ԱՍԵԼՈՒ ԲԱՆ ՉԿԱ՞Ր, ԹԵ՞ ՉԳԻՏԵԻՆ ՈՐՆ ԱՍԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ երեկ նախատեսված էր Սերժ Սարգսյանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Մինչեւ ուշ գիշեր հանդիպման մասին որեւէ հաղորդագրություն չկար ո՛չ Հայաստանի եւ ո՛չ էլ ՌԴ նախագահի պաշտոնական կայքում: Ի վերջո, ժամը 22.50-ին ՌԴ նախագահի պաշտոնական կայքում հաղորդագրություն հրապարակվեց, իսկ 20 րոպե անց նաեւ ՀՀ նախագահական կայքում, որը ռուսական տեքստի կոնսպեկտ էր հիշեցնում: Այսպիսով, ըստ պաշտոնական հաղորդագրության՝ հանդիպման՝ լրագրողների համար նախատեսված արարողակարգային մասում Վլադիմիր Պուտինը անդրադարձել է նաեւ Հայաստանի եւ Ռուսաստանի ապրանքաշրջանառության խնդրին: Նա մասնավորապես ընդունել է, որ այս տարվա առաջին կեսին երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը նվազել է: «Ցավոք, ընթացիկ տարվա առաջին կիսամյակում տեղի է ունեցել փոփոխություն դեպի նվազում: Մենք այսօր այդ մասին եւս կխոսենք: Այդտեղ կան որոշակի նրբություններ, որոնց ես դեռեւս չունեմ պատասխաններ»,- ասել է Պուտինը: Այլ կերպ ասած՝ գիտեմ, որ խնդիր կա, բայց ոչնչով չեմ կարող օգնել: Նկատենք, որ ապրանքաշրջանառությունը նվազել է ՀՀ-ից դեպի ՌԴ արտահանման կտրուկ նվազման հաշվին, իսկ հակառակ ուղղությամբ ցուցանիշները պահպանվել են: Իսկ ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին, նա նախ շնորհակալություն է հայտնել «Գազպրոմ-Արմենիային»՝ մատակարարվող գազի գինը 25 դոլարով էժանացնելու եւ 200 մլն դոլար զենքի վարկ տրամադրելու համար: Սարգսյանն անդրադարձել է նաեւ վերջին 2 շաբաթներին հայ-ադրբեջանական սահմանի լարվածությանը՝ տեղեկացնելով, որ Ադրբեջանը խոշոր տրամաչափի հրազենից բացի՝ կիրառում է նաեւ հրետանի: Իսկ թե այս առնչությամբ ինչ է պատասխանել Պուտինը, հաղորդագրություններում ոչինչ չի ասվում:

 

 

 
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում վերջին շրջանում իրավիճակը բավական լարված է: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նշված հանձնաժողովի նախագահ, ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Էլինար Վարդանյանն իր «ենթակայության» պատգամավորների նկատմամբ սկսել է «պատժամիջոցներ» կիրառել: Նա հանձնաժողովի անդամների բացակայություններն արձանագրում է եւ այդ մասին տեղեկացնում ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին, որպեսզի վերջինս հրահանգի համապատասխան օրենսդիրի աշխատավարձից պահում կատարել: ՀՀ օրենսդրությամբ նման կարգ նախատեսված է, սակայն, որպես կանոն, հանձնաժողովներում այն չի կիրառվում: «Ժողովուրդ»-ը ստեղծված իրավիճակի առնչությամբ մեկնաբանություն ստանալու նպատակով դիմեց նույն հանձնաժողովի փոխնախագահ, ԱԺ ՀՀԿ խնբակցության անդամ Մարգարիտ Եսայանին, որը մեզ հետ զրույցում հավաստիացրեց, որ իրենց հանձնաժողովում ամեն ինչ «կարգին» է: Իսկ հանձնաժողովի նախագահի հետ կապվել չհաջողվեց:

 

 

 

Սերժ Սարսգյանի թիկնազորի ղեկավար Վաչագան Ղազարյանը, նույն ինքը՝ «Սերժի Վաչոն», պարզվում է՝ տարիներ շարունակ գույքի եւ եկամուտների հայտարարագիր չի ներկայացրել: Ինչպես հայտնի է՝ 2008-ի հունիսից նա զբաղեցնում է ՀՀ ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետի առաջին տեղակալի պաշտոնը: Առաջին հայտարարագիրը նա ներկայացրել է այս տարի 2014-ի եկամուտների վերաբերյալ: Ըստ այդմ, Ղազարյանն ունի 11 մլն դրամ, 9 հազ. 500 դոլար եւ 12 հազ. 500 եվրո դրամական միջոց: Նրա տարեկան աշխատավարձը կազմել է 6 մլն 662 հազ. դրամ: Ղազարյանի կինը՝ ոչ մի տեղ չաշխատող Ռուզաննա Բեգլարյանը, ամուսնուց հարուստ է եւ ավելի շատ եկամուտ է ստացել: Նա հայտարարագրել է 25 մլն դրամ, 29 հազ. դոլար եւ 17 հազ. 400 եվրո դրամական միջոց: Նրա տարեկան եկամուտը, որը հայտարարագրել է իբրեւ վարձակալության դիմաց ստացած վարձավճար, կազմել է 15 մլն 120 հազ. դրամ: Ի դեպ, մամուլում լուրեր կան, որ «Համալիրի» սեփականաշնորհման գործարքի թիկունքում հենց Ղազարյանն է կանգնած:

 

 

 

«Մոր եւ մանկան առողջության պահպանման» բժշկական կենտրոնում վիրահատվելու արդյունքում մահացած, Վարդենիսի բնակիչ Կարինե Աղաբեկյանի մահվան պատճառները պարզելու համար նշանակվել է փորձաքննություն: Հիշեցնենք, որ երեք երեխաների մայրն օգոստոսի 19-ին Մարգարյան հիվանդանոցում լաբորոսկոպիկ ճանապարհով վիրահատության էր ենթարկվել. պետք է 40 րոպեում հեռացնեին նրա արգանդի միոման: Սակայն երկու ժամ անց բժիշկը դուրս է եկել եւ ասել, թե արյունահոսություն է սկսվել, պետք է արգանդը ամբողջությամբ հեռացնել: Արգանդը հեռացնելու ժամանակ էլ վնասել է աղիներն ու այլ ներքին օրգաններ: Գրեթե անկենդան Կարինեին հասցրել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղի բժիշկները մոտ երկու շաբաթ պայքարել են՝ նրա կյանքը փրկելու համար, բայց այդպես էլ չի հաջողվել: «Ժողովուրդ»-ը երեկ փորձեց մեկնաբանություն ստանալ Մարգարյան հիվանդանոցում Կարինեին վիրահատած բժշկից՝ Արմեն Գասպարյանից: Սակայն նա հրաժարվեց տեղի ունեցածի վերաբերյալ խոսել՝ ասելով. «Ոչինչ չեմ կարող ասել, փորձաքննություն է նշանակված, արդյունքները կլինեն, կհրապարակենք: Ես կարծում եմ՝ վիրաբուժական սխալ չկա»: Իսկ ՀՀ առողջապահության նախարարությունը ձկան նման լուռ է:

 

 

 

 
«ԵՐԲԵՔ»-ԻՆ ԸՆԴԱՌԱՋ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Ազատությանը» տված հարցազրույցում, անդրադառնալով իր` քաղաքականություն վերադառնալու թեմային, ասել է. «Դա թերեւս ամենից շատ քննարկվող եւ ինձ համար ամենից փակ թեման է: Քաղաքականության մեջ ասում են` երբեք մի՛ ասա երբեք: Ինձ հիանալի եմ զգում այն կարգավիճակում, որ հիմա ունեմ, սակայն դժվարանում եմ ասել` ապագայում այդ ամենը ինչ զարգացում կունենա: Չեմ ուզում որոշակի հստակություն մտցնել այս հարցում, եւ առաջին հերթին այն պատճառով, որ այդ հստակությունը չկա»:
Ինքնին ուշագրավ է, որ նախկին նախագահն իր համար «ամենից փակ թեմային» անդրադառնում է գրեթե բոլոր հարցազրույցների ընթացքում: Էլ չասած, որ նրա գրասենյակի հետ կապվող լրատվամիջոցներով մշտապես կարելի է հանդիպել «Քոչարյանի վերադարձի» թեման «տաք պահող» հրապարակումների: Սակայն «Սանտա Բարբարա» սերիալի նման անվերջանալի այդ հրապարակումների ու հարցազրույցների շարքը հետզհետե ոչ միայն անհետաքրքիր, այլեւ անիմաստ է դառնում:
Բանն այն է, որ շատ կարճ առաջիկայում` ընդամենը 2 ամսից, «երբեք մի՛ ասա երբեք» ասող Քոչարյանի համար գալու է այդ «երբեքը», քանի որ նոր Սահմանադրության ընդունումից հետո Քոչարյանի վերադարձի՝ անգամ տեսական հնարավորությունը կբացառվի: Եվ եթե հիմա` իր համար այս ճակատագրական փուլում էլ Քոչարյանը չի ցանկանում «որոշակի հստակություն մտցնել այդ հարցում», ապա կարելի է ասել, որ Ս. Սարգսյանի պաշտոնավարման ողջ ընթացքում իր վերադարձի վերաբերյալ կիսաակնարկներ անելով եւ այդպես էլ հստակ քայլերի չգնալով` Քոչարյանը մեծ ծառայություն է մատուցել եւ մատուցում Ս. Սարգսյանին: Այլապես ինչն էր խանգարում 2-րդ նախագահին, որն ինչպես հայտնի է` դեմ է սահմանադրական փոփոխություններին, նախագծի հրապարակումից անմիջապես հետո հայտնել իր կարծիքը եւ փորձել պայքարի ճակատ ձեւավորել Ս. Սարգսյանի նախաձեռնած այս գործընթացի դեմ: Ավելի քան 1,5 ամիս է` հայտարարվել է, որ առաջիկայում Քոչարյանը կասի իր կարծիքը սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ, սակայն չնայած մինչ նոյեմբեր մնացած կարճ ժամանակին` նախկին նախագահը չի շտապում: Իսկ այս ընթացքում էլ Ս. Սարգսյանի թիմը թե՛ հանրային, թե՛ քաղաքական շրջանակներին փորձում է համոզել` առաջադրելով կա՛մ սահմանադրական փոխություններ, կա՛մ Քոչարյանի վերադարձ ընտրությունը: Եվ, բնականաբար, շատերը նախապատվությունը տալիս են սահմանադրական փոփոխություններին:
Արդյոք այս ամենը չի գիտակցում 2-րդ նախագահը, դժվար է ասել. չի բացառվում, որ սեփական անհամարժեք ինքնագնահատականը նրան ուղղակի խանգարում է իրավիճակն օբյեկտիվ գնահատել: Իսկ եթե դա այդպես չէ, ապա արդեն առաջիկա օրերին պետք է լսենք սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ Քոչարյանի` քարը քարին չթողնող քննադատությունն ու շատ արագ «ՈՉ»-ի ճակատ ձեւավորելու կոչը:




Լրահոս