Նախօրեին՝ ուշ երեկոյան, հայտնի դարձավ, որ Տավուշի մարզի հայ-ադրբեջանական դիրքերի ողջ երկայնքով մեկ հակառակորդը գնդակոծում եւ հրետանակոծում է սահմանամերձ հայկական գյուղերը: Դեռեւս կեսգիշերին արդեն հայտնի էր, որ ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի հրազենից բացի՝ օգտագործել էր նաեւ հրետանի, ինչի արդյունքում սահմանամերձ գյուղերում բազմաթիվ տներ էին վնասվել: Իսկ արդեն առավոտյան հայտնի դարձավ, որ գնդակոծությունների եւ հրետանակոծումների արդյունքում զոհվել է 1975 թվականին ծնված, պայմանագրային զինծառայող Հայկ Կառլենի Թեւոյանը, իսկ Կոթի գյուղի բնակիչներ, մայր եւ որդի Նազիկ Պետրոսյանն ու Ռազմիկ Թումանյանը վիրավորվել էին: Հասկանալի է, որ գնդակոծված եւ հրետանակոծված գյուղերի բնակիչները նախօրեից ահաբեկված վիճակում են: Ուստի այս տեսանկյունից ուշագրավ էր, թե ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներն ինչ քայլեր կձեռնարկեն՝ մարդկանց հանգստացնելու եւ քաջալերելու համար, որպեսզի առանց այն էլ կիսադատարկված գյուղերի բնակիչները կրկին չորոշեն իրենց բնակավայրերը լքել: Սակայն օրն անցավ, իսկ պաշտոնական աղբյուրները լռում էին: Կարելի էր կարծել, որ նախօրեին տեղի ունեցածը հրադադարի խախտման սովորական դեպք է եղել: Բայց, դե, մյուս կողմից էլ, հաշվի առնելով այն փաստը, որ ՀՀ պաշտոնյաների մեծ մասը տարբեր ձեւերով բանակից «փախած» անձինք են, ուստի նրանցից վերաբերմունքը լիարժեք սպասելի էր: Այսօր-վաղը, եթե արդեն համոզվեն, որ այլեւս չեն կրակում, կրկին սահման գնացող պաշտոնյաների հերթեր կկուտակվեն:
Հ. Գ. Այնուամենայնիվ, բոլորի մոտ հարց է առաջանում՝ ինչո՞ւ Ադրբեջանը էլի սկսեց ակտիվանալ: Պատճառը, թերեւս, պարզ է՝ նախագահ Իլհամ Ալիեւը փորձում է իր թիմին ցույց տալ, որ պաշտոնական Մոսկվան ամենեւին էլ Հայաստանի պաշտպանը չէ, եւ Ադրբեջանը կարող է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ Բաքվում գտնվելու օրերին գնդակոծել Հայաստանը: Բացի այդ՝ իրականում Ալիեւն իր իշխանությունը երկարաձգելու որեւէ այլ շանս չունի, քան պատերազմ հրահրելը:
Սերժ Սարգսյանը երեկ իր մոտ էր հրավիրել մեծամասնական ընտրակարգով պատգամավոր դարձած եւ ներկայումս ոչ մի խմբակցությունում չընդգրկված պատգամավորներին` թվով 10 հոգու: Նրանք այն պատգամավորներն են, ովքեր այդպես էլ չեն հասկանում, թե ապագա խորհրդարանում իրենց մանդատների խնդիրն ինչպես է լուծվելու: Բայց «այցելուները» նախագահականից դուրս են եկել «բավարարված» եւ երջանիկ դեմքերով: Սակայն, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, նրանք այդպես էլ չեն ստացել իրենց համար կարեւոր հարցի պատասխանը` կոնկրետ ինչպես է լուծվելու իրենց ապագա պատգամավորական մանդատների խնդիրը: Սերժ Սարգսյանն այդպես էլ չի «գաղտնազերծել», թե ԱԺ ապագա ընտրությունները համամասնական ընտրակարգի կոնկրետ ինչ տարբերակով են անցկացվելու: Նա ասել է, որ հարցերի պատասխաններն հայտնի կլինեն նոր Սահմանադրության նախագիծը ընդունելուց հետո միայն: Այլ կերպ ասած՝ հասկացրել է, որ ապագա ԱԺ-ում մանդատ ունենալու համար նախ պետք է սահմանադրական փոփոխությունների համար «լավ աշխատել»:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ գյումրեցի Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի պատժի կրման հարցում Հայաստանի եւ Ռուսաստանի դատախազությունները վերջնական համաձայնության են եկել: Ըստ այդմ, մինչեւ դատավարության ավարտը եւ Պերմյակովի նկատմամբ արձակվելիք դատավճռի ուժի մեջ մտնելը, կալանքի տակ գնվելիս նա կշարունակի պահվել ՌԴ-ի` Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայում: Իսկ դատավճռի ուժի մեջ մտնելուց հետո Պերմյակովը կհանձնվի Հայաստանի իրավապահներին եւ իր պատիժը կկրի ՀՀ քրեակատարողական հիմնարկներից մեկում: Հիշեցնենք, որ Պերմյակովի գործը ՀՀ իրավապահներին հանձնելուց հետո, երբ արդեն հստակ պարզ դարձավ, որ նրա դատավարությունը տեղի է ունենալու ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, միակ չլուծված հարցը մնացել էր այն, թե դատավարությունից հետո նա որտեղ է կրելու պատիժը: Ինչպես պարզեցինք՝ այս հարցը եւս փաստորեն լուծվել է:
Երեկ մեկնարկեցին «Շանթ-2015» լայնամասշտաբ զորավարժությունները: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ զորավարժությունների շրջանակներում նախատեսված առավել ակտիվ գործողությունները տեղի կունենան հենց այսօր: Մասնավորապես, Երեւանի տարբեր հատվածներում կկազմակերպվեն պատերազմի ժամանակ անհրաժեշտ գործողությունների խաղարկային կրկնություններ` մի շարք կարեւոր օբյեկտների աշխատակիցներ կտարհանվեն, հիվանդանոցներում հրատապ կավելացվեն մահճակալների թիվը` ենթադրյալ վիրավորների ընդունման համար, մարզերում խրամատներ կփորեն եւ այսպես շարունակ: Սակայն խաղարկային այդ ամբողջ գործընթացները դժվարացնելու է այն, որ կարող է խուճապ առաջացնել ՀՀ բնակչության շրջանում` հաշվի առնելով վերջին երկու օրերին սահմանի լարված վիճակը: Թերեւս լրագրողների հիմնական դերը, որոնք առավոտից լուսաբանելու են ՀՀ պաշտպանության նախարարությունում զորավարժությունների հետ կապված ասուլիսները, այն է, որ թույլ չտան՝ բնակչության շրջանում խուճապ սկսվի: Հուսանք՝ պաշտոնական աղբյուրները կտրամադրեն անհրաժեշտ տեղեկությունները:
ԱՆԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ
Վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին չդադարող կրակոցները, որոնց ընթացքում ազերիներն արդեն կիրառում են ականանետեր եւ թուրքական արտադրության նոր հրթիռային համակարգ, կարծեք թե, նվազելու միտում չունեն:
Այս չդադարող, ՊՆ մամուլի խոսնակի բնորոշմամբ` հիբրիդային պատերազմը, որը մեկնարկեց անցած տարվա հուլիսի վերջից, ցույց է տալիս, որ Ադրբեջանը քայլ առ քայլ ե՛ւ միջազգային հանրությանը, ե՛ւ սեփական ժողովրդին նախապատրաստում է պատերազմի: Սակայն այս հանգամանքը, չգիտես ինչու, հայկական կողմին չի մտահոգում: Համենայն դեպս, հրապարակային հայտարարություններում ասվում է, թե սա ադրբեջանի սովորական, ոչ մի տեղ չտանող գործելաոճն է, որի նպատակն ընդամենը Հայաստանում հյուծիչ եւ խուճապային մթնոլորտ ձեւավորելն է: Եթե անգամ դա այդպես է եւ ոչ ավելին, ապա պետք է նկատել, որ Ադրբեջանը զգալիորեն հաջողում է իր նպատակներում, քանի որ ամեն օր սահմանին նոր գնդակոծության եւ նոր զոհերի ու վիրավորների մասին տեղեկատվություն ստացող հայաստանցիների ոչ փոքր մասը մտածում է երկրից հեռանալու եւ սեփական ընտանիքի անվտանգությունը հոգալու մասին: Առավել եւս, որ այդ քայլին նրանց դրդում է նաեւ սեփական իշխանությունը՝ երկրի տնտեսական անկման հետզհետե խորացող ընթացքով եւ «ժանտախտի» ժամանակ սահմանադրական «խրախճանքներ» անելով:
Ուստի, եթե ՀՀ իշխանությունները չեն ցանկանում, որ Հայաստանը է՛լ ավելի դատարկվի, նրանք պարտավոր են հզոր հակահարված տալ ադրբեջանական այս մարտավարությանը: Տարեսկզբի լարվածության օրերին, ինչպես հիշում եք, Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ հայկական կողմն այսուհետ իրեն իրավունք է վերապահում Ադրբեջանի նման լկտի պահվածքի դեպքում իրականացնել կանխարգելիչ հարվածներ: Երկրի գերագույն գլխավոր հրամանատարի այս հայտարարությունը երկրորդեց նաեւ ՀՀ պաշտպանության նախարարը` հրամանատարներին նաեւ ընձեռելով տեղում որոշում կայացնելու եւ հակահարվածներ հասցնելու իրավունք: Անցած ավելի քան կես տարվա ընթացքում, սակայն, հայկական կողմից որեւէ կանխարգելիչ հարվածի մասին հայ հանրությունը տեղեկացված չէ, թեեւ դրա առիթների պակաս չի եղել:
Արդ, որն է պատճառը, որ հայկական զինուժը մշտապես արձագանքողի դիրքերում է, եթե սրանով մենք միջազգային հանրությանը փորձում ենք ապացուցել, թե մենք խաղաղասեր ենք, ապա անցած տարիների հայկական կողմի կեցվածքը պետք է որ արդեն բավարար լիներ՝ դա ցույց տալու եւ միջազգային կառույցների` Ադրբեջանին ուղղված կոշտ արձագանքը ստանալու համար: Նման բան, սակայն, մինչ օրս չի եղել, փոխարենն անգամ երկրի նախագահի կողմից «կանխարգելիչ հարվածների» մասին հայտարարությունից հետո պատասխանողի այս մարտավարությունն այլեւս ընկալվում է որպես թուլության նշան ոչ միայն դրսում, այլեւ, որ ամենավտանգավորն է, հենց երկրի ներսում: