Միհրան Պողոսյանը հանդիպում է ունեցել իր ռուսաստանցի գործընկերոջ հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կատարողական վարույթի հիմնահարցերով Բուրյաթիայի Հանրապետությունում այս օրերին անցկացվող գիտագործնական համաժողովի 2-րդ օրը ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության դատական պրիստավների դաշնային ծառայության տնօրեն-ՌԴ գլխավոր դատական պրիստավ Արթուր Պարֆենչիկովի հետ:

Հանդիպման ընթացքում մասնավորապես քննարկվել է հարուցված կատարողական վարույթներով փոխօգնության կարգով վարույթի կողմերին առընչվող տեղեկատվության փոխանակման մեխանիզմների պարզեցման և հստակեցման անհրաժեշտության հարցը: Սույն հարցի արդիականությունը պայմանավորված է հատկապես այն հանգամանքով, որ կատարողական վարույթներով պարտապան հանդիսացող անձինք երբեմն փոխում են իրենց մշտական բնակության կամ ժամանակավոր գտնվելու վայրը՝ այդ թվում հարևան երկրներ մեկնելով, ինչն էապես բարդացնում է կատարողական գործողությունների օրենքով նախատեսված պատշաճ ժամկետներում և կարգով իրականացմանը:

Միհրան Պողոսյանը և Արթուր Պարֆենչիկովը փոխադարձ պատրաստակամություն են հայտնել հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները համագործակցության համապատասխան հուշագրի տեսքով մոտ ժամանակներս ամրագրելու հարցում:

Բացի գործնական կիրառման հարցերից, ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը կարևորել է նաև գիտական ոլորտում կատարողական վարույթի հիմնախնդիրներով կատարված աշխատանքների և արձանագրած նվաճումների վերաբերյալ փորձի փոխանակման հարցը: Այս ուղղությամբ ևս հանդիպման ընթացքում ձեռք են բերվել համապատասխան պայմանավորվածություններ և նախանշվել են առաջիկայում ձեռնարկվելիք կոնկրետ քայլերը:

Կողմերը երկուստեք փաստել են, որ նմանատիպ նախաձեռնությունները լավ նախադրյալ են ՀՀ հարկադիր կատարման ծառայության և ՌԴ դատական պրիստավների դաշնային ծառայության միջև առկա համագործակցության մակարդակը մեկ այլ հարթության բարձրացնելու համար:




Լրահոս