Խաղի ելքը որոշվեց մի քանի դրվագներում. Արտակ Օսեյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՖՖ Տեխիկական կենտրոնի` Ֆուտբոլի ակադեմիայի մամուլի ասուլիսների սրահում տեղի ունեցավ Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանի հետխաղային մամուլի ասուլիսը:

– Հավաքականն ակտիվ սկսեց հանդիպումը, բայց հետո թուլացրեց տեմպը: Ինչո՞վ էր դա պայմանավորված:

– Մենք իրոք ակտիվ էինք սկսել: Թուլացնելու պատճառը մրցակցի խաղն էր: Զգոնության պակասի պատճառով զիջեցինք նախաձեռնությունը: Մրցակիցն անհատական վարպետության շնորհիվ բացեց խաղի հաշիվը: Ընդունած գոլից հետո մեր խաղում խառնաշփոթ առաջացավ: Կարծում եմ՝ երկրորդ խաղակեսում զգոնությունը բարձր էր, բավականին հագեցած ֆուտբոլ խաղացինք: Մի քանի դրվագներն արդյունքի առումով որոշիչ եղան:

– Եզրային հարձակվողները եզրերով փոփոխվում էին. դա Ձեր հրահա՞նգն էր:

– Այո, մենք էինք հրահանգել: Եթե դրա կարիքը լիներ, խաղացողները պետք է փոխվեին եզրերով:

– Նորեկների բացակայությունն ինչո՞վ էր պայմանավորված:

– Ցավոք սրտի, փաստաթղթային խնդիրներ կան, հուսով ենք, որ հաջորդ հավաքին նրանք կմիանան մեզ:

– 1:3 հաշվի ժամանակ, երբ կորցնելու ոչինչ չկար, հարձակվողի փոխարեն հարձակվող դուրս բերեցիք:

– Եթե նկատեցիք, նախքան դա, մենք հենակետայինի փոխարեն առաջ քաշված կիսապաշտպան էինք խաղադաշտ մտցրել, արդեն ռիսկի էինք դիմել: Ամեն դեպքում, փոխարինումները վերջում արդյունք տվեցին:

– Որոշ դիրքերում զգացվում էր, որ ֆուտբոլիստները ֆիզիկական առումով ամբողջապես պատրաստ չեն:

– Այո, մենք ունենք այդպիսի խնդիր, քանի որ որոշ ֆուտբոլիստներ պրակտիկա չունեն ու նման բարձր մակարդակի խաղերում դա զգացնել է տալիս: Դա ավելի շատ ակումբների խնդիրն է, հավաքականում մենք պարզապես ժամանակ չունենք դրա վրա աշխատելու, կենտրոնանում ենք տակտիկական գործողությունների և հոգեբանության վրա:




Լրահոս