ՆՐԱՆՔ ԵՐՋԱՆԻԿ ԵՆ. «ԱՌԱՋՆՈՐԴՆ» ԻՐԵՆՑ ՉԻ ՄՈՌԱՑԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խորհրդարանի խմբակցություններում չընդգրկված եւ ԲՀԿ-ից դուրս եկած պատգամավորները` թվով 10 հոգի, երեկ հրավիրվել էին Սերժ Սարգսյանի հետ հանդիպման: Նրանք են՝ Արայիկ Գրիգորյանը, Գրիգորի Մարգարյանը, Բազմասեր Առաքելյանը, Մարտուն Գրիգորյանը, Մուշեղ Պետոյանը, Դավիթ Քոչարյանը, Ռուստամ Գասպարյանը, Արագած Ախոյանը, Կարո Կարապետյանը եւ Հարություն Ղարագյոզյանը: Վերջիններս հնարավորություն էին ստացել «առաջին ձեռքից» պարզելու, թե իրենց ճակատագիրն ինչ է լինելու:

«Ժողովուրդ»-ն արդեն գրել է, որ ավանդաբար մեծամասնական ընտրակարգով խորհրդարանում տեղ զբաղեցնող պատգամավորների շրջանում այս օրերին խուճապային տրամադրություններ են տիրում, քանի որ նրանք չեն պատկերացնում, թե իրենց հետագա ճակատագիրն ինչ է լինելու: Մեծամասնական մանդատների գերակշռող մեծամասնությունը, որպես կանոն, բաժին է հասել իշխանական թեկնածուներին, որոնք ներկայացրել են ՀՀԿ-ն կամ ԲՀԿ-ն: Այս տարվա սկզբին ԲՀԿ-ի հետ տեղի ունեցած իրադարձությունների ընթացքում մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորների մի մասն այդ կուսակցությունից դուրս եկավ: Իհարկե, հետագայում ԲՀԿ-ի հետ կապված կրքերը հանդարտվեցին, եւ այս կուսակցությունը նորից սկսեց վայելել ՀՀ իշխանությունների բարեհաճությունը, սակայն դուրս եկածներն այլեւս չվերադարձան: Մյուս կողմից էլ, ինչպես հայտնի է, նոր Սահմանադրության նախագծով նախատեսվում է, որ խորհրդարանը պետք է ընտրվի բացառապես համամասնական ընտրակարգով: Իշխանական շրջանակներից պարբերաբար լուրեր են շրջանառվում այն մասին, որ սահմանադրական փոփոխությունները կյանքի կոչելուց հետո, երբ կընդունվի նոր ընտրական օրենսգիրքը, խորհրդարանի ընտրությունների այնպիսի կարգ է սահմանվելու, որը հնարավորություն կտա համամասնական եւ մեծամասնական ընտրակարգերը միախառնել: Սակայն ոչ մի հստակ տեղեկություն չկա, թե այդ համակարգը կոնկրետ ինչպիսին է լինելու:
Արդյունքում, տարիներ շարունակ իշխանություններին ծառայելով՝ արեւի տակ իրենց տեղն ապահովող պատգամավորները չէին կարող ձեռքները ծալած նստել եւ այնքան էին աջ ու ձախ դժգոհել, մինչեւ նրանց հրավիրել էին նախագահական` Սերժ Սարգսյանի հետ հանդիպման:
Իհարկե, Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից նրանք դուրս են եկել լիարժեք «բավարարված», սակայն, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, այդպես էլ չեն կարողացել պարզել, թե իրենք ինչպես են իրենց մանդատների խնդիրը լուծելու: Սերժ Սարգսյանը նրանց խոստացել է «անտեր» չթողնել եւ ասել է, որ նրանք կարող են երկու կուսակցություններից` ՀՀԿ-ից կամ ԲՀԿ-ի համամասնական ցուցակում տեղ զբաղեցնել: Բայց թե կոնկրետ ինչպես է լուծվելու մեծամասնական եւ համամասնական ընտրակարգերի միախառնման հարցը, Սերժ Սարգսյանն այդպես էլ չի ասել: Նա ասել է, թե այդ հարցը դեռ որոշված չէ եւ կպարզվի նոր ընտրական օրենսգրքի նախագիծը մշակելիս: Բայց միաժամանակ Սերժ Սարգսյանը «մեծամասնականներին» հասկացրել է, որ նրանք ցուցակներում ընդգրկվելու դեպքում պարտավոր են լինելու «ձայներ ապահովել» այնպես, ինչպես ժամանակին արել են իրենց մեծամասնական մանդատների համար:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ «մեծամասնականներին» հատկապես ոգեւորել եւ իրենց ապագայի նկատմամբ «լիահույս» է դարձրել այն հանգամանքը, որ Սերժ Սարգսյանը նրանց ասել է, թե կարող են համոզված լինել` ինքը ոչ մեկի մասին չի մոռացել: Նրանք էլ «երջանիկ ու բախտավոր» նախագահականից դուրս են եկել` համոզված լինելով, որ իրենց ճակատագիրն «առաջնորդի» ձեռքերում է:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ իշխանությունները նախատեսում են ավելացնել խորհրդարանի պատգամավորների թիվը, ինչը հնարավորություն կտա մանդատներով ապահովել իշխանական պատգամավորների ողջ ներկապնակին` անկախ նրանից՝ նրանք նախկինում ինչ ընտրակարգով են պատգամավոր դարձած եղել:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 

 

ԽՄԲՈՎ` ՄԻԱՅՆԱԿ
Երեկ նոր Սահմանադրության նախագծի շուրջ քննարկման նպատակով նախագահական գնացած պատգամավորների թվում էր նաեւ ԱԺ անկախ պատգամավոր Արայիկ Գրիգորյանը: Ուշագրավն այն է, որ նրան ուղեկցում էին ԱԺ նախկին ԲՀԿ խմբակցության պատգամավորները, իսկ «անկախ» գործընկերները նախագահականում չէին: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ ԱԺ անկախ մյուս պատգամավորներին եւս հրավիրել են նախագահական, սակայն նրանք ինչ-ինչ պատճառներով չեն գնացել, արդյունքում Արայիկ Գրիգորյանը միակ «անկախն» է եղել Սերժ Սարգսյանի հետ հանդիպման գնացածների թվում: Հիշեցնենք, որ Ավշարի Արայիկը ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի եղբայրն է, ինչպե՞ս կարող էր չգնալ Ս. Սարգսյանի մոտ:

 

ԵՐԵՎԱՆՈՒՄ Է
Օգոստոսի 28-ին «Ժողովուրդ»-ը տեղեկացրել էր, որ Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանն իր ընտանիքի հետ ԱՄՆ-ում է գտնվում ու զբաղված է այնտեղ իր բիզնեսի զարգացման աշխատանքներով: Փորձել էինք լուրի իսկությունը ճշտել Ներսես Նազարյանից կամ նրա որդուց՝ Արմեն Նազարյանից, սակայն երկուսի հեռախոսահամարներն էլ օրեր շարունակ անջատված էին: Նազարյաններին չէին գտնում նաեւ նրանց շատ մտերիմներ: Ուստի այլեւս կասկած չէր առաջանում՝ հավատալ-չհավատալու մեր աղբյուրների ճշմարտացիությանը: Բայց պարզվում է՝ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներից մեկը պարզապես չափազանցնում էր՝ Նազարյանների արտագաղթի մասին լուրը մեզ հայտնելով, քանի որ մեզ հաջողվեց կապ հաստատել Ն. Նազարյանի հետ, ով Երեւանում է: Նա «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ Հայաստանում է ու ավելին՝ վերջին անգամ 2007 թվականին է եղել ԱՄՆ-ում: «Ես եղել եմ Հայաստանում, ապրում եմ այստեղ եւ չեմ պատրաստվում լքել իմ երկիրը»,- վստահեցրեց Ներսես Նազարյանը:

 

ԳԻՏՆԱԿԱՆ ԷԼ ԿԴԱՌՆԱ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր, Հեղինե Բիշարյանի քրոջ փեսա Լեւոն Դոխոլյանը ցանկանում է ՀՀ կառավարման պետական ակադեմիայում գիտությունների թեկնածուի գիտական աստիճան պաշտպանել: Մենք պարզեցին, որ Լեւոն Դոխոլյանի թեկնածուական թեման կոչվում է. «Ձեռնարկատիրական գործունեության կարգավորման հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում»: Նշենք, որ 37-ամյա ՕԵԿ-ական պատգամավորը 2011 թվականից սովորում է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի տնտեսագիտություն եւ կառավարում բաժնի ասպիրանտուրայում: Պետական կառավարման ակադեմիայից «Ժողովուրդ»-ի հարցմանն ի պատասխան՝ ասացին, որ Լեւոն Դոխոլյանն արդեն իսկ իրենց խորհրդին ներկայացրել է իր թեկնածուականի սեղմագիրը: Կառավարման ակադեմիայից հայտնեցին նաեւ, որ պաշտպանության օրը դեռեւս որոշված չէ: Ենթադրվում է, որ առաջիկա օրերին կհստակեցվի:

 

 

 

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՆՈՐ ՊԵՏԻՆ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ
Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 3-ին ընդունել է ՌԴ անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) սահմանապահ ծառայության (ՍԾ) սահմանային պահպանության դեպարտամենտի տնօրեն Նիկոլայ Կոզիկին եւ ՀՀ-ում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության պետ Անատոլի Միխեեւին:
Նիկոլայ Կոզիկը ներկայացրել է ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության նորանշանակ պետին եւ նրա անցած ծառայողական ուղին: Սերժ Սարգսյանը շնորհավորել է գեներալ-մայոր Միխեեւին նշանակման կապակցությամբ:

 

ՈՉԻՆՉ ՉԱՍՈՂ
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, պատասխանելով շփման գծում տիրող լարվածության մասին հարցին, հայտարարել է, որ շփման գծի երկայնքով իրավիճակը երկար ժամանակ եղել է կայուն։ «Մենք առաջարկում ենք այնպիսի միջոցներ, որոնք ուղղված են վստահության, հրադադարի ռեժիմի ամրապնդման եւ բանակցությունները շարունակելու համար բարենպաստ պայմանների ստեղծմանը»։

 

ՉԵՆ ՀԱՆԳՍՏԱՆՈՒՄ
Ղարաբաղի ՊՆ հաղորդմամբ` սեպտեմբերի 2-ի տոնական եւ 1-ի նախատոնական օրերին հակառակորդը շարունակել է ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: Նշված ժամանակահատվածում հակառակորդի կողմից գրանցվել է հրադադարի շուրջ 250 խախտում, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաեւ 60 եւ 82 միլիմետրանոց ականանետերից ու ՌՊԳ-7 եւ ՀԱՆ-17 տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 5 հազար կրակոց: Վերոնշված զինատեսակներից բացի՝ հայկական դիրքերի ուղղությամբ հակառակորդը կիրառել է նաեւ թուրքական արտադրության TP-107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային կայանք:

 

ԿԱՅՑԵԼԵՆ ԱՐՑԱԽ
Երեկ Երեւան է ժամանել Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի սոցիալիստական խմբի պատվիրակությունը, որը կայցելի Արցախ` ծանոթանալու իրավիճակին։ Ֆրանսիայի Աժ սոցիալիստական խմբակցության ղեկավար Բրյունո Լը Ռուին, անդրադառնալով ԼՂՀ այցին, ասել է. «Շատ լավ գիտեմ, թե որն է այս հիմնախնդրի հետ կապված գործընթացը, որը կարգավորվում է Մինսկի խմբի շրջանակներում: Նաեւ տեսնում եմ, որ ամեն անգամ, երբ առաջընթացի հույս են ունենում, այն չի գրանցվում, քանի որ կա մի կողմ, որն արգելափակում է այդ առաջընթացը»: Այցելության արդյունքները ներկայացվելու են Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահին:




Լրահոս