ԽԱՉԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԺԱՄԿԵՏԱՆՑ ՀԱՎԿԻԹՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես նշել էինք մեր նախորդ հրապարակման մեջ, «Երեւանի թռչնաբուծական ֆաբրիկա» ԲԲԸ-ն 2012թ. սեպտեմբերի վերջին հրապարակայնորեն հայտարարել է, թե իր համար «առաջնահերթ են սպառողի անվտանգությունն ու Ընկերության բարի համբավը»: Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ վեհ ու հուզիչ գաղափարներ են՝ սպառողի անվտանգություն, ընկերության բարի համբավ… Բայց, պարզվում է, հիշյալ ընկերությունը, մեղմ ասած, շատ ուրույն պատկերացումներ ունի սպառողների անվտանգության եւ իր բարի համբավի վերաբերյալ: Ահավասիկ…
ՏՄՊՊ հանձնաժողովը «Երեւանի թռչնաբուծական ֆաբրիկա» ընկերությանը տուգանել է նաեւ 2010թ., բայց այս անգամ արդեն այլ օրինախախտման համար: Հարուցած վարույթի ընթացքում եւ «Հավի ձու կճեպով» ապրանքային շուկայում կատարված ուսումնասիրությամբ բացահայտած փաստերի հիման վրա ՏՄՊՊՀ-ն իր 2010թ. հուլիսի 28-ի նիստում որոշում է կայացրել նույն ապրանքային շուկայում գործող «Երեւանի թռչնաբուծական ֆաբրիկա» ԲԲԸ-ի, «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա» ՍՊԸ-ի, «Արզնու տոհմային ԹՏԽ» ԲԲԸ-ի, «Արաքս թռչնաբուծական ֆաբրիկա» ՓԲԸ-ի եւ «Զանգափ» ՍՊԸ-ի նկատմամբ անբարեխիղճ մրցակցության համար 500.000-ական դրամի չափով տուգանք նշանակելու վերաբերյալ:
Հանձնաժողովի կատարած դիտանցումների արդյունքում պարզվել էր, որ այդ ընկերությունների կողմից արտադրված եւ իրացվող հավկիթների վրա, ի թիվս այլ տեղեկատվության, բացակայում է պիտանելության ժամկետի մասին նշումը, ինչը կարող է որակվել որպես հասարակությանը մոլորեցնելու եւ անբարեխիղճ մրցակցության գործողություն:
Հատկապես ամառվա սեզոնին՝ բարձր ջերմաստիճանի պայմաններում, տնտեսվարողները խուսափում են հստակ ժամկետներ նշել ձվի վրա: Արդյունքում սպառողները կարող են ձեռք բերել պիտանիության ժամկետը լրացած սննդամթերք` վտանգելով իրենց առողջությունը: Այսպիսով՝ պիտանիության ժամկետը չնշող ձու արտադրողները, սպառողների շահերը վնասելով, ստեղծում են անհավասար մրցակցային պայմաններ:
Հիշյալ ուսումնասիրությամբ պարզվել է նաեւ, որ շուկայում ի հայտ է եկել նոր գերիշխող սուբյեկտ, քանի որ «Արաքս թռչնաբուծական ֆաբրիկա» ՓԲԸ-ն եւ «Երեւանի թռչնաբուծական ֆաբրիկա» ԲԲԸ-ն, որոնք այն ժամանակ գրավել են շուկայի 29.16 տոկոս բաժինը, պատկանում են միեւնույն անձանց խմբին: Դա նկատի ունենալով էլ հանձնաժողովը որոշել է նշված ընկերություններին ճանաչել գերիշխող դիրք ունեցող:
Եվս մեկ, բայց արդեն թարմ բացահայտման մասին. միանգամայն հավաստի աղբյուրից մեզ հայտնի դարձած տեղեկատվության համաձայն` ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն ընկերության վերոնշյալ հայտարարությունից մոտ երեք շաբաթ առաջ` սեպտեմբերի 3-7-ը, այսինքն` ընդամենը 4-5 օրում, հայտնաբերել է ՀՀ օրենսդրության պահանջներին չհամապատասխանող, խախտումներով իրացվող «Երեւանի թռչնաբուծական ֆաբրիկա» ընկերության բազմաթիվ ձվեր:
Մասնավորապես միայն Երեւանի 16 խանութում հայտնաբերվել են անընթեռնելի մակնշումով ձվեր: 12 խանութում հայտնաբերվել է ձվերի մակնշման անհամապատասխանություն, այսինքն՝ կա՛մ դրանց արտադրության ամսաթիվը չի համապատասխանել իրականությանը, կա՛մ էլ ձվի չափը կամ քաշը ցույց տվող համարը, ինչից կարող ենք ենթադրել, որ փոքր ձվերը մեծի տեղ են իրացվել: Չորս խանութում անընթեռնելի է եղել միայն ձվերի արտադրության ամսաթիվը, իսկ մեկ խանութում հայտնաբերվել են պիտանելության ժամկետը լրացած ձվեր:
Բացի վերոնշյալից, երկու խանութում հայտնաբերվել է ԵԹՖ-ի «Ուսանողական», իսկ երեք խանութում` «Մանկական» ապրանքանիշերի ձու՝ մակնշման անհամապատասխանությամբ, երկու խանութում` «Դիետիկ» ապրանքանիշի ձու՝ մակնշման անհամապատասխանությամբ, եւս երկու խանութում՝ «Օվոմեն» ապրանքանիշի ձու՝ մակնշման անհամապատասխանությամբ, մեկ խանութում՝ «Սպորտ» ապրանքանիշի ձու՝ մակնշման անհամապատասխանությամբ, մեկում էլ՝ «Childrens» ապրանքանիշի ձու, որի պիտանիության ժամկետն է անցած եղել:

ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ




Լրահոս