞ անապահով Հայաստան:
ԴԵՊԻ ԱՆԱՊԱՀՈՎ ՀԱՅԱՍՏԱՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ