Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ֆիլիպինների նորանշանակ դեսպանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ֆիլիպինների Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Կարլոս Դ. Սորրետան (նստավայրը՝ Մոսկվա):

Նախագահը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և հույս հայտնել, որ պաշտոնավարման ընթացքում նա իր փորձն ու կարողություններն ամբողջությամբ կներդնի Հայաստանի և Ֆիլիպինների միջև հարաբերությունների զարգացման և երկու ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է ակտիվացնելու Ֆիլիպինների հետ քաղաքական երկխոսությունը, սերտացնելու կապերը միջխորհրդարանական և միջկառավարական մակարդակներում, զարգացնելու համագործակցությունը տնտեսական, մշակութային, գիտակրթական և այլ ոլորտներում, որտեղ, Հանրապետության Նախագահի համոզմամբ, զգալի աշխատանք կա իրականացնելու: Տարբեր ոլորտներում փոխգործակցությունը խթանելու համար Նախագահը կարևորել է երկկողմ հաճախակի շփումներն ու փոխայցելությունները, որոնք, ըստ նրա, կօգնեն ճանաչել փոխադարձ շահերն ու հետաքրքրությունները, ինչպես նաև կնպաստեն միջազգային կառույցներում միմյանց օգտակար լինելու համար համապատասխան դիրքորոշումների ձևավորմանը:

Դեսպան Սորրետան վստահեցրել է, որ առավելագույն ջանք կներդնի հայ-ֆիլիպինյան հարաբերությունները զարգացնելու համար և տեղեկացրել է ՀՀ Նախագահին, որ արդեն իսկ այդ նպատակով հանդիպումներ է ունեցել Հայաստանում՝ այս ընթացքում կենտրոնացնելով աշխատանքը հնարավոր երկկողմ համաձայնագրերի մշակման ուղղությամբ:

Նախագահ Սերժ Սարգսյանը հաջողություններ է մաղթել դեսպանին՝ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում:




Լրահոս