Երևանում բացվել է ԱՊՀ երկաթուղային տրանսպորտի խորհրդի հանձնաժողովի նիստը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 8-ին Երևանում բացվել է ԱՊՀ երկրների երկաթուղային տրանսպորտի խորհրդին կից գործող երկաթուղային տրանսպորտում անվտանգության հարցերով հանձնաժողովի նիստը:
Խորհրդակցության ընթացքում մասնակիցները կքննարկեն անվտանգության կանոնների խախտման դեպքերում գործող և տեխնիկական փորձաքննություններ անցկացնող մասնագիտական խմբի գործունեությանը, արգելակային սարքավորումների տեխնիկական սպասարկման կանոնների փոփոխմանը, երկաթուղային տրանսպորտի կարիքների համար մատակարարվող ապրանքների և ծառայությունների որակին վերաբերվող հարցեր:

Մասնակիցներին ողջունեց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը, ով նշեց, որ գնացքների անվտանությունը առանցքային խնդիր է հանդիսանում ցանկացած երկաթուղու, այդ թվում, ՀԿԵ-ի համար:
Գլխավոր տնօրենը հիշեցրեց, որ 2009 թվականին, երբ ՀԿԵ-ն նոր էր սկսում իր աշխատանքը Հայաստանում, տարեկան գրանցվում էր գնացքների գծերից դուրս գալու 96 դեպք, 2014 թվականին գրանցվել էր միայն 9 դեպք, իսկ 2015 թվականին նման դեպքեր չեն արձանագրվել: Վիկտոր Ռեբեցը ներկայացրեց նաև այլ վիճակագրություն. եթե 2008 թվականին գրանցվել էր անբավարար գնահատական ունեցող 236 կիլոմետր գիծ, ապա ներկա պահին նման կիլոմետրերը միայն վեցն են: Ինչպես նշեց ընկերության տնօրենը, գծի վիճակի բարելավումը պայմանավորված է կատարվող վերանորոգման աշխատանքներով, ճիշտ ընթացիկ սպասարկումով և տեխնոլոգիական աշխատանքներով:

ՀԿԵ գլխավոր տնօրենի խոսքով, Ընկերությունը վերանորոգել է 400 կմ գիծ, փոխել է 700 հազար կոճղ, իսկ միջին արագությունն ավելացել է մինչև 34 կմ/ժ:
– Նիստի ընթացքում դուք կծանոթանաք Հարավկովկասյան երկաթուղու մի շարք օբյեկտների գործունեությանը, կայցելեք Երևանի լոկոմոտիվային դեպո, Ենթակառուցվածքի ախտորոշման կենտրոն, Ուսուցման ճանապարհային կենտրոն, – ասաց Վիկտոր Ռեբեցը:
Երևանյան նիստին մասնակցում են Բելառուսի, Վրաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի, Մոլդովայի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Ուկրաինայի երկաթուղիների ներկայացուցիչները:

Հանձնաժողովի հիմնական խնդիրներն են միջազգային երկաթուղային հաղորդակցությունում անվտանգության ապահովման ոլորտում միասնական քաղաքականության մշակումը, երթևեկության անվտանգության հարցերի համակարգումը, երկաթուղային տրանսպորտում անվտանգության ապահովմանն ուղղված առաջարկների մշակումը:

Կառույցի իրավասությունների մեջ են մտնում մասնավորապես անվտանգ երթևեկությանը վերաբերվող հիմնական փաստաթղթերի մշակումն ու հաստատումը, տրանսպորտային պատահարների, ենթակառուցվածքի և շարժակազմի վիճակի մասին տեղեկատվության հավաքագրումը, համակարգումը և վերլուծությունը, արտակարգ պատահարների դեպքերում գնացքների երևեկության կազմակերպման վերաբերյալ առաջարկությունների մշակումը, շարժակազմում և ենթակառուցվածքներում անվտանգության նոր համակարգերի և սարքավորումների կիրառումը:




Լրահոս