ԳԱԼԱ հեռուստաընկերությունը արդեն բազմաթիվ ձայնագրություններ ունի, որոնք փաստում են քաղաքի տարբեր թաղամասերում բաժանվող ընտրակաշառքի մասին: Բացի այդ, մեզ հաջողվել է հեռախոսազրույց ունենալ նաեւ մի քանի գումար բաժանողների հետ: Նրանք իրենց անվանում են “հրահանգիչ” եւ հստակ պատմում, որ յուրաքանչյուրն ունի իր սեփական թաղամասը՝ հստակ ցուցակով, ցուցակագրված անձանցով: Բաժանում են գումար՝ յուրաքանչյուրին 5000 դրամ: ԳԱԼԱ-ի աշխատակիցները հեռախոսազրույցների ժամանակ ներկայացել են որպես անտեղյակ քաղաքացիներ, ովքեր փորձել են ընդգրկվել այն ցուցակներում, որոնցում ընդգրկված են գումար ստացող քաղաքացիները:
Ներկայացնում ենք այդ հեռախոսազրույցներից մեկի վերծանված տարբերակը՝ հասկանալի պատճառով չենք հրապարակում միայն անունները:
Լրագրող– Բարեւ, ձեզ
Հրահանգիչ-Բարե՞ւ, ո՞վ է
Լրագրող -Աշխենն է, երեկ քու համարդ տվեցին, Սովխոզ էի ես:
Հրանագիչ-Աշխե՞ն…
Լրագրող– Ինձ համար, որ զանգեցին…
Հրահանգիչ– Է՜, հետո՞:
Լրագրող- Ես գուզեմ գրվիմ, ի՞նչղ ենենք որ:
Հրահանգիչ– 31 դպրոցը կընտրե՞ս, թե՞ մանկապարտեզը:
Լրագրող– Մանկապարտեզը:
Հրահանգիչ– Մանկապարտե՞զը, ձեր տները ո՞ր կողմն է, ազիզ ջան:
Լրագրող- Ես գրանցված եմ Ղանդիլյան 10, չէ այդտեղ կապրիմ:
Հրահանգիչ- Չէ՛, մերը չէ, ազիզ, քուկդ:
Լրագրող -Իսկ ո՞ւմն է որ…
Հրահանգիչ– Դու պտի կայարանի մոտը նայես, ուրդե՞ղ կա ընտրատարածք:
Լրագրող– Բայց ինձ ձեր մյուս հրահանգիչը՝ x-ը ասաց, որ դիմեմ մանկապարտեզը:
Հրահանգիչ– Ի՞նչղ, մանկապարտեզը նայե՞լ ես: Ուրեմն կերթաս կայարան՝ ընտրատարածքը՝ ընտեղ որ դպրոցն է՝ երկաթգծի տեխնիկումի կողքը, ընդեղ նայե անունդ, եթե չեղավ, մե հատմ էլ զանգե կըսեմ:
Լրագրող– Մի բան էլ հարցնեմ էլի՝ ես էլի մարդ կարող եմ բերել, որ Ձեր ցուցակների մեջ գրանցեք, այդ հարցով ո՞ւմ դիմեմ, էլի նույն տեղում են գրանցված: Էդ շենքի բնակիչներին էլ կարող եմ բերել:
Հրահանգիչ– Լսե, ընձի լսե, որ տարածքն որ պտի ընտրեք, էդ հրահանգիչին դիմե: Էն դպրոցից կրնաս ճշտես, ուր որ դու պտի ընտրես: Էդ կողը դպրոց է, մանկապարտեզ է, թե կառավարչություն է, մտի ներս, հարցու Ձեր հրահանգիչը ով է, իրանք կըսեն:
Լրագրող- Բայց կարող է չգրանցեն, որովհետեւ այն անգամ էլ խոստացան ու չարին:
Հրահանգիչ– Չէ, չեն կրնա չգրանցեն, իրավունք չունին՝ չգրանցեն, էղա՞վ:
Լրագրող– Իսկ ինչքա՞ն պտի տան որ:
Հրահանգիչ– Հինգ հազար:
–Լրագրող -Հինգ հազա՞ր, բայց ասին՝ տասը հազար:
Հրահանգիչ– Ես ըդքան գիտեմ, ով որ ասել է, թող ինքը էդքան տա:
Լրագրող– Մարդ որ բերեմ, չի՞ ավելնա, ես մի 10-15 հոգի կարող եմ բերել:
Հրահանգիչ– Չէ դու նախ մեր տարածքը չես, ու հեչ բանով էլ չես կրնա ընձի օգնե:
Լրագրող– Ես լրացուցիչ ցուցակ կբերեմ, ես նախկինում էլ աշխատել եմ, էլի:
Հրահանգիչ– Առաջվա ցուցակների պես չէ հմի, աղջիկ ջան, հմի ով որ մեր ցուցակների մեջ կա իրանք են, որոնց մենք գրանցել ենք:
Լրագրող– Հմի վերջին գինը 5000, հա՞:
Հրահանգիչ– Չեմ հասկնա, դու հմի գին կորոշե՞ս, դու գին կրնա՞ս փոխես, դու գնա Կոշտոյանի մանկապարտեզ:
Իսկ ե՞ս ում դիմեմ` ընձի էլ գրանցեն, ես էլ ելնիմ հաշվառեմ:
Կոշտոյանի մանկապարտեզ գնա, հրահանգիչին ասա, թող գրանցեն:
Լրագրող– Հա, բայց ես էլ, որ հաշվառում անեմ, ում դիմեմ:
Հրահանգիչ– Ըդուր համար ուշացել ես, չես կրնա հաշվառում անես: Դու Կոշտոյանի մանկապարտեզը գնա, դպրոցը չէ, կամ 29 դպրոցը կամ էլ մանկապարտեզը, ներս մտի, իրանց հրահանգիչներին հարցրու, իրանք քեզի պարտավոր են տեղեկացնելու ամեն ինչ:
Լրագրող-Լավ, շատ մերսի:
Ձայնագրությունը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը: Հասկանալի պատճառներով, խոսակցության ոչ ամբողջական տարբերակն ենք հրապարկում, որպեսզի չհնչեն անուններ: