Վլադիմիր Գասպարյանի «ցավով տառապողներին», նրան մի ամբողջ կյանք նախանձող տղամարդ կոչվածներին. Մարգարիտ Սարգսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բելգիայում բնակվող մեր գործընկեր Մարգարիտ Սարգսյանը այսօր յուրօրինակ կերպով շնորհավորել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին` ծննդյան օրվա կապակցությամբ:

«Այսօր Վլադիմիր Գասպարյանի ծննդյան տարեդարձն է՝ անձնապես ինձ համար շատ ու շատ բան կրկին արժեվորելու, վերհիշելու, մարդկային փոխհարաբերությունների մասին նորից ու նորից խորհելու առիթ:

Բազմաթիվ ինքնատիպ կամ ստանդարտ և հավուր պատշաճի շնորհավորողների մեջ, կարծում եմ, կլինեն անկեղծ բարեմաղթանքներ. նրանցը, ովքեր Վլադիմիր Գասպարյանին ճանաչում են տարիներով, ճանաչում են ոչ միայն իբրև գեներալ, իբրև ոստիկանապետ, իբրև ճանապարհ անցած պետական գործիչ, այլ՝ մարդ, որ ուժեղ կամք և հոգի ունի, որոնք նրան բարձր են պահել ամենածանր ու ճակատագրական ընտրանքների պահին:

…Սիրելի բարեկամ, այսօր քո տարեդարձն է: Ուզում եմ հեռվից-հեռու քեզ լիքը բարեմաղթանքներ հղել, արևշատ և երջանիկ լիքը տարիների կյանք մաղթել: Ուզում եմ մաղթել, որ հայրաբար վայելես զավակներիդ երջանկությունը, որ Հայաստանի համար ներդրած քո ավանդի, տարիների քո ջանքի պտուղներով վարձատրված լինես, ինչքան որ դա հնարավոր է երբեք չհանդարտվող, իր բնականոն հուն չվերադարձող մեր երկրում…

Շատ լավ գիտեմ, որ անկախության տարիներին ամենաքիչ հասկացված գործիչներից ես: Բայց և վստահ եմ, որ ի վերջո ժամանակն ամեն ինչ ու ամենքին իր տեղն է դնում:
Գիտեմ, երեկ էլ, այսօր էլ թշնամիների ու հակառակորդների պակաս չունես, և թեև նրանք բոլորը ժամանակ առ ժամանակ ոտքի տակ ընկնողներ են ընդամենը, բայց մի քանի բան եմ ուզում ասել՝ հատկապես նրանց նկատի ունենալով:

Մի շատ բնութագրական պատմություն եմ հիշում. տարիներ առաջ, երբ Վ. Գասպարյանը Ռազմական ոստիկանության պետն էր, մի գնդապետի, ում անունը անկարևոր լինելու պատճառով անգամ չեմ հիշատակում, աշխատանքից հեռացրել էր՝ իր սեփական տան նկուղում մարդ պահելու և դրամ շորթելու պատճառով: Գնդապետը, սակայն, ճարպիկ էր եղել և հաջողացրել էր տեղավորվել ՊՆ վերստուգիչ-վերահսկիչ հանձնաժողովում: Ահա, մի բանով աչքի ընկնելու համար, սա վերցնել էր զինվորական համազգեստների կատալոգը, ուսումնասիրել և համեմատել Վլադիմիր Գասպարյանի կրած համազգեստների հետ ու մի վրդովված զեկուցագիր էր գրել Վազգեն Սարգսյանին, թե՝ «խախտել է կարգը, որովհետև աշխահի ոչ մի երկրի բանակում նման կամուֆլյաժ սվիտեր չկա, պարոն նախարար, փրկե՛ք ինձ կաթվածահար լինելուց»: Նախարարը գնահատել էր գնդապետի«նախաձեռնողականությունը» հումորով մակագրել էր… էս պատմությունը հիշողներ կլինեն.. Ես դա հիշեցի, որովհետև հիմա էլ Վովա Գասպարյանի դեմ անանուն զեկուցագրեր՚, բողոքագրեր և պարզապես զրպարտագրեր են գրվում այս կամ այն պատճառով ՙաբիժնիկ՚ մնացածների կողմից, և ըստ էության, նրանց բողոքի«մեխը» նույնն է՝ նախանձը և անկարողությունը: Այդ գործը համակարգված և առանց հուսահատվելու իր փխրուն ուսերին է վերցրել ՀՀ երբևէ եղած ամենազվարճալի ոստիկանապետը՝ Ալիկ Սերգեյիչը. նա պարբերաբար թելադրում, գրել է տալիս և լույսը չբացված զրպարտագրերը հասցնում նախագահական: Հավաստի աղբյուրները քրքջալով հաստատում են, որ բոլոր զրպարտագրերի մեխը նույն «կամուֆլյաժ սվիտերի» շրջանակներում է պտտվում: Վլադիմիր Գասպարյանի անունը անընդհատ հիշատակվեց քաղաքացիական ակցիաների քննարկման համատեքստում:

Ափսոս, որ ոստիկանապետի պահվածքը քննարկողները մաղձից ու անիմաստ կատակներից այն կողմ չանցան: Նրանք չուզեցին մտածել, որ Վովա Գասպարյանն անկեղծորե՜ն էր տագնապում, անկեղծորե՜ն էր սթափության կոչ անում. ով ՝ ով, բայց նա շատ լավ գիտե, թե ինչպես են ավարտվում նման ակցիաները: Հոկտեմբերի 27 և մարտի 1 տեսած լինելով՝ իրոք պետք է և կարող էր տագնապել: Եվ այդ պոռթկումի մեջ անազնիվ բան տեսնելն է անազնիվ: Հենց այդ քաղաքացիական ակցիաների ընթացքում հստակ ուրվագծվում է ոստիկաններին պրովոկացիայի ենթարկելու՝ անկասկած նույն տեղից կառավարվող գործելակերպը, խժդժություններ հրահրելու նույն ձեռագիրը: Ի տարբերություն հարսանիքներում և բանակի քեֆերին «ակորդեոն նվագելու» խանդավառությամբ ոստիկանապետ աշխատած կադրի՝ Գասպարյանը շատ լավ գիտե, որ բոլոր սադրանքների արդյունքում տուժողը հասարակ քաղաքացիներն են. հետո բոլորը տուն են գնում, և զոհերի ու տուժողների հարազատները մնում են մեն-մենակ:

Հենց նույն և հաստիքով «ընդդիմադիրների» թիմն է, որ իր «առաջընթացի» գլխավոր արգելքը համարում է Վլադիմիր Գասպարյանին և բոլոր միջոցներով աշխատում է նրան թուլացնելու, սևացնելու և պարզապես պաշտոնազրկելու ուղղությամբ: Զուր ջանքեր՝ գոնե վարկաբեկելու մասով, որովհետև ոստիկանական համակարգում փոփոխությունները ակնհայտ են, անշուշտ՝ որքանով որ դա հնարավոր է այս ռեժիմի օրոք: Ակնհայտ է, որ ոստիկանությունը մարդկային դեմք է ստանում… Եվ չմոռանանք, որ ոստիկանապետը համակարգի քաղաքականության համար է պատասխանատու և մեծագույն ցանկության դեպքում անգամ անկարող է աշխատել բոլոր ոստիկանների փոխարեն: Բայց որ նա հնարավոր ամեն բան է անում՝ ոստիկաններին դարձի բերելու, ոստիկանների մեջ մարդու և քաղաքացու պաշտպանի հատկություններն ու պարտականությունը խթանելու համար՝ վիճելու բան չէ:

Վլադիմիր Գասպարյանի դեմ ստվերային պայքար մղողները լավ կլիներ՝ հիշեին, որ երբ իրենք այստեղից-այնտեղից բան էին թռցնում ու քարշ տալիս նախնական կապիտալի իրենց մկնաբույնը, նա պատերազմում էր, հետո ղեկավարում էր նորաստեղծ բանակի կարևորագույն օղակներից մեկը և ընդհանրապես՝ բախտի բերմամբ կարիերա արած մեկը չէ և պատվով է անցել ճանապարհ, որ իրենք երազել անգամ չեն կարող: Եվ մի քանի տարի անց, եթե նրանց հիշող լինի, ապա միայն Վլադիմիր Գասպարյանի դեմ ՙպայքարի՚ զվարճալի պատմությունների համատեքստում:
Անկեղծ ասած, կարելի է հասկանալ Վլադիմիր Գասպարյանի «ցավով տառապողներին». նրան մի ամբողջ կյանք նախանձող տղամարդ կոչվածները գոնե այնքան խելք ունեն, որ տեսնեն և գնահատեն իրենց տարբերությունները՝ ինտելեկտի, տղամարդկային վարքաբանության, սկզբունքայնության, ուժի, բարձր արժեքներ կրելու և պարզապես մարդկային հմայքի մասով:

Գուցե տարօրինակ շնորհավորանքի տեքստ ստացվեց, բայց ես գիտեմ, որ բարեմաղթանքներ հղելուց զատ բարեկամին պետք է նաև ազատել տեսանելի և աներևույթ «բարեկամների թուղթուգրից»: Թեկուզ և այսպիսի տարօրինակ շնորհավորանքի և Հավատի, Հույսի ու Սիրո՝ ևս մի կյանք տևող նոր լիցքերի ընծայումով:

…Սիրելի բարեկամ, շնորհավոր քո տարեդարձը:
Եվ շնորհակալ եմ ճակատագրին՝ քեզ ճանաչելու, քո մարդկային մտերմությունը վայելելու համար: Կան մարդիկ, որոնց հետ բարեկամությունը ապրեցնում է անգամ երբ նրանք կողքիդ չեն, և որը շարունակվում է՝ անտեսելով ամեն խոչընդոտ, բոլոր վիհերը լցնելով հիշողությամբ, որ ոչ ոք չի կարող խլել:
Հազարավոր կիլոմետրերի ու տարիների հեռվից..»:




Լրահոս