ՀՀ նախագահի պաշտոնում իշխանական թեկնածուի խնդիրը վաղուց է խմորվում իշխանության կուլիսներում: Դեռեւս անցած տարվա վերջին իշխանական շրջանակներում մի քանի անուններ էին շրջանառվում՝ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան, ՀՀ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյան, Ռոբերտ Քոչարյանը եւ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյան:
«Ժառանգորդի» տիտղոսի հավակնորդներից մինչ օրս իրեն առավել ակտիվ դրսեւորել է Սեյրան Օհանյանը, որն այս տարվա սկզբից սկսեց ակնհայտ ակտիվ քարոզչություն ծավալել, ինչը նրա պաշտոնավարության հետ կապված չէր: Արդյունքում, Օհանյանի եւ նրա տիկնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի քարոզարշավն ավարտվեց դատական գործով. այժմ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվում է ամուսինների հայցն ընդդեմ «Հրապարակ» օրաթերթի եւ մի կայքի: Այս տարվա մայիսից Սեյրան Օհանյանի ակտիվ քարոզչությունը, կարծես թե, դադարեցված է:
Չնայած իշխանական կուլիսներում հնարավոր «ժառանգորդների» անունները երբեք չեն դադարում շրջանառվել, սակայն քանի դեռ չէր հրապարակվել նոր Սահմանադրության նախագիծը, այդ քննարկումները չափից ավել տեսական էին: Իսկ այժմ արդեն, երբ նոր Սահմանադրության նախագիծը հրապարակվել է, իրադարձությունները սկսում են ավելի հասկանալի եւ իմաստավորված դառնալ:
Մասնավորապես, այժմ արդեն ակնհայտ է, որ եթե նոր Սահմանադրության նախագիծը իրավական ուժ ստանա, ապա հանրապետության նախագահի աթոռը կդառնա թոշակառուին վայել պաշտոն: Նոր Սահմանադրության նախագծով նախագահը իշխանության ոչ մի լծակ չունի, նա նույնիսկ իր աշխատակազմում չի կարող ինքնուրույն նշանակում կատարել, քանի որ ստիպված է լինելու վարչապետի համաձայնությունը ստանալ:
Արդյունքում, անմիջապես լուրեր տարածվեցին, որ Սեյրան Օհանյանը մասնավոր զրույցներում նոր Սահմանադրության նախագծին դեմ է արտահայտվել: Օրերս պարզվեց նաեւ, որ Ռոբերտ Քոչարյանը եւս այդ փաստաթղթին դեմ է: Վերջինս հույս է ունեցել, որ եթե պահպանվի կառավարման ներկա համակարգը, ապա Սերժ Սարգսյանը ստիպված կլինի իրեն փոխանցել իշխանության ղեկը: Այժմ այդ հույսերը հօդս են ցնդել, եւ չի բացառվում անգամ, որ Ռոբերտ Քոչարյանը դառնա ընդդիմության նախաձեռնած «Ոչ»-ի շարժման գործող անձանցից մեկը: Մի խոսքով, եթե Սեյրան Օհանյանը իշխանական վերնախավում պահպանի իր ազդեցությունը, ապա նա ավելի շուտ կցանկանա մնալ պաշտպանության նախարարի պաշտոնում, քան թե դառնալ «անգլիական թագուհի»: Ռոբերտ Քոչարյանը եւս դժվար թե ցանկանա դառնալ իշխանություն չունեցող նախագահ: Կասկածից վեր է, որ եթե նա հնարավորություն ունենա, ապա կձգտի իրական իշխանության` լինի դա ԱԺ նախագահի, թե վարչապետի տեսքով:
Ուստի այսօր արդեն ակնհայտ է, որ նոր Սահմանադրության նախագծով ենթադրվող նախագահի պաշտոնի առավել հավանական թեկնածուն ՀՀ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն է: Բանն այն է, որ ինչպես արդեն նշել ենք՝ նախագահի ապագա պաշտոնը իրենից ոչինչ չներկայացնող, թոշակառուին վայել տեղ է լինելու: Իսկ ինչպես հայտնի է՝ 2018-ի մարտին լրանում է Գագիկ Հարությունյանի 70-ամյակը, եւ նա պետք է թոշակի անցնի: Այսինքն՝ կարող ենք ասել, որ Գագիկ Հարությունյանը, որպես նոր Սահմանադրության նախագծի հեղինակներից մեկը, նախագահի պաշտոնը կոնկրետ իր հագով է «ձեւել»:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի «նախագահական» ամբիցիաները սկսել են վերափոխվել` համահունչ դառնալով ներկա քաղաքական անցուդարձին: Ի տարբերություն մյուսների՝ նա, ինչպես եւ նախկինում, հավակնում է երկրի թիվ մեկ պաշտոնին եւ այդ ուղղությամբ կոնկրետ քայլեր է կատարում: Ակնհայտ է, որ նա մտադիր է նոր Սահմանադրության պայմաններում եւս զբաղեցնել վարչապետի պաշտոնը, եւ նրա բոլոր քայլերը միտված են հենց այդ խնդրի լուծելուն: Իշխանական համակարգի ներսում Աբրահամյանն իր ազդեցությունն աստիճանաբար ավելացնում է: Նրա վերջին ամենալուրջ «ձեռքբերումը» ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնում Արփինե Հովհաննիսյանին նշանակելն էր: Առաջիկա ամիսներին նա Հովհաննիսյանի միջոցով փորձելու է լիարժեք իր վերահսկողության տակ վերցնել արդարադատության նախարարությունը: Եթե Աբրահամյանի ծրագրերն իրագործվեն, ապա 2017 թվականի ԱԺ ընտրություններում նա իշխանական ՀՀԿ-ում կլինի երկրորդ անձը` Սերժ Սարգսյանից հետո, բայց միաժամանակ իր տրամադրության տակ ունենալով իշխանական երկրորդ կուսակցությունը` ԲՀԿ-ն: Ի դեպ, հենց ԲՀԿ-ն է Աբրահամյանի հիմնական խաղաթուղթը` ներիշխանական հետագա մրցավազքում: Եթե Հովիկ Աբրահամյանին հաջողվի մինչեւ 2017 թվականը պահպանել վարչապետի պաշտոնը, իսկ իշխանություններն էլ կարողանան ապագա խորհրդարանում մեծամասնություն ունենալ` միաժամանակ ԲՀԿ-ի համար եւս նշանակալի ներկայություն ապահովելով, ապա Կառավարության ապագա ղեկավարը դառնալու ցանկություն ունեցող թեկնածուների համեմատ ներկա վարչապետը լուրջ առավելություն կունենա ի դեմս ԲՀԿ-ի:
Սակայն ստեղծված իրավիճակի ողջ հմայքը կայանում է նրանում, որ Աբրահամյանի առաջխաղացումն իրագործելու համար անհրաժեշտ է, որ Սերժ Սարգսյանն առնվազն դեմ չլինի նրա ծրագրերին: Բանն այն է, որ ամենեւին չի կարելի բացառել, որ նոր Սահմանադրության նախագիծն «անցկացնելուց» հետո Սերժ Սարգսյանը կորոշի փոխել վարչապետին: Այդ քայլն ուղղակի կնշանակի, որ նա դեմ է Հովիկ Աբրահամյանի` «առաջինը դառնալու» ծրագրերին: Իսկ դրանից հետո ներկա վարչապետը ստիպված կլինի բավարարվել այն դերակատարությամբ, որը նրան կվերապահի Սերժ Սարգսյանը:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
ՕԵԿ-Ը ԽԱՌՆ Է
Նախօրեին տեղի է ունեցել «Օրինաց երկիր» կուսակցության ընդլայնված վարչության նիստը, որը վարել է կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը: Նիստին մասնակցել են ՕԵԿ քաղաքական խորհրդի անդամները եւ հանրապետության բոլոր համայնքների կուսակցության տարածքային կազմակերպությունների ղեկավարները: Անդրադարձ է եղել նոր սահմանադրական նախագծին: Ըստ պաշտոնական տեղեկության՝ մեկ անգամ եւս վերահաստատվել է ՕԵԿ-ի եւ «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորման սկզբունքային մոտեցումները: Նշենք, որ ՕԵԿ-ը փոփոխություններին դեմ չէ, իսկ նույն այդ կուսակցության ստեղծած «Հայկական Վերածնունդ» անունով միավորումը, նոր Սահմանադրության նախագծին կարծես փորձում է դեմ արտահայտվել, իբր այդ փաստաթուղթն իրենց համար անընդունելի է: Երեկ մեզ չհաջողվեց զրուցել ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավորների հետ: Ուստի այդպես էլ չկարողացանք պարզել, թե ինչպես է ստացվում, որ նույն մարդիկ՝ որպես ՕԵԿ-ական, նախագծին դեմ չեն եւ առանձին կետերի հետ կապված առարկություններ ունեն, իսկ երբ նրանք «Հայկական Վերածնունդ» անունով շապիկն են հագնում, նախագիծն իրենց համար դառնում է անընդունելի:
«ՈՉ»-ԵՐԸ ՄԻԱՎՈՐՎՈՒՄ ԵՆ
«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, պարզվում է, ի վերջո, վերադարձել է Հայաստան: Ավելին՝ նա երեկ հասցրեց նույնիսկ հայտարարել, որ իրենց կուսակցությունը միանում է նոր Սահմանադրության դեմ կազմավորված «Ոչ»-ի շարժմանը: Այսպիսով, հասկանալի է դառնում, թե վերջին օրերին «Ժառանգության» ներկայացուցիչներն ինչու էին «ընդհատակ» անցել: Սեպտեմբերի 4-ին կայացած ԱԺ լսումներին «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը մի քանի րոպե մնալուց հետո լքեց դահլիճը՝ ոչինչ չասելով: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ «Ժառանգության» ներկայացուցիչներին հրահանգվել է ոչինչ չխոսել եւ տեսակետ չհայտնել, մինչեւ Րաֆֆի Հովհաննիսյանը կվերադառնա եւ կասի, թե ինչ են անելու: Ի դեպ, «Ոչ»-ին միանալու «Ժառանգության» քայլի արդյունքում բավականին ուշագրավ իրավիճակ է ստեղծվում: Բանն այն է, որ «Ոչ»-ի նախաձեռնողներից ՀԱԿ կուսակցության եւ «Ժառանգության» հարաբերությունները վերջին մի քանի ամիսներին, մեղմ ասած, այդքան էլ լավ չեն: Ուստի ուշագրավ կլինի տեսնել, թե ինչպես են այդ երկու ուժերի ներկայացուցիչները համագործակցելու մեկմեկու հասցեին տարբեր տեսակի վիրավորական խոսքեր ասելուց հետո:
«ՍԵՔՅՈՒՐԻԹԻ ԴՐԻՄ»-ԻՆ ՏՈՒԳԱՆԵԼ ԵՆ
Հայաստանը արագաչափերով եւ տեսախցիկներով ողողած «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ տնօրեն Կարեն Կարապետյանին մաքսային օրենսդրության պահանջները խախտելու համար ՀՀ մաքսային ծառայությունը տուգանել է 2 մլն դրամի չափով: Հայաստանի բնակչության, հատկապես վարորդների համար այս լուրը կարող է սփոփանքի պես մի բան լինել:
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ
ՀՐԱԶԵՆԱՅԻՆ ՎՆԱՍՎԱԾՔՈՎ
2015թ. սեպտեմբերի 6-ին՝ ժամը 01:45-ի սահմաններում, N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքում հայտնաբերվել է նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Նարեկ Արտյոմի Հարությունյանը՝ ստորին ծնոտի շրջանում հրազենային մարմնական վնասվածքով: Ըստ նախնական տվյալների՝ Ն. Հարությունյանը մահացու հրազենային վնասվածքը հասցրել է ինքը:
ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌԸ
ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է Տավուշի սահմանամերձ գյուղեր կատարած այցելությանը: «Մի քանի տասնյակ բնակավայրերում շրջագայությունների արդյունքում հանգել եմ հետեւյալ եզրակացության՝ Հայաստանում աղքատությունը հնարավոր է հաղթահարել խմելու եւ ոռոգման ջուրը մոտավորապես նույնքան հասանելի դարձնելով, որքան հասանելի է էլեկտրականությունը: Այսինքն՝ ինչպես բնակարանների 95 եւ ավելի տոկոսում 24 ժամ հոսանք կա, այնպես էլ բոլոր տներում, առանց բացառության, առնվազն 12 ժամ խմելու ջուր լինի, եւ բոլոր վարելահողերը, առանց բացառության, ապահովված լինեն իրենց անհրաժեշտ ոռոգման ջրով: Հասկանալիորեն՝ տրամաբանական սակագներով», – գրել է նա:
ՂԱՐԱԲԱՂԻՑ ՉԻ ՀԵՌԱՆԱ
Ռուս գործարար Գերման Ստերլիգովը «Ինտերֆաքս»-ի հետ զրույցում կիսվել է ԼՂ-ում իր հետագա պլաններով: Ստերլիգովը հայտարարել է, որ մտադիր չէ խզել կապերը ԼՂ հետ եւ պատրաստվում է պարբերաբար այցելել այնտեղ: «Այն, որ մենք վերադարձել ենք հայրենիք, չի նշանակում, որ չենք վերադառնալու ԼՂ: Մեզ համար այն հարազատ տուն է դարձել»,- ասել է գործարարը:
ՊԱՏՆԵՇՎՈՒՄ ԵՆ
ՀՀ-ի հետ սահմանին՝ Թովուզի շրջանում, Ադրբեջանը պատ է կառուցում: Հաջալի գյուղի տարածքում արդեն կառուցվել է շուրջ 500 մ երկարությամբ պատ, իսկ Ալիբեյլի գյուղի տարածքում՝ 700-800 մ: Այս պահի դրությամբ շինարարական աշխատանքները շարունակվում են: Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ` նման պատ կկառուցվի նաեւ Աղդամի շրջանում, պատի բարձրությունը կլինի 4 մ, իսկ հաստությունը՝ 80 սմ:
ԲԵԼԱՌՈՒՍՈՒՄ
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը երեկ երեկոյան մեկնել է Գրոդնո (Բելառուս)` մասնակցելու այսօր կայանալիք ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին:
ԹՈՒՅԼ ՉԵՆ ՏՎԵԼ
Երեկ առավոտից «Վանաձոր քիմպրոմ»-ի աշխատակիցները բողոքի ակցիա են նախաձեռնել Լոռու մարզպետարանի առջեւ` պահանջելով 10 ամսվա իրենց աշխատավարձը: Նրանք հանդիպել են Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի հետ, որն ընդամենը փոխանցել է, որ ոչնչով չի կարող օգնել: «Քիմպրոմ»-ի աշխատակիցները փորձել են փակել Վանաձոր-Ալավերդի միջպետական նշանակության ճանապարհը, սակայն ոստիկանությունը թույլ չի տվել: