ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ ԵՐԵՔ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄՈՐ ՄԱՀՎԱՆ ԴԵՊՔԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մոր եւ մանկան առողջության պահպանման» կենտրոնում, որը առավել հայտնի է Մարգարյանի հիվանդանոց անունով, կանացի խնդրով (արգանդի միոմա) լաբորոսկոպիկ վիրահատության ենթարկված եւ 14 օր հետո, գիտակցության չգալով, մահացած Կարինե Աղաբեկյանի դեպքից «Ժողովուրդ»-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել:

Հիշեցնենք, որ Վարդենիսի բնակիչ Կարինե Աղաբեկյանը օգոստոսի 19-ին ողջ-առողջ, իր ոտքով գնացել էր Մարգարյան հիվանդանոց՝ արգանդի միոման լաբորոսկոպիկ ճանապարհով հեռացնելու համար: Նույնիսկ վիրահատությունից մեկ օր առաջ վոլեյբոլ էր խաղացել եւ պլանավորել էր վիրահատությունից մեկ օր անց խնջույքի մասնակցել: Ինչպե՞ս ստացվեց, որ ավանդաբար անվտանգ վիրահատություն համարվող արգանդի միոմայի հեռացումը ճակատագրական դարձավ 39-ամյա Կարինե Աղաբեկյանի համար:
«Ժողովուրդ»-ը զրուցեց մահացած Կարինե Աղաբեկյանի ամուսնու՝ Կամո Աղաբեկյանի հետ, ով խայտառակ մանրամասներ պատմեց Մարգարյան հիվանդանոցում տեղի ունեցած վիրահատությունից. «Ինչպես գիտեք՝ արգանդի միոմայի վիրահատության էր գնացել Կարինեն, եւ մեզ հիվանդանոցում հայտնել էին, որ մոտ 40 րոպեանոց վիրահատություն է, կանեն, եւ մյուս օրը Կարինեն հիվանդանոցից դուրս կգրվի: Վիրահատությունը սկսվեց ժամը 13:00-ին: Սպասում էինք, որ 40 րոպեից կավարտեն, ու ամեն ինչ լավ կլինի: Բայց ժամը 15:00-ի սահմաններում վիրահատող բժիշկ Արմենը Գասպարյանը եւ մեկ այլ կին, որը նույնպես վիրահատող բժիշկների մեջ էր, վիրահատարանից դուրս եկան եւ մեզ ասացին, որ արյունահոսություն է սկսվել Կարինեի մոտ»:
Կամո Աղաբեկյանի խոսքով՝ բժիշկ Գասպարյանը հայտնել է, որ արյունահոսությունը կանխելու համար եւս մեկ վիրահատություն պետք է իրականացնեն. «Ասեցին, թե պետք է արգանդն էլ հեռացնեն, որ փրկվի: Բժշկին ես հարց տվեցի՝ երեք ժամ վիրահատություն եք արել ու հիմա հագնված իջել ու ինձ առաջարկում եք արգանդը հեռացնե՞լ: Ասեցի՝ եթե այդ քայլին գնանք եւ արգանդը հեռացնեք, ի՞նչ խնդիրներ կառաջանան, պետք է այլ մասնագետների կանչենք, հետաքրքրվենք արագ: Բայց բժիշկն ասաց, թե որեւէ խնդիր չկա, հարյուր տոկոս լավ է լինելու: Դու մենակ թույլ տուր՝ արգանդի պատից հեռացնենք գնդիկը, սա իրենց խոսքերն եմ ասում: Դե, ես էլ ասեցի՝ երեք երեխա ունեմ, պապիկ եմ, եթե պետք է՝ այդ վիրահատությունն էլ անեն՝ իր կյանքն ապահով դարձնելու համար, խնդիր չկա, թող անեն: Երեք ժամ հետո իմացանք, որ առանց նարկոզից հանելու շտապօգնություն կանչեցին ու շտապ տարան Էրեբունի հիվանդանոց»:
Իսկ ինչ են ասել «Էրեբունի» ԲԿ բժիշկները՝ Կարինեին այդ վիճակում ընդունելով: «Ասեցին՝ իմաստ չկա վիրահատություն անելու, քանի որ եթե անեն, կմնա վիրահատարանի սեղանին: Առաջարկեցին, եթե ստորագրություն կտաք, տեսնենք՝ կարող ենք փրկել կյանքը: «Էրեբունի» ԲԿ-ի բժիշկները փրկեցին կյանքը, ամեն ինչ արեցին ու փրկեցին, դրա համար ես շատ շնորհակալ եմ նրանցից: Առաջին երկու օրը լավ էր: 7 օր անց իմացանք, որ հիմա էլ աղիքները չեն գործում: Մարգարյան հիվանդանոցում աղիքներն էլ էին խառնել իրար»,- խորը հոգոց հանելով՝ պատմեց Կարինեի ամուսինը: Ստացվում է, որ արգանդի մեջ եղած մի գոյացություն հանելու համար բժիշկը վերջին պահին ոչ միայն ողջ արգանդն է հեռացրել, այլ «ճանապարհին» վնասել է Կարինեի որոշ ներքին օրգաններ:
Կամո Աղաբեկյանի պատմելով՝ կնոջը «Էրեբունի» ԲԿ տեղափոխելու օրը Մարգարյան հիվանդանոցի բժիշկ Արմեն Գասպարյանն այնտեղ է եղել. «Երբ «Էրեբունի» ԲԿ-ի աշխատակիցներն ասեցին, որ հույս չեն տալիս, քանի որ ուղեղի բջիջները մահացած են եղել, ներքին օրգաններից շատերը՝ վնասված, եւ անգամ վիրահատությունները չեն կարող այլեւս իրավիճակը փրկել, այդ պահից Մարգարյան հիվանդանոցի բժիշկը կորավ, էլ չենք տեսել: Չգիտեմ՝ միգուցե ներքին կարգով Էրեբունիի բժիշկների հետ կապի մե՞ջ է եղել, չեմ կարող ասել, բայց մենք էլ չենք տեսել: Հիմա սպասում ենք՝ մի որոշ ժամանակ անցնի, նոր կարողանանք զբաղվել գործով»:
Դատելով ստեղծված իրավիճակից՝ Մարգարյան հիվանդանոցում բժիշկները Կարինե Աղաբեկյանի վրա, մեղմ ասած, փորձեր են կատարել, քանի որ միոման հեռացնելու փոխարեն ներքին օրգանները «շարքից դուրս են հանել»՝ ըստ էության նրան դատապարտելով մահվան:

Վիրահատող բժշկի արդարացումը
«Ժողովուրդ»-ը գրել էր, որ Մարգարյան հիվանդանոցում Կարինե Աղաբեկյանի մահվան փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով` բժշկի մասնագիտական պարտականությունները չկատարելը, որը պատժվում է ազատազրկմամբ 2-6 տարի ժամկետով: Արդյո՞ք պատասխանատվություն զգում է երեք երեխաների մորը վիրահատած ու մահվան դուռը հասցրած բժիշկը: «Ժողովուրդ»-ի այս հարցին ի պատասխան՝ Մարգարյան հիվանդանոցի բժիշկ Արմեն Գասպարյանը պատասխանեց. «Ոչինչ չեմ կարող ասել, փորձաքննություն է նշանակված, արդյունքները կլինեն, կհրապարակենք: Ես կարծում եմ՝ վիրաբուժական սխալ չկա: Այսքանը: Մնացածը փորձաքննությունից հետո»: Բժիշկն ուրիշ որեւէ հարցի չպատասխանեց: Հուսանք, որ գոնե այս օրերին նա նոր վիրահատություններ չի կատարի՝ վտանգելով քաղաքացիների կյանքը: Իսկ Մարգարյան հիվանդանոցի տնօրեն Գեորգի Օկոեւը դեռ իր արձակուրդն է վայելում:
Տեղեկացնենք, որ այս օրերին Կարինե Աղաբեկյանի մահվան դեպքով դատական բժշկության հանրապետական գիտագործնական կենտրոնում փորձաքննություն է ընթանում: Բայց, ինչպես փորձն է ցույց տվել, այս կենտրոնի գրեթե բոլոր փորձաքննությունների եզրակացությունները բժիշկներին ջրից չոր են դուրս բերում: Միգուցե համապատասխան կառույցները ինչ-ինչ ճանապարհով հսկո՞ւմ են այս կենտրոնի գործունեությունը եւ իրենց ցանկալի մարդկանց փրկում պատասխանատվությունից, քանի որ, ըստ էության, տարբեր հիվանդանոցներում տեղի ունեցած մահվան բոլոր դեպքերում բժիշկների մեղքը չի ապացուցվել: Եւ այստեղ ինչ-որ բան այն չէ:

ՀՀ Կառավարությունը մտահոգված է
Իսկ ի՞նչ է մտածում այս առնչությամբ ՀՀ Կառավարությունը: «Ժողովուրդ»-ը վերջին շրջանում տարբեր հիվանդանոցներում եւ հատկապես Մարգարյան հիվանդանոցում տեղի ունեցած մահվան դեպքերի մասով փորձեց պարզաբանում ստանալ ՀՀ Կառավարությունից՝ հասկանալու, թե ինչ քայլեր են իրականացնում: Մեր հարցին ի պատասխան՝ ՀՀ Կառավարությունից հայտնեցին. «Տեղի ունեցած դեպքերով մտահոգված ենք, քննություն է ընթանում, խնդիրը գտնվում է իրավական հարթությունում»:

Առողջապահության նախարարությունը չկա՞
Ինչպես արդեն գրել էինք՝ ՀՀ առողջապահության նախարարությունը նմանօրինակ դեպքերում ձեռքերը լվանում է՝ հայտնելով, որ տեղի ունեցածի համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, խնդիրն այլեւս իրենց տիրույթում չէ: Մինչդեռ իրականում Արմեն Մուրադյանը, լինելով ՀՀ առողջապահության նախարար, շատ մեծ լիազորություն ունի եւ այս դեպքում ողջ բեռը իրավապահների վրա գցելը նրան չի արդարացնում: Հաշվի առնելով այն, որ որոշ բժշկական կենտրոններում մեկից ավելի մահվան դեպքեր են եղել, նախարար Մուրադյանը շատ հանգիստ կարող էր բժշկական հաստատությանը զրկել լիցենզիայից՝ այդպես պատժելով նրանց՝ մարդկանց սպանելու համար: Սակայն ինչպես տեսնում ենք՝ ո՛չ բժիշկներն են պատասխանատվության ենթարկվում եւ ո՛չ էլ հիվանդանոցները, դրա համար էլ բժշկական սխալի հետեւանքով մահվան դեպքերը, կարծես, սովորական են դարձել մեր առօրյայում:
Այս իրավիճակում երկու եզրակացության կարելի է հանգել՝ կա՛մ նախարար Մուրադյանը վախենում է հիվանդանոցների դեմ դուրս գալ, կա՛մ էլ կարծում է, որ իսկապես բժիշկները ճիշտ են աշխատում՝ ըստ էության սպանելով նրանց: Երկու դեպքում էլ տխուր պատկեր է: Նախարարն իր առջեւ դրված պարտականություններն ու լիազորությունները չի իրականացնում: Գուցե այս պայմաններում նախարարի աթոռը զիջեի՞ն այնպիսի մեկին, որը տիրապետում է ոլորտին: Չէ որ կաթողիկոսի անձնական բժիշկ լինելը դեռ չի նշանակում լավ նախարար:
«Ժողովուրդ» օրաթերթը հետամուտ է լինելու Կարինե Աղաբեկյանի մահվան գործի հանգամանքների բացահայտման հարցում. նրան սպանած մասնագետները պետք է պատասխանատվություն կրեն:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

 

ԿԴԻՄԵՆ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ
Երեկ «Ժողովուրդ»-ի խմբագրություն դիմում-բողոք են ներկայացրել ԵՊՀ-ի մի խումբ դասախոսներ: Վերջերս հայտնել են, որ համալսարանում դասավանդող մի շարք թոշակառու դասախոսների պատճառով երիտասարդները ժամեր չունեն կամ կես դրույքով են աշխատում: Նրանք նշել են, որ այդ դասախոսներից շատերն իրենց աշխատանքային գործունեության ընթացքում անգամ մեկ գիտական հոդված չունեն, այն դեպքում, որ ժամեր չունեցող դասախոսների մեծ մասը գիտությունների թեկնածուներ են:
Ավելին՝ ըստ դասախոսների՝ ԵՊՀ-ում եղել են դեպքեր, երբ ժամերի սակավության պատճառով գիտությունների թեկնածուները ստիպված տարիներ շարունակ ամբիոններում լաբորանտ են աշխատել: ԵՊՀ աշխատակիցները պատրաստվում են դիմում-բողոքով դիմել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին եւ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին: Ստեղծված իրավիճակի շուրջ պարզաբանում ստանալու համար «Ժողովուրդ»-ը զրուցեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հետ. «Մի՛ շարունակեք, այդ նամակը մի խումբ աշխատակիցներ չեն գրել, դա մեր կենսաբանական ֆակուլտետի լաբորանտներից Զախարյանն է գրել: Այդ նամակից ես տեղյակ եմ, քանի որ ինձ էլ նման նամակ ուղարկվել է եւ նրա ստորագրությամբ է եղել: Նախ նշեմ, որ նա նամակը գրել է շատ ուշ, պետք է մայիսին դիմեր: Ինչեւէ, դասաժամեր է ուզում, մենք իրեն ուղարկել ենք դեկանի մոտ, խնդիրը կարգավորված է, իրեն դասաժամերը կտրվեն հաջորդ տարի»:
Մեր այն պնդմանը, որ բողոքը մի խումբ դասախոսների անունից է գրված, Ա. Սիմոնյանը պատասխանեց. «Դուք անձամբ կարող եք գալ տեսնել, թե այս տարի քանի երիտասարդ դասախոս է ընդունվել համալսարան: Այդ բոլորը արվում է կանոնակարգված, արվում է հասկանալով, որ պետք է սերնդափոխություն ապահովել: Այնպես որ, մեզ մոտ չի կարող այդ խնդիրը ծագել, քանի որ ամեն օր զբաղված ենք այդ խնդրով»:

 

ՊԱՐՏՔԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ
Երեկ զարմանալի դեպք է տեղի ունեցել ՀՀ Կառավարության շենքում: ՀՀ Կառավարության անվտանգությունն ապահովող ԱԱԾ աշխատակից Լյուդվիգ Հովհաննիսյանն ինքնասպանության փորձ է կատարել գլխի շրջանում հրազենային վնասվածք հասցնելու ճանապարհով: Թիվ 1 համալսարանական հիվանդանոցում, որտեղ վիրահատության է ենթարկվել, նրա վիճակը ծանր են գնահատել: Դեպքը տեղի է ունեցել Կառավարության շենքի հետնամասում: Թե ինչու է Հովհաննիսյանը գնացել այդ քայլին, դեռեւս հայտնի չէ, սակայն, ըստ շրջանառվող լուրերի, ֆինանսական դժվարություններ է ունեցել: Ավելին՝ այդ քայլին գնալուց առաջ գրություն է թողել:
Հուսանք՝ բժիշկներին կհաջողվի փրկել երիտասարդի կյանքը:
Հիշեցնենք, որ 2013թ ՀՀ Կառավարության 3-րդ մասնաշենքի 6-րդ հարկի պատշգամբից ցած էր նետվել բնապահպանության նախարարության աշխատակից Հայկ Հայրապետյանը: Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ տղան եւս պարտքեր է ունեցել, ինչն էլ, միգուցե, նրան դրդել էր գնալ այդ քայլին:




Լրահոս