Ռուսական կողմը փորձում է այնպես անել, որ «Գազպրոմ Արմենիան» իր շահույթը չկորցնի. տնտեսագետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ` սեպտեմբերի 7-ին Մոսկվայում տեղի է ունեցել Սերժ Սարգսյան- Վլադիմիր Պուտին հանդիպումը: Հանդիպումից հետո բավական ուշացումով հաղորդագրություն տարածվեց քննարկված հարցերի մասին: Մասնավորապես` պաշտոնական հաղորդագրության մեջ նշվեց, որ ՌԴ էներգետիկայի նախարարության հետ համաձայնագիր է ստորագրվել, որը թույլ կտա գազի գինը 25 ԱՄՆ դոլարով նվազեցնել՝ հասցնելով մինչև 165 դոլարի: Ինչպես նաև ստորագրվել է Հայաստանին 200 միլիոն ԱՄՆ դոլար արտոնյալ վարկ տրամադրելու համաձայնագիր, և դա թույլ կտա թարմացնել հայկական զինված ուժերի զինանոցը:

Երկու հարցերն էլ կարևորելով, այնուամենայնիվ, անդրադառնանք գազի գնի իջեցման վերաբերյալ համաձայնագրին: Առաջաին հայացքից թվում է, թե գազի գնի նվազեցումը կազդի նաև շարքային քաղաքացիների վրա: Սակայն, ոչ: Այդպես չէ: Տնտեսագետ Արտակ Մանուկյանը Armlur.am-ի հետ զրույցում նախ նշեց, որ այս համաձայնագիրը նորություն չէ, դրա մասին քննարկումներ եղել են դեռևս այս տարվա ապրիլին: «Դա նորություն չէ, ինչպես նաև նորություն չէ 200 մլն դոլարի վարկը: Տպավորություն է, թե դա նոր է, բայց այդպես չէ, դրա վերաբերյալ ԱԺ-ում քննարկումներ են եղել, վավերացում եղավ:  Եթե մենք համաշխարհային շուկան նայում ենք, ապա գազի գները միտում ունեն դեպի նվազեցման: Սա պարզապես նախկին ահամաձայնությունների վրա շղարշ է, որ տեսեք ՌԴ-ն ինչ-որ դրական բան է արել Հայաստանի համար: Իսկ այդ որոշման ընդունումը պայմանավորված էր փոխարժեքի տատանումների հետ: Սպառողի վրա ոչ մի կերպ չի անդրադառնալու: Գազի գինը էժանանալու է սահմանի վրա, բայց չէ որ սահմանից մինչև շարքային սպառողին տեղափոխումն իրականացնում է «Գազպրոմ Արմենիան»: Իսկ իջեցման տրամաբանությունը հետևայալն է. դրամ-դոլար հարաբերակցությունը փոփոխվել է և այս պարագայում«Գազպրոմ Արմենիան» պետք է դիմեր սակագինը բարձրացնելու համար: Եվ որպեսզի չդիմեր սակագինը բարձրացնելու առաջարկով, ռուսների հետ համաձայնության արդյունքում գազի գինը իջեցվեց, որ ընկերությունը էժան գնով բնակչությանը մատակարարի գազ: Բնակչության համար որևէ փոփոխություն չի լինի»,- մանրամասնեց տնտեսագետը:

Նրա խոսքով` եթե համաձայնագիրը ապրիլին չկքնվեր, գազի գինն անխուսափելիորեն թանկանալու էր, չնայած նրան, որ միջազգային շուկայում գազի գինը նվազում է. «Այդ պատճառով լուծում գտնվեց, ՀՀ իշխանությունները բանակցեցին և փորձեցին գազի սակագինն իջեցնել և թանկացումը թույլ չտալ»:

Ըստ տնտեսագետի` ստացվում է` ռուսական կողմը փորձում է այնպես անել, որ «Գազպրոմ Արմենիա»-ն, որը ռուսական «Գազպրոմ» ընկերության դուստր ձեռնարկությունն է Հայաստանում, իր շահույթը չկորցնի. «Եվ ներկայացնել, թե դա ինչ-որ բարեգործություն է կամ դրական վերաբերմունք, ճիշտ չէ: Ռուսաստանն այս առումով խնդիր ունի, քանի որ Ուկրաինան էլ է հրաժարվում Ռուսաստանից գազ ձեռք բերել, նույն Չինաստանն էլ մեծ հաշվով էժան գներ է պահանջում, քան ՌԴ ներպետական գներն են»:

Արտակ Մանուկյանի խոսքով` եթե ՌԴ-ն իրոք ռազմավարական դաշնակից է, ապա թող որոշում կայանցնի, որ ԱՊՀ երկրների տարածքում դոլարով առևտուր չկատարվի. «Ինչու չեն ամրագրում ռուսական ռուբլով: Հհասկանալի է, որ հիմա գազի գինը թանկանալու է, որովհետև դոլարով է ֆիքսվում մեր Կենտրոնական բանկում, իսկ դոլար- դրամ փոխարժեքը բարձրանում է և գազի գինը կբարձրանա: Դա Ռուսաստանին դա ձեռնտու չէ: Այ սա կլիներ քաղաքական կամ դիվանագիտական բնույթի բարի կամքի դրսևորում»:

Քրիստինա Աղալարյան




Լրահոս