«Ոչ սահմանադրական փոփոխություններին» նախաձեռնությունը պահանջում է օրակարգից հանել նախագիծը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Սահմանադրության այս նախագիծը, որն ներկայացվել է հանրությանը, ի սկզբանե անընդունելի էր: Անընդունելի էր ոչ թե բովանդակային պատճառով, այլ թե ինչպես է ձևավորվել և ինչ խողովակներով է ներկայացվել հանրությանը»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով Սահմանադրական բարեփոխումներին, նշեց «Ոչ սահմանադրական փոփոխություններին» նախաձեռնող խմբի անդամ Արա Պողոսյանը:

Նրա խոսքով` Սահմանադրությունն իրենից ներկայացնում է ազգային ծրագիր, որն իր մեջ ամփոփում է ազգային նպատակները, իդեալները, երազանքներն ու ազգային զարգացման ծրագրերը:

«Սահմանադրությունը որպես ազգային ծրագիր պետք է հոդված առ հոդված ստեղծվի ժողովրդի կողմից: Այս դեպքում այն, ըստ էության, կդառնա ազգային ծրագիր»,-ասաց նա:  Պողոսյանը նշեց, որ դեմ լինելով Սահմանադրության այս նախագծին չպետք է կարծիք ձևավորվի, որ նախաձեռնությունը կողմ է գործող Սահմանադրությանը: Ըստ նրա այն ևս ունի բացթողումներ: Պողոսյանը հավելեց, որ իրենց պայքարը ի սկզբանե չի եղել ու չի լինի անձնավորված:

«Մենք չենք պայքարելու ընդդեմ ինչ-որ մեկի, պայքարում ենք հանուն գաղափարի, հանուն հայ ժողովրդի: Մեր հորդորն է իշխանություններին դուրս գալ այն բանտից, որ փակվել են և անսալ ժողովրդի ձայնին»,-նշեց նա: Վերջինիս խոսքով` նախաձեռնությունը իրազեկումներ է իրականացրել ոչ միայն մայրաքաղաքում, այլև Հայաստանի այլ շրջաններում:

«Կա համագործակցություն «Չեք անցկացնի» նախաձեռնության հետ, մյուսների հետ կան պայմնավորվածություններ: Սեպտեմբերի 10-ին Ազատության հրապարակում հանրային քննարկում ենք կազմակերպելու, որտեղ հրավիրված են լինելու տարբեր նախաձեռնությունների, ինչու չէ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, հասարակ քաղաքացիներ»,-իրենց առաջիկա անելիքների մասին հայտնեց Պողոսյանը:

«Ոչ սահմանադրական փոփոխություններին» նախաձեռնության հիմնական պահանջները՝ Պողոսյանի ներկայացմամբ, հետևյալն է՝ օրակարգից հանել ներկայացվող նախագիծը և լուծարել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը, քանի որ այն, ըստ նախաձեռնության, չի ներկայացնում ազգային շահերը:




Լրահոս