Մինչ հայրենի իշխանությունները զբաղված էին ԲՀԿ-ին ձեռնասուն դարձնելու` սպասվածից ավելի երկար տեւած ջանքերով, մեր երկրի շուրջ տեղի էին ունենում շատ կարեւոր զարգացումներ, որոնք սպառնում են վերաճել բավական լուրջ արտաքին մարտահրավերների: Նախ` հայտնի դարձավ, որ առաջիկայում ԱՄՆ իշխանությունները մտադիր են ընդհանրապես դադարեցնել «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի շրջանակներում Հայաստանի ֆինանսավորումը: Դրան հետեւեց Հայաստանի տնտեսության մեջ հսկայական ներդրում կատարած «Լինսի» հիմնադրամի լուծարումը, իսկ նախօրեին էլ հայտնի դարձավ, որ ԱՄՆ իրավապահ մարմինները ձերբակալել են հայկական եւս մեկ 74 հոգանոց ավազակախումբ: Իրադարձությունների այս հաջորդականությունն, իհարկե, կարելի է զուտ պատահականություն համարել: Սակայն, ինչպես հայտնի է, քաղաքականության, առավելեւս` ամերիկյան քաղաքականության մեջ պատահականություններ չեն լինում: Ուստի, այս ամենը պետք է դիտարկել ԱՄՆ իշխանությունների` ՀՀ-ի հանդեպ ունեցած վերաբերմունքի էական փոփոխության տեսանկյունից: Թե ինչով է պայմանավորված այդ փոփոխությունը, դժվար է միանշանակ կռահել: Չի բացառվում, որ այդտեղ փոքր բաժին չունեն նաեւ Իրանին զենք վաճառելու ՀՀ իշխանությունների փորձերի մասին «Վիկիլիկսի» բացահայտումները: Սակայն առավել մտահոգիչն այն է, որ ԱՄՆ-ի վերաբերմունքի փոփոխությունը կարող է ունենալ էլ ավելի լուրջ պատճառ` պայմանավորված Ղարաբաղի հարցում առաջիկայում հնարավոր ինչ-ինչ զարգացումներով: Հետաքրքիր զուգադիպությամբ` նախօրեին եվրոպական միանգամից մի քանի երկրների, այդ թվում եւ` Հայաստանի բարեկամ համարվող Ֆրանսիայի եւ Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունները գրեթե միաժամանակ հանդես եկան սեփական քաղաքացիներին ԼՂՀ այցելելուց ձեռնպահ մնալու կոչերով` պատճառաբանելով, որ այդ տարածքն անվտանգ չէ նրանց կյանքի համար: Իսկ ԼՂՀ դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի սանձազերծած երեկվա դիվերսիան էլ ճիշտ ժամանակին հաստատեց եվրոպական երկրների իշխանությունների անհանգստությունը: Այս համատեքստում պակաս մտահոգիչ չէր Վրաստանի վարչապետի հայտարարությունը` կապված Հայաստանը սնուցող գազատարի վաճառքի հետ: Նա ասաց, որ Վրաստանը չի պատրաստվում վաճառել գազատարի վերահսկիչ փաթեթը` այդպիսով հաստատելով, որ վրաց իշխանությունները հաստատակամ են գազատարի մնացած բաժնեմասի վաճառքի հարցում: Ասել է թե` առաջիկայում Հայաստանը կարող է լրացուցիչ եւ շատ լուրջ բարդություններ ունենալ ռուսական գազը ստանալու հետ կապված: Եւ պատահական չէ, որ վերջին ամիսներին ժամանակի ու ներուժի զգալի մասը ՀՀԿ-ԲՀԿ՝ մուկն ու կատու խաղի վրա վատնած ՀՀ նախագահը երեկ վերջապես անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել` քննարկելու «ներկա եւ հնարավոր մարտահրավերներին դիմակայելու համակարգային կարողությունները»: Բայց սա այն դեպքը չէ, երբ ասվում է` լավ է ուշ, քան՝ ավելի ուշ:
ՈՒՇԱՑԱԾ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ