Այսօր, մինչ կառավարության նիստի օրակարգին անցնելը, Հովիկ Աբրահամյանը փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանին խնդրեց ներկայացնել ՀԷՑ-ում աուդիտորական ընկերության աշխատանքների ընթացքը:
««Դելոյթ և Տուշ ԱՊՀ» ՓԲԸ-ն, ըստ պայմանագրի, արդեն սկսել է իր աշխատանքները: 2 օր առաջ հանդիպում է տեղի ունեցել ՀԾԿՀ-ի մասնագետների հետ: Երեկ ամբողջ օրը հանդիպումներ են ունեցել կարգավորող մարմինների հետ: Ըստ պայմանագրի` գործընթացը պետք է տեղի ունենա փուլերով: Առաջին փուլն ավարտվում է սեպտեմբերի վերջին, երկրորդ փուլը` հոկտեմբերի վերջին, երրորդ փուլը` նոյեմբերի վերջին»,- տեղեկացրեց Գաբրիելյանը:
Փոխվարչապետը նշեց, որ 3 փուլերի ընթացքում տրվելու բոլոր հարցերի պատասխանները. «Կատարվելու է նաև ՀԾԿՀ ուղարկված հայտի վերանայում, ինչպես նաև հայտում ներառված հիմնավորումների վերաբերյալ ուսումնասիրություն»,- նշեց Գաբրիելյանը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ հետաքրքրվեց, թե երբ պատրաստ կլինի սակագնի հիմնավորվածության վերաբերյալ որոշումը. «Մինչև սեպտեմբերի վերջ կունենանք սակագնի հիմնավորվածության վերաբերյալ տեղեկատվություն»,- պատասխանեց փոխվարչապետը: