Մինչ ՀՀ նախագահի ընտրությունների քվեարկության օրը ՀՀ գլխավոր դատախազությունը ստացել է ընտրախախտումների վերաբերյալ 88 հաղորդում, որից 24-ով որոշում է ընդունվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին: Ինչպես լրագրողներին հայտնեց ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումների գրանցման, դրանց պատշաճ քննությունն ապահովող ու համակարգող ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խմբի անդամ, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի դատախազ Արթուր Դավթյանը, ևս 4 հաղորդումների առնչությամբ պարզաբանումներ են տրվել ահազանգերի հեղինակներին, մնացած հաղորդումների ուսումնասիրությունը շարունակվում է:
Ա.Դավթյանն ընդգծեց, որ 88 հաղորդումներից 71-ը ստացվել էին զանգվածային լրատվության միջոցների լրատվության, կայքէջերի, այդ թվում՝ ՀՀ նախագահի թեկնածուների կայքէջերի մշտադիտարկման արդյունքում:
Ընդգծելով, որ ՀՀ դատախազությունում գործում է նաև թեժ գիծ, Արթուր Դավթյանը կոչ արեց ահազանգերի հեղինակներին, ինչպես նաև լրատվամիջոցներին համագործակցել նախաքննության ու հետաքննության մարմինների հետ՝ վերջիններիս նյութեր տրամադրելու առումով:
“Փաստինֆո”