Ինչպես է Արա Աբրահամյանը «հարձակումներ» գործում Հովիկ Աբրահամյանի վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավելի վաղ Armlur.am-ը հայտնել էր, որ Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ, Ռուսաստանի հայերի միության նախագահի տեղակալ Արամ Սարգսյանը որոշ ժամանակ առաջ դիմում էր ուղարկել վարչապետ Հովիկ Աբրահամյանին: Սարգսյանն իր դիմումի մեջ վարչապետին «խնդրել էր» անհապաղ կարգավորել վառելիքի շուկայի անմխիթար վիճակը:

«Փորձագիտական վերլուծությունը ցույց է տալիս, որ 2014թ. հունվարից, երբ Ռուսաստանը սկսեց Հայաստանին մատակարարել գազ և նավթամթերք նախատեսվածից 30 տոկոս ցածր գնով, նրա բյուջեն տարեկան կտրվածքով զրկվեց համապատասխանաբար 104 և 48 մլն. դոլարից, Հայաստանի շուկայում ոչ բնական գազը և ոչ էլ նավթամթերքը, հատկապես՝ բենզինն ու դիզվառելիքը, գնի իջեցում չարձանագրեցին: Եթե կառավարությունը շուկայում առկա չարաշահումները բացահայտելու օպերատիվ միջոցներ չձեռնարկի և իրավապահ մարմիններին չհանձնարարի ստուգել և պատժել նման վիճակ ստեղծողներին, ապա մենք այն կգնահատենք որպես իշխանության անկարողություն կամ չկամություն և հասարակայնությանը դեկլարատիվ հայտարարություններով սնում»,- իր դիմումի մեջ նշել էր Սարգսյանը:

Հարկ ենք համարում հիշեցնել, որ այս տարվա հունիս ամսին մտավորականների խորհուրդը, որի մեջ էր նաև Արամ Սարգսյանը,  նամակով դիմել էր վարչապետ Հովիկ Աբրահամյանին` առաջարկելով ՀՀ-ում տիրող սոցիալ-տնտեսական ծանր պայմաններում գերակա  խնդիրներ համարվող հարցերի շուրջ համատեղ քննարկում անցկացնել:  Նախ նշենք, որ վարչապետը դեռ չի արձագանքել Արամ Սարգսյանի դիմումին: Հովիկ Աբրահամյանի մամուլի խոսնակ Գոհար Պողոսյանը Armlur.am-ի հետ զրույցում նշեց, որ երբ պատասխանը լինի, իրենք կասեն: Իսկ մտավորականների նամակի պատասխանի վերաբերյալ, նշենք, որ հունիսի 30-ին տեղի ունեցած տնտեսական ֆորումը կազմակերպելիս Կառավարությունը հաշվի էր առել նաև նրանց նամակ-դիմումը: Հիշեցնենք` այդ ֆորումին մասնակցել էին գործարար աշխարհի և ՀԿ-ների, ներկայացուցիչներ, մտավորականներ: Ֆորումի ընթացքում քննարկվել էր տնտեսության առջև ծառացած մարտահրավերները, դրանց լուծման երկարաժամկետ ռազմավարությունն ու կարճաժամկետ քայլերը:

Վերադառնալով Արամ Սարգսյանի թեմային` հարկ ենք համարում շեշտել, որ Ռուսաստանի հայերի միության նախագահի տեղակալը, կարծես, հարձակումներ է գործում վարչապետի վրա: Այստեղ, իհարկե, մեծ «ներդրում» ունի Արա Աբրահամյանը, ով, ըստ մամուլի հրապարակումների` ցանկանում է Հայաստանում ստեղծել իր ընդդիմադիր թևը: Արա Աբրահամյանը Արամ Սարգսյանի «բերանով» բարձրաձայնում է Հայաստանում առկա խնդիրները` դրանով ցանկանալով «կպնել» վարչապետ Հովիկ Աբրահամյանին և ցույց տալ, որ ինքը կարող է գալ ու «փրկել» Հայաստանը:

Քրիստինա Աղալարյան




Լրահոս