ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ԱՊՈՒՇ ՉԷ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երաժիշտ ԵՂԻՇԵ ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ընտրություններին պարտադիր մասնակցելու է, քանի որ կողքից նայելը սխալ է համարում: Հարցին, թե թեկնածուներից ում է քիչ թե շատ հավատում, հումորով պատասխանեց. “Ինձ եմ հավատում”: 
-Ի՞նչ եք կարծում, ինչ-որ բան կփոխվի՞ ընտրություններից հետո, թե՞ ամեն ինչ կանխավ որոշված է:
-Չեմ կարծում, որ որեւէ բան փոխվի, բայց եւ չի կարելի ասել, թե կանխավ որոշված է: Ինչպես ռուսն է ասում՝ “ծՌՍՏչՊՈ վպ չՏՉՏՐՌ վՌՍՏչՊՈ”, ամեն ինչ էլ հնարավոր է: Բայց որ ասեմ` մեր քաղաքականությունից բան եմ ընկալում, չէ՛: Մեր քաղաքական դաշտն իրեն լրիվ սպառել է, անձնական շահերից բացի, ոչինչ չեմ տեսնում, ժողովուրդն ամեն ինչ նկատում է:
-Ի՞նչ ելք եք տեսնում: 
-Շատ բարդ հարց եք տալիս: Ես անընդհատ այս հարցն ինքս ինձ տալիս եմ: Ասում եմ՝ լավ, ժողովուրդն այսքան վիրավորված, նվաստացած, ինչքա՞ն պետք է շարունակվի այս վիճակը: Հետո տեսնում եմ, որ ունենք ինտելիգենցիայի միջին տոկոս, որ ամեն ինչ գիտակցում է, բայց ոչինչ անել չի կարող: Մի մասը տեղավորված է համակարգում, իր կենցաղային հարցերն է լուծում ու, բնականաբար, չի ուզում, որ ինչ-որ բան փոխվի, սենց էլ մնա, ոչինչ: Էն մյուս մասը խեղճացած զանգվածն է, մի փոքր մասն էլ` ըմբոստացած, բայց վերջիններս այդ տոկոսի մեջ փոքր թիվ են կազմում:
-Ի՞նչն է Ձեզ այսօր բարկացնում:
-Կարծում եմ` ոչ մի նորմալ մարդ` անկախ իր սոցիալական կարգավիճակից, չի կարող անարդարության հետ համակերպվել, չի կարող իրեն լավ զգալ, եթե շրջապատն իրեն վատ է զգում: Նորմալ մարդն էդպես պիտի լինի, այլ կերպ չեմ պատկերացնում, չեմ ընդունում անտարբերությունը դիմացինի, կողքինի հանդեպ:
Պետությունն իր արվեստագետին ըստ արժանվույն գնահատո՞ւմ է:
-Պետությունը չի կարողանում զատել արվեստագետին ոչ արվեստագետից: Բաժանած մեդալներից ու պարգեւներից դա շատ ակնառու է:
Ես կտարանջատեի զուտ կատարողին ինչ-որ բան ստեղծողից: Մարդ կա՝ երգում է, դա իր վաստակն է, բայց մարդ կա՝ դպրոց է ստեղծում, բազում աշակերտներ տալիս, սերունդ է դաստիարակում: 43 տարի է՝ ես գործունեություն եմ ծավալում:
-Այս տարիների ընթացքում պետությունն ինչպե՞ս է Ձեզ պարգեւատրել:
-Մի անգամ մշակույթի նախարարության կողմից մի մեդալ տվեցին, այն էլ առանց թղթի, ուղղակի կախեցին, հետո էլ կախիչը պոկվեց, ընկավ, այդպես էլ պահել եմ: Այդ օրը մի քիչ խառը օր էր, եթե չեմ սխալվում՝ Տիգրան Նաղդալյանի սպանության օրն էր:
-Վաստակավոր արտիստի կոչո՞ւմ էլ չունեք:
-Չէ՛, չէ՛, չէ՛, ես ո՞վ եմ, որ նման բանի հավակնեմ: Դրա համար ես պետք է քարոզարշավներին շատ ակտիվ լինեմ կամ սապոնագիտության դոկտոր լինեմ ու լիքը-լիքը նման բաներ: Ես այդպես չեմ կարող, չեմ անի:
-Չի՞ պատահել, որ քաղաքական դաշտից որեւէ մեկը խնդրի իրեն սատարել:
-Շատ վաղուց այդպիսի բաներ լինում էին, բայց հրաժարումից հետո դադարել են ու նեղություն չեն տալիս, ինչի համար շատ շնորհակալ եմ: Որեւէ մեկի կողքին կանգնելու համար ես պետք է շատ հավատացած լինեմ: 
Ա՛յ, օրինակ, երբ Հայաստանը նոր անկախություն ձեռք բերեց, երբ առաջին իշխանությունն էր ձեւավորվում Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք, երբ պետությունը պատերազմի ու սովի մեջ էր, մենք անընդհատ անվճար համերգներ էինք տալիս մեր իսկ նախաձեռնությամբ կամ մի զորամասի հրամանատարի խնդրանքով: Մտածում էինք, որ մեր երկրի ու ժողովրդի համար ենք անում: Բայց երբ պետությունը հարստացավ, սկսեցին փողեր պտտվել, նվիրյալներին ոչինչ չհասավ: Փողերը պտտվում էին այն մարդկանց շուրջը, որոնք նստած էին աղբյուրին: 
Մարդը գնում է պետական աշխատանքի ոչ թե որ պետության համար մի բան անի, այլ որ ավելի հանգիստ խախտի օրենքը, վերեւից նայի, ավելի շատ ֆինանսական հոսքեր ուղղի իր պահանջներին: Այնպիսի մարդիկ սկսեցին հասարակության մեջ կշիռ ունենալ, որոնք նորմալ, ոչ խեղաթյուրված հասարակարգում անգամ տեղ չէին կարող ունենալ: Բայց նաեւ չեմ ուզում ասել, թե համատարած դա է, շատ պարկեշտ մարդիկ էլ կան, որոնք ուզում են ինչ-որ բան անել, բայց իրենց թույլ տվող չկա: Միջակությունը երբեք տաղանդավորին չի խրախուսում: Ուզում եմ, որ խաղաղություն հաստատվի, եւ ոչ մի կատակլիզմներ չլինեն մեր երկրում, կամաց-կամաց թացը չորից կզատենք ու ինչ-որ բանի կհասնենք:
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ
“Ժողովուրդ” օրաթերթի 478 համար




Լրահոս