ԿԱՐԾԻ՞Ք, ԹԵ ՊԱՏՎԵՐՈՎ ԳՐԱՌՈՒՄ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին 1-2 տարում հատկապես facebook սոցիալական ցանցը հասարակության որոշ խավի համար դարձել է կյանքի իմաստ: Ու քանի որ պաշտոնյաների, գործարարների ու քաղաքական գործիչների կողմից էլ գերարժեւորվեց սոցիալական այդ ցանցի ազդեցությունը, այն շատ մարդկանց համար այսօր դարձել է գումար աշխատելու, կամ ավելի ճիշտ՝ «գրդոն անելու» միջոց:

Ինչպես նկատում ենք՝ facebook սոցիալական ցանցում հաճախակի տարբեր անձինք՝ անկախ ունեցած կարգավիճակից, տարաբնույթ գրառումներ են կատարում՝ դրանով վարկաբեկելով կամ պաշտպանելով որեւէ մեկի կամ ընկերության, կուսակցության: Բլոգային անհասցե լրատվամիջոցներն էլ անմիջապես գրառումը տեղադրում են իրենց կայքում՝ շնորհակալություն հայտնելով գրառման հեղինակին: Բայց շատ դեպքերում ֆեյսբուքյան ակտիվիստները, գրառումներ կատարող անձինք, իրենց դեմքը փրկելու համար, հայտարարում են, թե ազատ խոսքի ջատագովներն են եւ իրենց կարծիքն են արտահայտում, սակայն իրականում շան գլուխը այլ տեղ է թաքնված:
Ըստ շրջանառվող լուրերի՝ սոցիալական ցանցում այս օրերին ակտիվ «ստատուս» գրողները ոչ այնքան ազատ խոսքի կողմնակիցներն են, որքան այս կամ այն պաշտոնյայի կամ, առհասարակ, որեւէ թաքնված դեմքի պատվեր կատարողը: Ասել է թե՝ նրանք իրենց կարծիքը չեն արտահայտում, այլ կոնկրետ անձանց` պաշտոնյաների կամ քաղաքական գործիչների կողմից ֆինանսավորվում են՝ որեւէ մեկի մասին վարկաբեկող կամ պաշտպանող «ստատուս» գրելու համար: Տարածված լուրերի համաձայն՝ ֆեյսբուքում գրառումներ անելու համար գնացուցակ կա սահմանված՝ 50.000 մինչեւ 200.000 դրամի չափով՝ կախված բովանդակությունից, քննադատության չափաբաժնից եւ ունեցած լայքերի քանակից:
Օրինակ՝ կարելի է նկատել, որ շատ հաճախ առավել պաշտպանողական գրառումներ են կատարվում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի մասին: Բայց պատճառը ոչ թե այն է, որ նրանք լավ են աշխատում, այլ պարզապես նրանք ունեն սոցցանցով զբաղվող մարդիկ, որոնք պատվիրում են լավ գրառում կատարել իրենց շեֆի մասին կամ պաշտպանել մեկնաբանություններով: Իսկ այն կայքերը, որոնք վերցնում եւ տեղադրում են գրառումները, դիտմամբ կամ միամտաբար դառնում են «ստատուսագիրների» հանցակիցը:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՀՀ արդարադատության նախկին նախարար ՍԴ խորհրդական, սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Գեւորգ Դանիելյանը գրառումների տարածվածությունը պայմանավորեց սոսկ էլեկտրոնային կապի միջոցների ընձեռած աննախադեպ լայն հնարավորություններով. «Ողջունելի է, որ մտահոգություն հայտնողը լրատվության միջոց է, քանզի բարձրացված հարցադրումները արժեք ու նշանակություն չէին ունենա, եթե չլիներ հենց լրատվության միջոցների գործուն «աջակցությունը»: Նախ չբացառելով հանդերձ Ձեր կողմից նշված երեւույթի իրական հնարավորությունը՝ դատողություններ անելիս անգամ պայմանականորեն չեմ կարող հիմք ընդունել Ձեր այն պնդումները, թե գրառումների հեղինակները պատվեր են կատարում որոշակի վարձատրության դիմաց, ուստի ընդունենք, որ խոսքը հիպոթեթիկ իրավիճակների մասին է: Անդրադառնալով «պատվերներ իջեցնելու» եւ «վարձատրելու» կասկածներին՝ ապա նպատակահարմար եմ համարում նկատել, որ խնդիրը չի կարող սահմանափակվել սոսկ իրավական հարթությամբ ու իրավական միջոցներով: Ցավոք, «տաբուների» միջոցով անցանկալի երեւույթների դեմ քայլեր ձեռնարկելու տեսանկյունից սանկցիաներ կիրառելու տարբերակին նախապատվություն տալը, այն անգամ անփոխարինելի լծակ համարելը հանրության լայն շերտերի մոտ ընկալվում է որպես այլընտրանք չհանդուրժող դիրքորոշում: Վերջին հաշվով գործ ունենք խոսքի եւ արտահայտման ազատության հետ, որը կարող է սահմանափակվել միայն Սահմանադրությամբ ամրագրված խիստ բացառիկ հիմքերով: Պատժին դիմում են միայն այն դեպքում, երբ հանրությունը սպառում է երեւույթների վրա ազդելու բոլոր մյուս միջոցները»
Ըստ Գեւորգ Դանիելյանի՝ բարձրացված երեւույթը մեծամասամբ բարոյական հարթության վրա լուծվելիք խնդիր է. «Հանրությունը պետք է գիտակցի դրա անասելի վտանգավոր էությունը եւ փորձի հակադարձել դրան: Իհարկե, չպետք է անտեսել, որ գրագրությունները հաճախ բովանդակում են ակնհայտ վիրավորանքի կամ զրպարտության տարրեր, սակայն հավելենք, որ դրանց առնչությամբ քաղաքացիաիրավական պատասխանատվության ինստիտուտն է գործում: Ի դեպ, ինքս այնքան էլ հիմնավորված չեմ համարում վիրավորանքի կամ զրպարտության արարքներն անվերապահորեն ապաքերականացնելու նախաձեռնությունը: Վերջին հաշվով, դրանք մասնավոր մեղադրանքի գործեր էին, որոնք կարող էին հարուցվել բացառապես տուժող անձի դիմումի հիման վրա, այսինքն՝ դատախազը չէր կարող իր հայեցողությամբ վարույթ նախաձեռնել եւ, ինչպես ոմանք են պնդում, քաղաքական նպատակներով հետապնդումներ իրականացնել»:
ՀՀ արդարադատության նախկին նախարարի խոսքով՝ բացի այն, որ գրագրությունը վիրավորանք կամ զրպարտություն բովանդակելու պարագայում արդեն իսկ հիմք է պատասխանատվության ենթարկելու համար, նմանաբնույթ դեպքերում վարձատրությունն ինքնին ապօրինի է: Վերջին հաշվով, դա թաքցվող եկամուտ է՝ դրանից բխող բոլոր իրավական հետեւանքներով հանդերձ, այդ թվում՝ հարկային պարտավորությունների մասով:
Իսկ, ահա, փաստաբան Տիգրան Աթանեսյանը տեսակետ հայտնեց, որ պետք է լրատվամիջոցներին արգելել, որ նրանք ինֆորմացիա տարածեն մարդկանց անձնական էջերից: Կամ կա մեկ այլ տարբերակ՝ գրառման մեջ տեղ գտած վիրավորանքի եւ զրպարտության պատասխանատվությունը թողնել լրատվամիջոցի վրա:
Իհարկե, լրատվամիջոցները պետք է պատասխանատվություն կրեն տարածված յուրաքանչյուր խոսքի, վիրավորանքի ու զրպարտության համար: Ու եթե թերթերի, կայացած կայքերի դեպքում խնդիրը լուծելի է, քանի որ ունեն մշտական հասցե, գործող հեռախոսահամար, աշխատակազմ եւ այլ անհրաժեշտ տվյալներ, ապա բլոգային կայքերը գործում են օրենքից դուրս: «Ստատուս դնող» կայքերը մեծամասամբ չունեն հասցե, հեռախոսահամար, չունեն պատասխանատու խմբագիր, չունեն աշխատակիցներ, որոնց հնարավոր է գտնել, դրա համար էլ մարդիկ, ում մասին կարող են զրպարտչական ու վիրավորական նյութեր տարածել ինչ-որ մեկի գրառման հիման վրա, մնում են անպաշտպան: Ինչպե՞ս գտնել թիթեռի կյանք ունեցող կայքերին:
Իսկ թե օրենսդրական ինչ կարգավորումներ են անհրաժեշտ, ու ինչ է արվում, կներկայացնենք հաջորդիվ:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

 
ԸՆԴԴԵՄ ՍԱԴՈՅԱՆԻ
ԱԺ նախկին պատգամավոր, «Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցության նախագահ Արշակ Սադոյանը հայտնվել է դատարանում:
«Ժողովուրդ»-ը պարզեց, որ 2015 թվականի հունիսի 19-ին Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո ԻԱՄ-ը դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով նախկին պատգամավոր Արշակ Սադոյանից գանձել 127 հազար դրամ: Ի դեպ, նկատենք, որ դատարանում, բացի նախկին պատգամավորից, նաեւ պատասխանող է ներկայացված Արշակ Սադոյանի որդին` Արա Սադոյանը:
Տեղեկացնենք, որ Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո ԻԱՄ հունիսի 22-ին դիմել է Կենտրոն դատարան՝ պահանջելով, որ Արշակ Սադոյանի գույքի եւ դրամական միջոցների վրա արգելանք դրվի, սակայն այս գործը նախագահող դատավոր Էդիկ Ավետիսյանը մերժել է Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո ԻԱՄ-ի միջնորդությունը: Ինչ պարտավորություն է ունեցել նախկին պատգամավորը ու ավտոապահովագրողների բյուրոյի նկատմամբ, որը չի կատարել, ինչի արդյունքում ընկերությունը դիմել է դատարան: Այս եւ այլ հարցերի պատասխանը ստանալու ակնկալիքով զրուցեցինք պատգամավորի հետ:
Արշակ Սադոյանի խոսքով՝ ապրիլին Հանրապետության հրապարակում վթար է տեղի ունեցել. «Ես իրականում մեղավոր չէի այդ վթարի մեջ, մի փոքր քերծվածք էր: Այդ օրն էլ այնքան էի շտապում, որ մյուս մեքենայի վարորդին, որը կին էր, ասեցի՝ աղջիկ ջան, այն մարդու հետ, որի հետ պետք է հանդիպեմ, ավելի կարեւոր է, քան քո մեքենայի 10.000 դրամանոց քերծվածքի հարցը: Արի, այս հարցը լուծենք: Այդ աղջիկը չհամաձայնեց, բա՝ չէ՛, չէ՛: Սպասեցինք, ԱՊՊԱ-ն եկավ, նկարեց, իր գործողություններն արեց: Այդ ժամանակ ասեցի, որ շտապում եմ, պետք է գնամ, իսկ ԱՊՊԱ-ի աշխատակիցներն ասեցին, որ չէ, պետք է սպասեք ոստիկանությունը գա, ես էլ, իրոք, ժամանակ չունեի, թողեցի, գնացի»:
Ըստ Արշակ Սադոյանի` վթարի ժամանակ իր մեքենան ապահովագրած չի եղել. «Դե, ԱՊՊԱ չունեի, ասեցի՝ տվեք, տանեմ, այդ մեքենան սարքել տամ, հետո ԱՊՊԱ-ն ասեց՝ չէ, իրենք մեքենան կսարքեն, քանի որ արդեն շատ ուշացրել եք: Արդյունքում այդ կնոջ մեքենայի քերծվածքը գնահատել էին 127 հազար դրամ: Այդ մեքենայի սարքելը մի 15 հազարի պատմություն էր, բայց իրենք գնահատել են այդքան: Դե, ես էլ չեմ վճարել այդ գումարը: Հիմա դատարանը թող որոշի. մեղավոր կլինեմ, կմուծեմ, չեմ լինի, չեմ մուծի: Բայց արժե՞ր այդ քերծվածքի համար այդքան գումար տալ»:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

 
ԴԱՏԱՊԱՐՏԵԼ Է
ԵԽԽՎ նախագահ Անն Բրասերն ափսոսանք է հայտնել ադրբեջանցի լրագրողուհի Խադիջա Իսմայլովային 7.5 տարով ազատազրկման դատապարտելու որոշման կապակցությամբ:
«Դատավճիռն ակնհայտորեն անհամաչափ է եւ լուրջ մտավախություններ է առաջացնում՝ հաշվի առնելով Ադրբեջանում դատական համակարգի անկախության բացակայությունն ու համակարգային խնդիրները։ Քաղաքացիական հասարակության, իրավապաշտպանների ու անկախ լրագրողների դեմ բռնությունները պետք է դադարեցվեն։ Ես Ադրբեջանի իշխանություններին կոչ եմ անում անել դա։ Եվրոպայի խորհրդի հիմնարար արժեքներին հարգանք ցուցաբերելու՝ իշխանությունների պատրաստակամությունը ներկայումս հարուցում է լուրջ կասկածներ»,- ասել է ԵԽԽՎ նախագահը։

 

ԸՆԴՈՒՆԵԼ Է
ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը սեպտեմբերի 3-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին: Կողմերը մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակի եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից իրականացվող դիտարկումների վերաբերյալ:

 

ԷԼԻ ՄԵԿ ԶՈՀ
Հայաստանի հյուսիսարեւելյան սահմանին տեղակայված մարտական հենակետերից մեկում երեկ առավոտյան հակառակորդի գնդակից զոհվել է պայմանագրային զինծառայող, 40-ամյա Հայկ Թեւոյանը: Արագածոտնի մարզի Նորաշեն գյուղի բնակիչ Թեւոյանն ամուսնացած էր, ուներ 5 երեխա՝ երեք աղջիկ եւ երկու տղա:




Լրահոս