Մեկնարկել է Երևանի ավագանու 6-րդ նստաշրջանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես Armlur.am-ը տեղեկանում է Քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, սեպտեմբերի 8-ին գումարված Երևանի ավագանու 6-րդ նստաշրջանի առաջին նիստում, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, օրակարգը և հաշվիչ հանձնաժողովի կազմը հաստատելուց հետո ավագանու անդամները միաձայն կողմ քվեարկությամբ հավանություն են տվել ՀՀ ժողովրդական արտիստ Կիմ Երիցյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը Վարդանանց փողոց, 2-րդ նրբանցք հ. 4 հասցեում փակցնելու մասին որոշման նախագծին:

Ավագանու միաձայն հավանությանն են արժանացել նաև Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի հ.192 հիմնական դպրոցը Խորհրդային Միության հայտնի հայ հետախույզ Գևորգ Վարդանյանի, ինչպես նաև Երևանի «Նուբարաշեն թաղային համայնքի երաժշտական դպրոց» ՊՈԱԿ-ը ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Վիլլի Մոկացյանի անուններով անվանակոչելու մասին որոշման նախագծերը:
Երևանի ավագանին որոշել է նաև Ռուսաստանի Դաշնության Սանկտ-Պետերբուրգ քաղաքից որպես նվիրատվություն ընդունել մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանում տեղադրված «Պաշարված Լենինգրադի երեխաները» հուշարձանը:
Ավագանին ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել նաև Երևան քաղաքի ավագանու «Երևանի քաղաքային համայնքում տեղական վճարների դրույքաչափերը սահմանելու մասին» որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին որոշմանը:

Միաձայն կողմ քվեարկությամբ ավագանին հաստատել է նաև 2015 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմված Երևան քաղաքի հողային հաշվեկշիռը:
Ավագանու նիստի օրակարգում ընդգրկված մյուս հարցերը նույնպես արժանացել են ավագանու հավանությանը:




Լրահոս