ՄԻԱՍԵՌԱԿԱՆ ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԴԵՄ ԵՆ ԵՎ ՎԵ՛ՐՋ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպել էր խորհրդարանական լսումներ, որի ժամանակ քննարկվեց Սահմանադրության փոփոխությունների նախագիծը: Նշենք, որ քննարկումները բավական երկար տեւեցին, իսկ ընթացքն էլ բավական բուռն ստացվեց:

Լսումների սկզբում նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը ներկայացրեց նոր Սահմանադրության առանցքային դրույթները եւ նախորդից դրա տարբերություններն ու առավելությունները: Նրա խոսքով՝ 1995 թվականի Սահմանադրությունն իշխանակենտրոն էր` անձնակենտրոն իշխանության համակարգով: «Այդ Սահմանադրության իշխանության կենտրոնը հանրապետության նախագահն էր: 2005-ին չկարողացանք Սահմանադրությունն այնպես փոխել, որ հրաժարվենք իշխանակենտրոնությունից: Այս Սահմանադրությունն առանձնանում է նրանով, որ մարդակենտրոն է, առանցքում մարդն է», – ընդգծեց Պողոսյանը:
Ընդդիմադիր պատգամավոր Հրանտ Բագրատյանը սակայն չհամաձայնեց Պողոսյանի դիտարկման հետ եւ նշեց, որ այս նոր նախագծում մարդու իրավունքներին վերաբերող բազմաթիվ սխալ հոդվածներ կան: Մինչ իր դիտարկումները ներկայացնելը, պատգամավորը նախ ընդգծեց, որ սահմանին լարված վիճակ է, իսկ քաղաքական գործիչները սահմանադրական փոփոխությունների հարցն են քննարկում:
Ապա պատգամավորը տարակուսանք հայտնեց, որ Սահմանադրության նախագծից հանվել են հարցեր, եւ փոփոխության են ենթարկվել կետեր, որոնց մասին հանրությանը չի տեղեկացվել: Որպես օրինակ նա բերեց 23 հոդվածը, որը թույլ էր տալիս մարդուն սպանել, որը, սակայն, արդեն փոփոխված է: Անդրադառնալով Վարդան Պողոսյանի այն հայտարարությանը, որ 1995 թվականի Սահմանադրությունն իշխանակենտրոն էր, իսկ սա` մարդակենտրոն, Բագրատյանը նշեց, որ այս նախագծի մեջ շատ են մարդու իրավունքների սահմանափակումները:
Խոսելով սահմանափակումների մասին` Վարդան Պողոսյանը նշեց, որ դրանք այսօր էլ կան գործող Սահմանադրության մեջ: «Քիչ իրավունքներ կան, որ սահմանափակման ենթակա չեն: Այն սահմանափակումների ծավալը, որն առաջարկվում է նախագծում, առկա է Եվրոպական կոնվենցիայում: Ինչ վերաբերում է սպանելու իրավունքին, կյանքի իրավունքը դա բացարձակ իրավունք չէ: Դա միակ տեղն է, երբ ես հրապարակայնորեն քննադատել եմ մեր հանձնաժողովի աշխատանքը եւ անձամբ ինձ, որ, ընկրկելով դեմագոգիական փաստարկների առջեւ, սահմանադրական հանձնաժողովը չընդգրկեց համապատասխան հոդվածում այն սահմանափակումները, որոնք կան մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի երկրորդ հոդվածում»,-նշեց Վարդան Պողոսյանը:
ԲՀԿ-ին մասնավորապես հետաքրքրում էր ընտրությունների երկրորդ փուլի, կայուն մեծամասնության ձեւավորման, ինչպես նաեւ կառավարության չկաշկանդված լինելու հանգամանքը: «Սահմանադրության գործող փաստաթղթում հստակ գրված է՝ Կառավարությունը չի կարող իրականացնել գործադիր իշխանությանը բնորոշ իր գործառույթները, որովհետեւ կաշկանդված է, ըստ էության, նախագահի ինստիտուտով: Այս նոր նախագծով ազատվա՞ծ է եւ, ընդհանրապես, որեւէ այլ ինստիտուտով կաշկանդված լինելո՞ւ է, թե՞ ոչ»,- հետաքրքրվեց ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Վարդան Պողոսյանն ընդգծեց, որ դա կարելի է տարբեր կերպ մեկնաբանել. «Ազատագրված է այնքանով, որ ՀՀ նախագահը կառավարության գործունեությանը խառնվելու իրավունք չունի: Նախագահը հետեւելու է խաղի կանոնների պահպանմանը միայն հստակ սահմանված լիազորությունների միջոցով, որոնք սպառիչ տրված են Սահմանադրության տեքստում: Եթե կառավարության գործունեության արդյունքում առաջանում են իրավական ակտեր, որոնք հակասում են Սահմանադրությանը, ապա այս դեպքում ՀՀ նախագահը միջամտելու իրավունք ունի նաեւ Սահմանադրական դատարան դիմելու միջոցով», – նշեց նա:
Ինչպես սպասելի էր՝ քննարկումների ժամանակ մի քանի անգամ խոսվեց նաեւ միասեռականների ամուսնության դրույթի մասին: Հայտնի է, որ Վենետիկի հանձնաժողովը զարմացած էր, որ Հայաստանում միասեռականների ամուսնություններն արգելող դրույթ կա, եւ դա հանելու կոչով էր հանդես եկել: Սակայն երեկվա քննարկման մասնակիցները միաձայն դեմ էին այդ դրույթը հանելուն: Նրանց խոսքով՝ պետք է օրենքով ամրագրված լինի, որ ընտանիքը կազմվում է տղամարդուց եւ կնոջից:
Խորհրդարանական լսումներն առանց սկանդալի չընթացան: Հենց այս դրույթի մասին հարցը բարձրացրեց քննարկմանը ներկա ՀԿ-ներից մեկի ներկայացուցչի զայրույթը: Դա եղավ այն ժամանակ, երբ հանձնաժողովի անդամ Հրայր Թովմասյանը ներկայացնում էր ընտանիքի մոդելը: «Խոսում եք ընտանիքից, բայց միասեռական ամուսնություն եք թույլ տալիս»,-բղավեց նա: «Եթե բղավում եք, չի նշանակում, որ ճիշտ եք: Մատն էլ իջեցրեք, եթե եկել եք այստեղ՝ լսելու եւ չհասկանալու, դա ձեր խնդիրն է»,- ի պատասխան՝ նշեց Հրայր Թովմասյանը: «Էս ո՞վ ա սա, ոստիկաններին կանչեք, թող հանեն»,- հավելեց նա:
Ավելացնենք, որ լսումներին մասնակցում էին գերատեսչությունների ներկայացուցիչներ, պատգամավորներ, հասարակական կազմակերպությունների ղեկավարներ:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

 
ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ՌՈՒՍԱԿԱՆ ԿՈՂՄԻ ՊԱՐԶԱԲԱՆՄԱՆԸ

«Արարատ իշխան» ընկերության տնօրեն Արամ Մանուկյանն ավելի քան երկու շաբաթ է, ինչ սպասում է 200 կգ թառափը ոչնչացրած ռուսական կողմի պարզաբանմանը: Ըստ ռուսական կողմի՝ ձկան ոչնչացման պատճառը եղել է այն, որ ընկերությունը համապատասխան փաստաթուղթ չի ունեցել՝ դեպի ՌԴ ձուկ արտահանելու համար: Հիմա ընկերությունը հայտնվել է դժվարին կացության մեջ. առաջիկայում հնարավոր է՝ կորցնի իր ռուս գործընկերներին: Հենց այս հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց ընկերության տնօրեն Արամ Մանուկյանի հետ:

-Պարո՛ն Մանուկյան, ի՞նչ նորություններ ունեք ռուսական կողմից:
-Դեռ ոչ մի նորություն չկա: Ի՞նչ անեմ, ամբողջ Կառավարությունը զբաղվում է այս գործով: Իրենց անելիքն է, ես ի՞նչ ունեմ անելու:
-Ավելի քան երկու շաբաթ է, ինչ Կառավարությունը զբաղվում է այս հարցով, բայց ոչ մի առաջընթաց չկա…
-Ես դեմ չեմ, բայց հասկանում եք, որ հայկական կողմից ոչ մի խոչընդոտ, սխալ բան չի կատարվել, այլ ռուսական կողմից է այն եղել: Հիմա մերոնք ասում են, որ զբաղվում են, իսկ ես էլ այս երկրի քաղաքացի եմ ու հավատում եմ իրենց՝ իմ Կառավարությանը: Ասում են՝ սպասի, ես էլ սպասում եմ: Թե ինչին եմ սպասում, ես ինքս էլ չգիտեմ: Պուտինին կարո՞ղ եմ դատի տալ (ժպտում է-Ս.Հ.):
-Իսկ նոր խմբաքանակ արտահանելու մասով ի՞նչ եք մտածում:
-Հիմա ի՞նչ արտահանեմ, չեմ կարող, մինչեւ չկարգավորվեն այս հարցերը: Տանեմ, նորից 1.5 մլն գցե՞մ ջուրը: Դեռ նախորդի պարտքերը չեմ կարողանում մարել, սոված-ծարավ նստած եմ տանը:
-Մեկ այլ երկիր չե՞ք պատրաստվում արտահանել: Օրինակ՝ Վրաստանի Հանրապետություն:
-Վրաստանի հետ երբեւէ չեմ աշխատել եւ ծանոթ չեմ իրենց օրենքներին: Մենք ՌԴ-ում, մասնավորապես Սոչիում եւ Մոսկվայում գտել էինք համապատասխան մարդիկ եւ պետք է պայմանագրեր կնքեինք: Բայց այնպես ստացվեց, որ ամեն ինչ մնաց կիսատ:
-Պարո՛ն Մանուկյան, իսկ կրած վնասների փոխհատուցման մասով ոչ մի խոսակցություն չի՞ ընթացել:
-Ձեր կարծիքով՝ ո՞վ պետք է իմ վնասները փոխհատուցի: Հայկական կողմն ասում է, որ սխալ բան չի արել: Մարդիկ ասում են, որ զբաղվում են: Ես էս երկրի քաղաքացի եմ, հարկերը պարտաճանաչորեն վճարում եմ, ոչ մի օրենք չեմ խախտել, իսկ պետությունը պարտավոր է իր օրինավոր քաղաքացուն պաշտպանել: Մութ ու ցուրտ տարիներին ապրել ենք, յոլա գնացել, տալոնով ենք ապրել, հիմա չե՞նք կարող:
-Ուղղակի հարցի լուծումը, չգիտես թե ինչու, ձգձգվում է, եւ սրա արդյունքում տուժում է ընկերությունը:
-Այսպես թե այնպես տուժում ենք: Իսկ ես ոչինչ չեմ կարող անել, ստիպված եմ սպասել: Չեմ էլ կողմնորոշվում, թե ինչ անել:
-Հնարավո՞ր է, որ այս ամենի արդյունքում կորցնեք Մոսկվայի, Սոչիի Ձեր գործընկերներին:
-Բնական է, որ կկորցնեմ: Ամեն օր Սոչիի գործընկերների հետ վիճաբանության մեջ եմ, որովհետեւ մարդիկ ծախսեր են արել՝ հույս ունենալով, որ ես ապրանք կուղարկեմ:

Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ

 

 

 
ԻՆՉՈՒ Է ԳԱԶԻ ԳԻՆԸ ԹԱՆԿ
ՀՀ իշխանություններն առիթը բաց չեն թողնում՝ հայտարարելու սահմանագոտու հանդեպ հոգատարության եւ այնտեղի բնակիչներին աջակցելու` Կառավարության ջանքերի մասին: Իհարկե, այս ուղղությամբ որոշ բան արվում է: Կառավարության որոշմամբ Ադրբեջանին սահմանակից 31 գյուղերի բնակիչներն իրենց սպառած էլեկտրաէներգիայի եւ գազի վարձավճարները մուծում են կես գնով, բացի այդ՝ Բերդի տարածաշրջանի սահմանամերձ գյուղերի ուսանողների ուսման վճարների համար զեղչեր են սահմանված: Սակայն ադրբեջանական զինուժի կողմից հաճախ հրետակոծվող գյուղերի բնակիչները թանկ են վճարում իրենց ավտոմեքենաները գազով լիցքավորելու համար: Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքի ավտոգազալցավորման ճնշման կայաններում մեկ խորանարդ մետր գազի գինը 170 դրամ է: Տավուշցի վարորդներն ասում են, որ այդ ԱԳԼՃԿ-ներում մինչեւ 250 մթնոլորտ ճնշում են ապահովում: Վարորդների վկայությամբ՝ Տավուշի մարզում գործող ԱԳԼՃԿ-ներում լիցքավորելիս առավելագույնը 220 մթնոլորտ են ապահովում: Իջեւանի տարածաշրջանի Սարիգյուղի տարածքում գործող ԱԳԼՃԿ-ում մեկ խորանարդ մետր գազի գինը 180 դրամ է, Տավուշի մարզի ավտոգազալցավորման մյուս կայաններում՝ 200 դրամ: Նշենք, որ Վրաստանից Հայաստան մտնող ռուսական բնական գազի խողովակաշարը ի սկզբանե ձգվում է Տավուշի մարզի տարածքով: Եվ սահմանագոտու զարգացմամբ իրապես շահագրգիռ Կառավարությունը, հարկ է, որ ուշադրություն դարձնի, թե Տավուշի մարզի ԱԳԼՃԿ-ներում ինչպես է ձեւավորվում գազի գինը, եւ ով է վերահսկում այս ոլորտում տնտեսական մրցակցությունը:

 

ԿԱՐԿՈՒՏԻ ԾԵԾԱԾ ՏԵՂԸ
Սեպտեմբերի լույս 4-ի գիշերը ադրբեջանական հրետակոծության հետեւանքով, ականի բեկորներից սատկել են Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Ոսկեպար գյուղի բնակիչ Մանվել Ալավերդյանի 2 կովերը, մյուս 2-ն էլ վիրավորվել են: Մանվել Ալավերդյանը Հրաչ Ալավերդյանի որդին է, ով 1993թ. դեկտեմբերի 9-ին ադրբեջանական դիրքերի հետախուզության ժամանակ ընկավ շրջապատման մեջ եւ պայքարելով մինչեւ վերջ՝ զոհվեց հերոսի մահով: Սեպտեմբերի լույս 4-ի գիշերը Ոսկեպարում ականանետի կրակից վնասվել են նաեւ Վասիլ Մանուչարյանի անասնագոմի տանիքը եւ նրա տան լուսամուտները:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս