Դեռ ինչեր տեղի կունենան նախքան ընտրությունները. Իջևանի քաղաքապետի թեկնածուին վարկաբեկող տեսանյութեր են տարածվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մի քանի օրից Տավուշի մարզկենտրոն Իջևան քաղաքում տեղի կունենան քաղաքապետի ընտրություններ, իսկ քաղաքում իրավիճակը գնալով դուրս է գալիս վերահսկողությունից:

Ինչպես հայտնի է` թեկնածուների մեջ են Իջևանի նախկին և գործող քաղաքապետերը` Վարուժան Ներսիսյանն ու Վարդան Ղալումյանը: Armlur.am-ը բազմիցս անդրադարձել է ՀՀԿ-ական նշված թեկնածուների լարված հարաբերություններին: Գործող քաղաքապետ Վարդան Ղալումյանն ասում է, որ եթե Վ. Ներսիսյանը չհանի թեկնածությունը, սեպտեմբերի 13-ին խայտառակ պարտություն է կրելու: Իսկ Վ. Ներսիսյանն էլ հակադարձում է, թե անցած 4 տարում Իջևանի խնդիրները չեն լուծվել, այդ պատճառով էլ իջևանցիներն իրեն հորդորել են դնել թեկնածությունը:

Եվ ահա, քիչ առաջ տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ Վարուժան Ներսիսյանը դիմել է ոստիկանության տեղական մարմիններին՝ իրեն վարկաբեկող տեսանյութերի հեղինակներին հայտնաբերելու և պատժելու պահանջով:

Շրջանառվող լուրերի համաձայն` ֆեյսբուքյան կեղծ օգտատերեր մոնտաժված տարբերակներով տեսանյութեր են տարածում, որոնք վերաբերում են Վարուժան Ներսիսյանին: Armlur.am-ի հետ զրույցում քաղաքապետի թեկնածուն հայտնեց, որ իրեն տեղեկություններ են հասել, որ այս ամենը գործող քաղաքապետի ձեռքի գործն է: Մեր զրուցակիցը դժվարացավ այլ հարցերի պատասխանել` նշելով միայն, որ կսպասի իրավապահների աշխատանքների արդյունքներին: Եթե նրանց չհաջողվի որևէ բան պարզել, Վարուժան Ներսիսյանը կդիմի ավելի բարձր ատյանների:

Իսկ Վարդան Ղալումյանը նշված տեղեկությունը կտրականապես հերքում է: Armlur.am-ին Իջևանի քաղաքապետը հայտնեց, որ իրեն ևս տեղեկություններ են հասել նշված տեսանյութերի մասին, սակայն վստահեցրեց, որ ինքը նման բան երբեք չէր անի. «Դա արվում է ինձ վարկաբեկելու համար: Ես նման բան երբեք չէի անի»,- եզրափակեց Ղալումյանը:

Թերևս մնում է սպասել իրավապահների բացահայտումներին և ընտրությունների շուտափույթ կայացմանը:




Լրահոս