ԱՐՄԵՆ ԵՐԻՑՅԱՆԸ ՏԱՎՈՒՇՈՒՄ ՉԷ, ԲԱՅՑ ՀԵՏԵՎՈՒՄ Է ԻՐԱՎԻՃԱԿԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հորդորեց խուճապի չմատնվել սահմանին տիրող լարվածության հետ կապված, նաեւ հավաստիացրեց, որ իրավիճակը գտնվում է ՀՀ իշխանությունների շուրջօրյա հսկողության տակ:

-Պարո՛ն Երիցյան, մի քանի օր է, ինչ Տավուշի մարզի գյուղերը ադրբեջանական զինուժի կողմից ռմբակոծվում են, ինչի արդյունքում կան վիրավորներ, եւ բացի այդ՝ սահմանագոտու բնակիչները նյութական վնասներ են կրում: Ի՞նչ եք անում Դուք` որպես ՏԿԱԻՆ նախարար, ինչո՞ւ որեւէ կերպ չեք արձագանքում կատարվածին, ինչո՞ւ Տավուշի մարզում չեք, գյուղացիների կողքին:
-Հեշտ է մեղադրանքներ հնչեցնելը, երբ այս ուղղությամբ մեր կատարած աշխատանքը հրապարակային չէ: Ուղղակի կցանկանայի մեկ անգամ եւս Ձեզ եւ մյուս լրագրողներին հիշեցնել, որ հակամարտությունների գոտիներում, մասնավորապես, երբ իրավիճակը սրվում է, գործում են հանրային իրազեկման այլ սկզբունքներ, որոնք ենթադրում են տեղեկատվության որոշակի սահմանափակումներ: Խորհուրդ կտայի բջջային հեռախոսներով քիչ կապվել գյուղապետների հետ ու իրավիճակի վերաբերյալ քննարկումներ կազմակերպել: Ես՝ որպես ՏԿԱԻ նախարար, պաշտոնապես հայտարարում եմ, որ իրավիճակն ամբողջությամբ գտնվում է իմ հսկողության տակ, ամենայն մանրամասնությամբ տիրապետում եմ իրավիճակին, եւ տրվում են կոնկրետ, նպատակային, իրավիճակային ու համակարգային հանձնարարականներ: Կառավարման իմ թիմն ամբողջությամբ ներգրավված է: Իհարկե, շատ բնական է հնչում հարցը, թե ինչու ես հիմա Տավուշում չեմ: Որովհետեւ չորս տարվա տքնաջան աշխատանքից հետո այս օրերին մեկնարկել է հայկական փրկարար ուժերի որակավորման վարժանք-քննությունը, որը հաջող հանձնելու դեպքում մենք կդառնանք ՄԱԿ-ի քաղաքային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի՝ ԻՆՍԱՐԱԳ-ի (INSARAG) անդամ՝ 33-րդը: Դա շատ մեծ պատիվ է ու գնահատական: Բազմաթիվ բարձրաստիճան փորձագետներ են եկել աշխարհի տարբեր երկրներից, եւ մեկ երկու օրից, ես հույս ունեմ, որ կհայտարարենք հերթական փորձության հաղթահարման մասին: Զուգահեռ ուշադրությունս կենտրոնացած է Տավուշի մարզում ծավալվող իրադարձությունների վրա:
-Իսկ Տավուշի սահմանագոտու գյուղացիների վնասներն ինչպե՞ս են փոխհատուցվելու, արդյո՞ք արդեն հստակեցված է կորուստների չափը:
-Նախ ուզում եմ նշել, որ եթե ես այս պահին Տավուշում չեմ, դա դեռ չի նշանակում, որ ես տեղյակ չեմ, թե ինչ կորուստներ են եղել, ու գյուղացին ինչ վիճակում է գտնվում: Բոլոր հանձնարարականները տվել եմ Տավուշի մարզպետին, նրա հետ մշտապես կապի մեջ եմ, գիտեմ, թե ամեն վայրկյան ինչ է կատարվում, մարզպետն ինձ դրա մասին զեկուցում է: Գյուղերի կրած վնասների մասին տեղյակ եմ, բոլորն էլ գիտեն, որ նման դեպքերում հանձնաժողով է ձեւավորվում, գնահատվում են վնասները, ու արդյունքները ներկայացնում կառավարություն: ՄԵնք մեր գործը լավ գիտենք ու գիտենք, թե այդ պահին ինչ է պետք անել: Եթե մենք ամեն ինչի մասին բարձրաձայնենք, ասենք մեր քայլերի ու անելիքների մասին, ապա հեշտացնելու ենք հակառակորդի գործը: Ասեմ նաեւ, որ մեր բանակը շատ լավ գիտի իր գործը ու գիտի, թե որ պահին ինչ է պետք անել: Հակառակորդին մշտապես էլ տրվում են արժանի պատասխաններ, մեր բանակը զգոն է, տիրապետում է իրավիճակին, որը մեզ վստահություն եւ ուժ է տալիս՝ մեր պարտականությունները հանգիստ ու հստակ իրականացնելու:
-Այնուամենայնիվ, որպես արտակարգ իրավիճակների նախարար ինչ եք կարծում՝ ի՞նչ պետք է անել հիմա, երբ ադրբեջանական կողմն արդեն սկսել է հզոր զինատեսակներ կիրառել:
-Առաջին հերթին՝ բացառել խուճապը: Ես բազմիցս եմ ասել, որ արտակարգ իրավիճակներում չպետք է խուճապի մատնվել, դա ամենավատ բանն է նման իրավիճակներում: Բոլորն էլ գիտակցում են, թե ինչ է տեղի ունենում, բոլորս էլ հասկանում ենք պահի լրջությունը, բայց սխալ է, երբ նման դեպքում հանրությունը սկսում է խուճապի մատնվել: Հավատացեք՝ խուճապի պատճառով ոչ թե իրավիճակը հարթվում է, այլ ավելի է լարվում: Նման իրավիճակում պետք է բացառել ինքնագործունեությունը, անհիմն ու ապակողմնորոշող հայտարարությունները, կոչերը, մեղադրանքները, անպատասխանատու գործողությունները: Դա, նվազագույնը, պրոֆեսիոնալ չէ, էլ չեմ խոսում բացասական հետեւանքների մասին: Հավատացնոմ եմ Ձեզ, որ մեզնից յուրաքանչյուրը շատ հստակ պատկերացնում է իր գործառույթը, իր առաքելությունը, իր կոչումը: Մենք այս երկրի զավակն ենք, այս փոքր ընտանիքի անդամը: Շատ ցավալի է, որ մենք կորուստներ ենք ունենում, խորին հարգանք ու խոնարհում զոհվածների ընտանիքներին: Բայց ով չի հասկանում ու խորությամբ գիտակցում, որ մենք չհայտարարված պատերազմի մեջ ենք:
-Պարո՛ն Երիցյան, սեպտեմբերի 4-ը ԱԻՆ, իսկ հիմա արդեն՝ ՏԿԱԻՆ աշխատակցի օրն է, ի՞նչ հասցրեցիք ու չհասցրեցիք անել այս տարիների ընթացքում:
-Մեծ երազանք ունեմ՝ կառուցել աղետակայուն, հզոր, բարեկեցիկ, մրցունակ ու կայուն զարգացող, շենացող ու երջանիկ երկիր եւ ամեն օր ջանք չեմ խնայում, որ ունենանք այդ երկիրը: Մենք այս ընթացքում շատ աշխատանք ենք կատարել ու չենք դադարեցնելու մեր աշխատանքները, մենք դեռ շատ գործ ունենք անելու:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 

 

 

 

ԽՐԱԽՃԱՆՔՆԵՐԻ ՓՈԽԱՐԵՆ ԲԱՆԱԿԻ ԿԱՐԻՔՆԵՐԸ ՀՈԳԱՑԵՔ

Երկու տարի առաջ՝ սեպտեմբերի 3-ին, բոլորի, անգամ ՀՀԿ-ի ղեկավարության համար անսպասելի կերպով Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանը անդամակցելու է Եվրասիական տնտեսական միությանը: Մի քանի օր շոկի մեջ գտնվող ՀՀԿ-ականները, սակայն, ավելի ուշ սկսեցին իրենց ղեկավարի այդ որոշումը պատճառաբանել ՀՀ անվտանգության հիմնախնդիրներով եւ ԵՏՄ-ին անդամակցության դեպքում դրանց լուծման միակ հնարավորությամբ:

Սակայն հատկապես անցած մեկ տարվա ընթացքում սահմանային աննախադեպ լարված վիճակն ու շարունակական բախումները ցույց տվեցին, որ ԵՏՄ-ին անդամակցությունից հետո ՀՀ անվտանգության ապահովման մակարդակն առանձնապես չի փոխվել: Եվ այսօր շատերի մոտ հարց է առաջանում, արդյոք ԵՏՄ-ին անդամակցելով` Հայաստանը բարձրացրեց իր անվտանգության մակարդակը: Այս հարցի պատասխանը «Ժողովուրդ»-ը փորձեց ստանալ ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանից:
-Պարո՛ն Շիրխանյան, ԵՏՄ-ին անդամակցելու Սերժ Սարգսյանի որոշումից հետո ՀՀ ողջ ղեկավար կազմը պնդում էր, թե դա անհրաժեշտ է մեր երկրի անվտանգության համար, որ ԵՏՄ-ն մեզ ավելի մեծ անվտանգության երաշխիքներ է տալու: Անցած մեկ տարվա ընթացքում, սակայն, մենք ականատես ենք լինում հակառակ դինամիկայի: Ըստ Ձեզ՝ որն է պատճառը:
-Ինչու է Ձեզ թվում՝ եթե մտել ենք ԵՏՄ կազմի մեջ, ապա սահմանին գնդակոծությունները, կրակոցները պետք է դադարեին, եւ դրա պատասխանատուն պետք է լինի Ռուսաստանը: Ինչո՞ւ Իսրայելը մինչեւ հիմա պատերազմի մեջ է, եւ երաշխավորը Միացյալ Նահանգներն է, բայց մինչեւ հիմա շարունակվում է արյունահեղությունը, կոտորածները, եւ նրանք չեն ասում՝ Ամերիկա՛, արի՛ պատասխան տո՛ւր: Ի՞նչ է նշանակում՝ Ռուսաստանը ԵՏՄ է, պետք է մեր անվտանգությունն ապահովի, եւ մեր կրակոցները դադարեն: Դա սխալ մոտեցում է:
-Բայց խնդիրն այն է, որ ԵՏՄ-ին անդամակցությունը ՀՀ իշխանությունները նախ եւ առաջ հիմնավորում էին հենց անվտանգության խնդիրների լուծմամբ, եւ ոչ թե տնտեսական առաջնահերթություններով:
-Իշխանությունները հայտարարել էին, որ ԵՏՄ-ին անդամակցությունը զգալիորեն կբարձրացնի մեր անվտանգության ապահովության աստիճանը: Անվտանգության ապահովում նշանակում է ոչ թե սահմաններին կրակոցների բացակայություն, այլ ուրիշ բան: Մենք պետք է ճիշտ ներկայացնենք իրական պատկերը՝ ինչու են դրանք լինում, ովքեր են դրանց մեղավորները, ինչպես պատժել եւ ինչպես կանխել՝ բացարձակապես հույս չդնելով Ռուսաստանի կամ մեկ այլ պետության վրա: Բախտավոր կլինեինք, եթե աշխարհում լիներ մի հատ անկողմնակալ, արդար միջազգային դատական ատյան եւ այդ մարդուն դատեին, որպես շարունակական ահաբեկչություններ իրականացրած ահաբեկիչ: Հայաստանի եւ հայության խնդիրը համախմբումն է եւ միասնական ճակատ կազմելը, բանակին թիկունք լինելը: Աջ ու ձախ վատնումները, խրախճանքները ե՛ւ դադարեցնելն է, ե՛ւ այդ ամենով բանակի կարիքները հոգալը, ռազմական անվտանգությունն ամրապնդելն է: Սա է մեր խնդիրը:

Զրուցեց ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ

 

 

 

 

ԳՈՐԾԱՐԱՐ ԿԻՆԸ՝ ԴԱՏԱՎՈՐ
ՀՀ վարչական դատարանի 33-ամյա դատավոր Անի Հարությունյանը, չնայած իր երիտասարդ տարիքին, բավականին պատկառելի ունեցվածք է կուտակել: Անի Հարությունյանի դրամական միջոցները, ըստ նրա պաշտոնական հայտարարագրի, կազմել են 62 մլն դրամ, 350 հազար դոլար եւ 200 հազար եվրո: Սրան զուգահեռ նշենք, որ երիտասարդ դատավորի ամսական աշխատավարձը կազմում է 420 հազար դրամ: Անի Հարությունյանը նախորդ տարվա ընթացքում նաեւ ստացել է 6 մլն 231 հազար դրամի եկամուտ, ըստ հայտարարագրի, վարձակալության դիմաց: Ստացել է նաեւ փոխառություններ` 37 հազար դոլար եւ 5 մլն դրամ: Բայց սա դեռ ամենը չէ: Պարզվում է, որ կին դատավորը 2013 թվականին պաշտոնը ստանձնելիս հայտարարագրել է 7 հատ բնակարան, 3 հատ հասարակական նշանակության շինություն, «Volkswagen touareg 4.2» մակնիշի ավտոմեքենա, ինչպես նաեւ՝ բաժնետոմսեր` 27 մլն 900 հազար դրամ եւ 50 հազար դրամ: Մի խոսքով, Անի Հարությունյանը բոլոր հիմքերն ունի կոչվելու հաջողակ կին գործարար, բայց նա որոշել է լինել դատավոր:

 

ԱԿՏԻՎԻՍՏԻ ԴԵՄ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ «Ներազգային ազատագրական շարժման» ղեկավար Վահան Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով` վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակությունը, որը պատժվում է ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով: Երեկ «Ժողովուրդ»-ը գրել էր, որ Վահան Մարտիրոսյանը հրավիրվել է ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժին: Իսկ պատճառը եղել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի գիտաշխատող Ռուզան Մարգունու հաղորդումը: Հիշեցնենք, որ օգոստոսի 15-ին Վահան Մարտիրոսյանը հայտարարել էր, թե ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի թիկնապահներն իրեն եւ կնոջը ծեծի են ենթարկել: Դրանից հետո նա ժամանակավոր բնակվել էր Ռուզան Մարգունու տանը: Նրանց հեռանալուց հետո կինը դիմել էր իրավապահներին եւ տեղեկացրել, որ իր բնակարանից 3820 դոլար գումար է անհետացել: Ի դեպ, Վահան Մարտիրոսյանը հանրապետությունից չբացակայելու ստորագրությամբ ազատ է արձակվել:

 

ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ՏՈՒԳԱՆԵԼ ԵՆ
«ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ ֆինանսների նախարարությունը տուգանել Է «Հայաստան» համահայկական հիմնադրամին: Պարզվում է՝ 2015 ապրիլին հիմնադրամի անունով Հայաստան են ներմուծվել խառը ապրանքներ, որոնք մաքսային ծառայության կողմից վերցվել են ժամանակավոր պահպանման` 4 ամիս ժամկետով: Սակայն հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանը մինչ պահպանման ժամկետի ավարտը ապրանքների մաքսային հայտարարագիրը չի ներկայացրել: Արդյունքում մաքսային ծառայությունը որոշել է 50 հազար դրամի չափով տուգանել «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրենին:




Լրահոս