ՀՀ նախագահի պաշտոնում իշխանական թեկնածուի խնդիրը վաղուց է խմորվում իշխանության կուլիսներում: Դեռեւս անցած տարվա վերջին իշխանական շրջանակներում մի քանի անուններ էին շրջանառվում՝ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան, ՀՀ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյան, Ռոբերտ Քոչարյանը եւ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյան:
«Ժառանգորդի» տիտղոսի հավակնորդներից մինչ օրս իրեն առավել ակտիվ դրսեւորել է Սեյրան Օհանյանը, որն այս տարվա սկզբից սկսեց ակնհայտ ակտիվ քարոզչություն ծավալել, ինչը նրա պաշտոնավարության հետ կապված չէր: Արդյունքում, Օհանյանի եւ նրա տիկնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի քարոզարշավն ավարտվեց դատական գործով. այժմ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվում է ամուսինների հայցն ընդդեմ «Հրապարակ» օրաթերթի եւ մի կայքի: Այս տարվա մայիսից Սեյրան Օհանյանի ակտիվ քարոզչությունը, կարծես թե, դադարեցված է:
Չնայած իշխանական կուլիսներում հնարավոր «ժառանգորդների» անունները երբեք չեն դադարում շրջանառվել, սակայն քանի դեռ չէր հրապարակվել նոր Սահմանադրության նախագիծը, այդ քննարկումները չափից ավել տեսական էին: Իսկ այժմ արդեն, երբ նոր Սահմանադրության նախագիծը հրապարակվել է, իրադարձությունները սկսում են ավելի հասկանալի եւ իմաստավորված դառնալ:
Մասնավորապես, այժմ արդեն ակնհայտ է, որ եթե նոր Սահմանադրության նախագիծը իրավական ուժ ստանա, ապա հանրապետության նախագահի աթոռը կդառնա թոշակառուին վայել պաշտոն: Նոր Սահմանադրության նախագծով նախագահը իշխանության ոչ մի լծակ չունի, նա նույնիսկ իր աշխատակազմում չի կարող ինքնուրույն նշանակում կատարել, քանի որ ստիպված է լինելու վարչապետի համաձայնությունը ստանալ:
Արդյունքում, անմիջապես լուրեր տարածվեցին, որ Սեյրան Օհանյանը մասնավոր զրույցներում նոր Սահմանադրության նախագծին դեմ է արտահայտվել: Օրերս պարզվեց նաեւ, որ Ռոբերտ Քոչարյանը եւս այդ փաստաթղթին դեմ է: Վերջինս հույս է ունեցել, որ եթե պահպանվի կառավարման ներկա համակարգը, ապա Սերժ Սարգսյանը ստիպված կլինի իրեն փոխանցել իշխանության ղեկը: Այժմ այդ հույսերը հօդս են ցնդել, եւ չի բացառվում անգամ, որ Ռոբերտ Քոչարյանը դառնա ընդդիմության նախաձեռնած «Ոչ»-ի շարժման գործող անձանցից մեկը: Մի խոսքով, եթե Սեյրան Օհանյանը իշխանական վերնախավում պահպանի իր ազդեցությունը, ապա նա ավելի շուտ կցանկանա մնալ պաշտպանության նախարարի պաշտոնում, քան թե դառնալ «անգլիական թագուհի»: Ռոբերտ Քոչարյանը եւս դժվար թե ցանկանա դառնալ իշխանություն չունեցող նախագահ: Կասկածից վեր է, որ եթե նա հնարավորություն ունենա, ապա կձգտի իրական իշխանության` լինի դա ԱԺ նախագահի, թե վարչապետի տեսքով:
Ուստի այսօր արդեն ակնհայտ է, որ նոր Սահմանադրության նախագծով ենթադրվող նախագահի պաշտոնի առավել հավանական թեկնածուն ՀՀ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն է: Բանն այն է, որ ինչպես արդեն նշել ենք՝ նախագահի ապագա պաշտոնը իրենից ոչինչ չներկայացնող, թոշակառուին վայել տեղ է լինելու: Իսկ ինչպես հայտնի է՝ 2018-ի մարտին լրանում է Գագիկ Հարությունյանի 70-ամյակը, եւ նա պետք է թոշակի անցնի: Այսինքն՝ կարող ենք ասել, որ Գագիկ Հարությունյանը, որպես նոր Սահմանադրության նախագծի հեղինակներից մեկը, նախագահի պաշտոնը կոնկրետ իր հագով է «ձեւել»:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի «նախագահական» ամբիցիաները սկսել են վերափոխվել` համահունչ դառնալով ներկա քաղաքական անցուդարձին: Ի տարբերություն մյուսների՝ նա, ինչպես եւ նախկինում, հավակնում է երկրի թիվ մեկ պաշտոնին եւ այդ ուղղությամբ կոնկրետ քայլեր է կատարում: Ակնհայտ է, որ նա մտադիր է նոր Սահմանադրության պայմաններում եւս զբաղեցնել վարչապետի պաշտոնը, եւ նրա բոլոր քայլերը միտված են հենց այդ խնդրի լուծելուն: Իշխանական համակարգի ներսում Աբրահամյանն իր ազդեցությունն աստիճանաբար ավելացնում է:
Նրա վերջին ամենալուրջ «ձեռքբերումը» ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնում Արփինե Հովհաննիսյանին նշանակելն էր: Առաջիկա ամիսներին նա Հովհաննիսյանի միջոցով փորձելու է լիարժեք իր վերահսկողության տակ վերցնել արդարադատության նախարարությունը: Եթե Աբրահամյանի ծրագրերն իրագործվեն, ապա 2017 թվականի ԱԺ ընտրություններում նա իշխանական ՀՀԿ-ում կլինի երկրորդ անձը` Սերժ Սարգսյանից հետո, բայց միաժամանակ իր տրամադրության տակ ունենալով իշխանական երկրորդ կուսակցությունը` ԲՀԿ-ն: Ի դեպ, հենց ԲՀԿ-ն է Աբրահամյանի հիմնական խաղաթուղթը` ներիշխանական հետագա մրցավազքում:
Եթե Հովիկ Աբրահամյանին հաջողվի մինչեւ 2017 թվականը պահպանել վարչապետի պաշտոնը, իսկ իշխանություններն էլ կարողանան ապագա խորհրդարանում մեծամասնություն ունենալ` միաժամանակ ԲՀԿ-ի համար եւս նշանակալի ներկայություն ապահովելով, ապա Կառավարության ապագա ղեկավարը դառնալու ցանկություն ունեցող թեկնածուների համեմատ ներկա վարչապետը լուրջ առավելություն կունենա ի դեմս ԲՀԿ-ի:
Սակայն ստեղծված իրավիճակի ողջ հմայքը կայանում է նրանում, որ Աբրահամյանի առաջխաղացումն իրագործելու համար անհրաժեշտ է, որ Սերժ Սարգսյանն առնվազն դեմ չլինի նրա ծրագրերին: Բանն այն է, որ ամենեւին չի կարելի բացառել, որ նոր Սահմանադրության նախագիծն «անցկացնելուց» հետո Սերժ Սարգսյանը կորոշի փոխել վարչապետին: Այդ քայլն ուղղակի կնշանակի, որ նա դեմ է Հովիկ Աբրահամյանի` «առաջինը դառնալու» ծրագրերին: Իսկ դրանից հետո ներկա վարչապետը ստիպված կլինի բավարարվել այն դերակատարությամբ, որը նրան կվերապահի Սերժ Սարգսյանը:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ