Վերջերս անդրադարձել էինք Հայաստանում բաց բաժնետիրական ընկերությունների ստեղծման և արժեթղթերի շուկան աշխուժացնելու խնդրին: Կարծում ենք, որ շուկայում ստեղծված իրավիճակը բիզնեսին մտածելու տեղիք է տալիս և պահանջում նոր իրողությանը համապատասխան լուծումներ գտնել: Մեր գործարարները, ուզեն թե չուզեն, պետք է վերանայեն իրենց զարգացման ռազմավարությունը և հետևեն մնացած աշխարհի օրինակին:
Մեկ տարի առաջ, թե «Ինչու՞ Հայաստանում բաց բաժնետիրական ընկերություններ գրեթե չկան և ֆոնդային բորսայում ներկայացված չեն» հարցը միանգամայն հռետորական էր: Իսկ արդեն այսօր որոշակի շարժ է նկատվում: Իհարկե` չնչին, բայց դե, ինչպես ասում են, դժվարը սկիզբն է: Վերջերս մեր հայկական երկու բանկ հայտարարեցին բաժնետոմսեր թողարկելու մասին, ինչը մամուլի կողմից գրեթե աննկատ մնաց, թեև, ըստ իս, թեման ավելի քան արդիական է, հատկապես` ներդրումների ծավալների նվազման ֆոնին:
Ընկերության կողմից ֆոնդային բորսա դուրս գալը, ինչպես ներկայացրել էինք մեր նախորդ հրապարակումներում, բավականին ծավալուն գործընթաց է, և որպեսզի ընկերությունն այն հաջող իրականացնի, պետք է շուկայում համապատասխան դիրք, ֆինանսական կայուն վիճակ և զարգացման տեսանելի հեռանկարներ ունենա: Մասնավոր և ինստիտուցիոնալ ներդրողների ներգրավումն իր հերթին կբարձրացնի բիզնեսի որակը և կխթանի ներդրումների շուկայի զարգացումը Հայաստանում: Ցանկացած երկրում այն կազմակերպությունները, որոնց արժեղթղթերն ազատ շրջանառվում են շուկայում, վայելում են հանրության վստահությունը, ավելի թափանցիկ են և ընկալելի սպառողների կողմից: Այսինքն, ընկերությունները դառնում են «հանրային» և վերահսկվում շատ թվով բաժնետերերի կողմից, այլ ոչ թե ամբողջությամբ կառավարվում մեկ կամ երկու-երեք անձերի կողմից:
Շուկայի մասնակիցներն ասում են, որ Հայաստանում փող կա, սակայն չկա պատկերացում բաժնետոմսերի վերաբերյալ` որպես գումարի ներդրման ապահով միջոց: Հուսանք, որ առաջին «ծիծեռնակները» կկոտրեն այդ կարծատիպը և արժեթղթերի հաջող տեղաբաշխում կիրականացնեն: Հատկապես, դա կարևոր է նախնական հրապարակային առաջարկի (IPO) պարագայում: IPO-ն (initial public offering) ենթադրում է բանկի բաժնետոմսերի թողարկում և վաճառք խոշոր ներդրողներին ու լայն հասարակությանը:
Վերջին տասնամյակում այն մեծ թափ է հավաքում արտերկրում, հատկապես ԱՄՆ-ում, Չինաստանում և եվրոպական երկրներում: Բայց, արդեն իսկ հետ չեն մնում նաև հետխորհրդային երկրները: Օրինակ, մի քանի տարի առաջ Ղազախստանը նախաձեռնեց «ժողովրդական IPO» ծրագիրը, որի նպատակն էր հնարավորություն տալ բնակչությանը գնելու երկրի խոշոր կազմակերպությունների բաժնետոմսերը և զարկ տալ արժեթղթերի շուկայի հետագա զարգացմանը: Զարգացնելով արժեթղթերի շուկան, պետությունը բնակչության համար ստեղծում է խնայողություններն ապահով պահելու ևս մեկ գործիք, իսկ ընկերությունները ներդրումային ծրագրերի իրականացման նպատակով ներգրավում են լրացուցիչ ֆինանսավորում:
Անի Ստեփանյան