Մենք 21 տարի է զինադադարի պայմաններում ենք, և երբեք չի դադարել սահմանին ընդհարումները, կրակոցները, փոխադարձ սպանությունները: Իհարկե, նախաձեռնողը միշտ Ադրբեջանն է, իսկ պատասխանողը՝ Հայաստանը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին նշեց պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը, հավելելով, որ ԶԼՄ-ները և հանրությունը մշտապես չափազանցնում են սահմանին լարվածության աստիճանը:
Անդրադառնալով ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենք վաճառելուն և հայ-ռուսական հարաբերություններին, Շիրխանյանը նշեց, որ ՌԴ-ն Հայաստանի դաշնակից երկիրն է և պետք է զգույշ մոտենալ ռազմական անվտանգության խնդիրներին:
«Այո՛, Ռուսաստանն Ադրբեջանին զենք վաճառել է , բայց զենք վաճառել է նաև Իսրայելը, Ուկրաինան, Բելառուսը, Գերմանիան, Թուրքիան: Ես բոլորովին չեմ հավատում, որ հայ զինվորների վրա կրակում են ՌԴ-ից բերված զենքով»,-նշեց նա:
Հարցին, թե ինչու է ՀԱՊԿ-ը լռում հայ–ադրբեջանական սահմանագոտում Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումների մասին այն դեպքում, երբ Հայաստանն այդ կառույցի անդամ է, Շիրխանյանը նշեց, թե ՀԱՊԿ-ը կոլեկտիվ անվտանգությունն է ապահովում և դա վերաբերում է պատերազմական գործողություներին:
«Ադրբեջանը տեռորիստական երկիր է, և ՀՀ-ի պատասխանը պետք է լինի հակատեռորիստական գործողություն»,-հավելեց Շիրխանյանը: