ԼՈՒՐ ԿԱԴՐ
Լուսանկարը՝ Կառավարության պաշտոնական կայքից
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Քեթրին Լիչին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Վարչապետը շնորհակալություն է հայտնել դեսպանին սերտ համագործակցության, ինչպես նաեւ քաղաքական, տնտեսական, հումանիտար եւ այլ բնագավառներում հայ-բրիտանական համագործակցության զարգացման գործում ներդրած ջանքերի համար: Հանդիպման ավարտին Աբրահամյանը դատապարտել է Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը եւ Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների խաղաղ բնակչության, դպրոցների ուղղությամբ արդեն մի քանի օր շարունակվող կրակահերթերը:
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե ինչպե՞ս են կարգավորվում ամուսինների գույքային հարաբերությունները:
Գայանե Սարիբեկյան (41 տարեկան, հաշվապահ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ամուսնական պայմանագրով ամուսինները կարող են փոփոխել ընդհանուր սեփականության շրջանակը, սահմանել համատեղ, բաժնային կամ յուրաքանչյուրի սեփականություն՝ ամուսինների ողջ գույքի, դրա առանձին տեսակների կամ ամուսիններից յուրաքանչյուրի գույքի նկատմամբ: Ամուսիններն իրավունք ունեն պայմանագրով որոշելու միմյանց ապրուստը հոգալու իրենց փոխադարձ իրավունքներն ու պարտականությունները, միմյանց եկամուտներին մասնակցելու եղանակները, իրենցից յուրաքանչյուրի կողմից ընտանեկան ծախսեր կատարելու կարգը: Ամուսնական պայմանագիրը չի կարող սահմանափակել ամուսինների իրավունակությունը կամ գործունակությունը, իրենց իրավունքների պաշտպանության համար դատարան դիմելու նրանց իրավունքը, կարգավորել ամուսինների միջեւ անձնական ոչ գույքային հարաբերությունները, երեխաների նկատմամբ ամուսինների իրավունքներն ու պարտականությունները, նախատեսել անաշխատունակ անապահով ամուսնու ապրուստի միջոց պահանջելու իրավունքը սահմանափակող նորմ, ներառել այլ պայմաններ, որոնք ամուսիններից մեկին դնում են անբարենպաստ իրավիճակի մեջ կամ հակասում են ընտանեկան օրենսդրության հիմնական սկզբունքներին:
«Իրավունքի իրազեկում» ՀԿ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ ամուսնական պայմանագիրը կարող է կնքվել ինչպես մինչեւ ամուսնությունը գրանցելը, այնպես էլ ամուսնության գրանցումից հետո ցանկացած ժամանակահատվածում:
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք, թե ի՞նչը կարող է հիմք հանդիսանալ, որ անձը ստանա հաշմանդամության խումբ: Այսինքն՝ որո՞նք են հաշմանդամության խմբերի սահմանման չափանիշները:
Օֆելյա Արիստակեսյան (52 տարեկան, տնային տնտեսուհի, 2-րդ կարգի հաշմանդամ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ հաշմանդամության խումբ ստանալու համար անհրաշետ է՝
1. հաշմանդամության 1-ին խումբ՝ կենսագործունեության որեւէ տեսակներից մեկի 3-րդ աստիճանի սահմանափակումը կամ դրանց զուգորդումն է (բացի աշխատանքային եւ ուսումնառության կարողություններից),
2. հաշմանդամության 2-րդ խումբ՝ կենսագործունեության որեւէ տեսակներից մեկի 2-րդ աստիճանի սահմանափակումը կամ դրանց զուգորդումն է (ուսումնառության 2-րդ եւ 3-րդ աստիճանների կարողության սահմանափակումները (բացառությամբ սովորողների), եթե դրանք զուգորդվում են կենսագործունեության մեկ կամ մի քանի այլ տեսակների հետ),
3. հաշմանդամության 3-րդ խումբ՝ կենսագործունեության որեւէ տեսակներից մեկի 1-ին աստիճանի սահմանափակումը կամ դրանց զուգորդումն է (հաղորդակցվելու կամ ուսումնառության կարողությունների սահմանափակումը, եթե դրանք զուգորդվում են կենսագործունեության մեկ կամ մի քանի այլ տեսակների սահմանափակումների հետ): Հիմք՝ ՀՀ Կառավարության 13.06.03թ. թիվ 780-Ն որոշմամբ հաստատված կարգի 26, 27, 28 կետեր:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ 2014թ.-ին, 2013-ի համեմատ, Հայաստանում հաշմանդամների թիվն ավելացել է 4783-ով: 2014-ին հաշմանդամների թիվը կազմել է 198 հազար 619, իսկ, ահա, 2013-ին՝ 193 հազար 836: Ի դեպ, առաջին տեղում է արյան շրջանառության խանգարումից առաջացած հաշմանդամությունը, իսկ երկրորդ տեղում՝ հոգեկան եւ վարքի խանգարումներով հաշմանդամությունը: