ՀԱՄԱԼԻՐԻ ԳՆՈՐԴԸ ՆԱԵՎ ՈՍԿՈՒ ՀԱՆՔ Է ՇԱՀԱԳՈՐԾԵԼՈՒ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Վիկտորիա Սիլվեր» ՍՊԸ-ն նախատեսում է 11 տոննա ոսկի արդյունահանել Լոռու մարզում գտնվող Մարցիգետի հանքային դաշտի Մարց-Պրվաշեն-Բուդաղիձոր ոսկու հանքավայրից: Նշենք, որ հանքավայրին ամենամոտ բնակավայրերն են Մարցն ու Լորուտը: Տեղաբնակներն ու բնապահպաններն անհանգստացած են, քանի որ վստահ են, որ այս ամենի արդյունքում Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանն ամբողջությամբ կհայտնվի հանքարդյունաբերության գոտում:

«Վիկտորիա Սիլվեր» ՍՊԸ-ն, նախ՝ մտադիր է ՀՀ Լոռու մարզի Մարցիգետի հանքային դաշտի Մարց-Պրվաշեն-Բուդաղիձոր ոսկի-բազմամետաղային հանքի երեւակման հետախուզում անցկացնել: Եթե արդյունքները դրական լինեն, ապա ընկերությունը կսկսի հանքի շահագործումը: Դրական արդյունքների դեպքում նախատեսվում է 10 հորատանցք փորել 5 հորատահրապարակներում օգտակար հանածոների արդյունահանման նպատակով: Նախագիծը հաշվարկված է 3 տարվա համար:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ «Վիկտորիա Սիլվեր»-ը նախորդ տարվա հոկտեմբերի 24-ին հանքի երկրաբանական ուսումնասիրության նախնական գնահատման հայտի վերաբերյալ ՀՀ բնապահպանության նախարարությունից շրջակա միջավայրի ազդեցության փորձաքննական դրական եզրակացություն է ստացել: Եվ սա այն դեպում, երբ երկրաբանական ուսումնասիրությունների շուրջ ընկերությունը երբեւէ Լորուտ եւ Մարց գյուղերի բնակիչների հետ քննարկումներ չի անցկացրել: Ընկերությունը երկրաբանահետախուզական աշխատանքները պետք է սկսեր նախորդ տարվա 3-րդ եռամսյակում, այսինքն՝ սեպտեմբերին, եւ դրանք ավարտեր 2017 թվականի 2-րդ եռամսյակում: Սակայն «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ներկայումս ընկերությունը հետախուզական աշխատանքներ չի իրականացնում:
Մարցի գյուղապետ Ռոբերտ Գալստյանը մեզ փոխանցեց, որ ընկերությունը դեռեւս նախորդ տարվա վերջերին Մարցիգետի հանքային դաշտի Մարց-Պրվաշեն-Բուդաղիձորի ոսկի-բազմամետաղային հանքաերեւակման տարածքում ոչ թե երկրաբանահետախուզական աշխատանքներ է իրականացրել, այլ ընդամենը նմուշառումներ է կատարել:
Նշենք, որ խնդրո առարկա հանքի տարածքի բուսականությունը բացառապես անտառային է: Լեռնալանջերը ծածկված են լայնատերեւ հաճարենու եւ կաղնու-բոխու անտառներով: Տարածքում կան նաեւ Կարմիր գրքում գրանցված կենդանիներ ու բույսեր: Այս առիթով բնապահպանները բազմիցս ահազանգել են, որ հանքավայրի շահագործման դեպքում անտառի մի մասը վտանգվելու է, սակայն ապարդյուն: Ընկերության կողմից սեպտեմբերի 24-ին բնապահպանության նախարարություն ներկայացված շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման նախագծում նշված է, որ աշխատանքների իրականացման ժամանակ բացառվելու է ցանկացած տիպի անտառային բուսականության հատում: Սակայն բնապահպաններն ու Մարց, Լորուտ գյուղերի բնակիչները թերահավատորեն են վերաբերվում այս ամենին: Նրանք վստահ են՝ հետազոտումների ընթացքում ե՛ւ ծառահատումներ, ե՛ւ հորատումներ կլինեն, նաեւ որոշակի տարածքներ կվնասվեն, իսկ ընկերությունը երբեւէ փորձ չի անի դրանք վերականգնել:
Լորուտի գյուղապետ Հրաչյա Սահակյանը «Ժողովուրդ»-ին փոխանցեց, որ այս պահի դրությամբ ընկերության որեւէ ներկայացուցիչ չի այցելել գյուղ: Նրա պատմելով՝ այս տարվա ընթացքում նույնիսկ հետազոտություններ չեն անցկացվել: Գյուղապետը տեղեկացրեց նաեւ, որ լորուտցիների մի մասը դեմ է ե՛ւ հետազոտման աշխատանքներին, ե՛ւ հանքավայրի շահագործմանը, իսկ մի մասը կողմ է: «Գուցե՞ հանքավայրի շահագործման ժամանակ բոլորը ոտքի կանգնեն ու դրա դեմ պայքարեն, ո՞վ գիտի: Բայց ընկերությունից դեռ մեզ ոչինչ չեն ասել իրենց ծրագրերից, մենք ոչնչից տեղյակ չենք: Նույնիսկ չգիտենք, թե ինչ են պատրաստվում անել՝ հանքը շահագործելո՞ւ են, թե այն այստեղից տանելու են, գործարան կառուցելո՞ւ են: Ամեն ինչ անորոշ է»,- «Ժողովուրդ»-ին փոխանցեց Լորուտի գյուղապետը: Նա նաեւ նշեց, որ մինչ օրս Լորուտի բնակիչները անտառից փայտ են բերել՝ ձմռանը վառելու համար, իսկ թե արդյոք հանքավայրի շահագործումից հետո դա նրանց կհաջողվի, առայժմ անհայտ է:
Ազդակիր մյուս համայնք Մարց «Վիկտորիա Սիլվեր»-ից նույնպես այս տարի ոչ ոք չի այցելել, եւ նույն անորոշությունը տիրում է նաեւ այստեղ: Մարցի գյուղապետ Ռոբերտ Գալստյանն ասաց. «Ես ոչնչից տեղյակ չեմ, իրենք չեն եկել, ոչ էլ զանգահարել են: Նախորդ տարի մեկ անգամ հանրային քննարկում է կազմակերպվել, ու դրանից հետո ոչ ոքի չենք տեսել: Ոչինչ չգիտենք: Նույնիսկ չգիտենք՝ այդտեղ պոչամբար կլինի՞, թե՞ ոչ, ծառահատումներն ի՞նչ չափով կլինեն: Անհայտ է»: Մարցի գյուղապետի խոսքերով, սակայն, գյուղի բնակիչները «ոգեւորված են», որ իրենց գյուղին մոտ հանքավայր է շահագործվելու. «Խոստացել են, որ աշխատատեղեր կլինեն: Իսկ ապրելու այլ տարբերակ չկա»:
Սակայն այս պատմության մեջ ամենաուշագրավն այն է, որ «Վիկտորիա Սիլվեր» ընկերության հիմնադիրներից մեկը Արմեն Զավենի Գեւորգյանն է, ով հանդիսանում է նաեւ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի գնորդ, «ՆՏԱԱ Ինվեստմենտ գրուպ» ՍՊԸ-ի հիմնադիրը: Բացի այս՝ ներկայումս պետռեգիստրում «Վիկտորիա Սիլվեր» ընկերության հիմնադիրներն են՝ Հրաչյա Սուրենի Հովհաննիսյանը (վերջինս, ըստ շրջանառվող լուրերի, ԷԲՆ-ի ընդերքի պետական տեսչության նախկին պետ Երվանդ Հովհաննիսյանի եղբայրն է), Արմեն Զավենի Գեւորգյանը, Անդրանիկ Արարատի Համբարձումյանը եւ Գագիկ Ռաֆայելի Խոջայանը: Ի դեպ, «Վիկտորիա սիլվեր»-ը հիմնադրվել է նախորդ տարվա մայիսի 22-ին: Ընկերության սեփականատերերն են Երվանդ Սուրիկի Հովհաննիսյանը, Արմեն Զավենի Գեւորգյանը եւ Ռուզաննա Բեգլարյանը, ով Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչե Ղազարյանի կինն է: Եւ իզուր չէ, որ վերջերս ակտիվ քննարկվում էր այն տեղեկությունը, որ համալիրը գնել է հենց Վաչե Ղազարյանը: Նաեւ նշվում էր, որ համալիրի գնորդներից մեկն էլ Վարդան Այվազյանն է, թեեւ Այվազյանն էլ, Ղազարյանն էլ անմիջապես հերքել են տեղեկությունը:
Ըստ որոշ տեղեկությունների՝ այս ընկերությունում 33.3 տոկոս բաժնեմաս ունի նաեւ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության ընդերքի պետական տեսչության նախկին պետ Երվանդ Հովհաննիսյանը, ով ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանի բնապահպանության նախարար աշխատելու տարիներին ղեկավարել է աշխատակազմի բնապահպանության պետական տեսչության ընդերքի երկրաբանամարկշեյդերական վերահսկողության բաժինը: Ի դեպ, հենց Հովհաննիսյանի կնոջ՝ Հասմիկ Հարությունյանի անունով է ձեւակերպված Լոռու մարզի Ֆիալետովոյի հանքավայրը շահագոծող «Գրեյթ ռեդմետ» ընկերությունը: Սակայն ինքը՝ Երվանդ Հովհաննիսյանը, չցանկացավ «Ժողովուրդ»-ի հետ խոսել այս մասին, այլ ասաց. «Ես ոչ մի ընկերության հետ կապ չունեմ, Վարդան Այվազյանին էլ տեսել եմ նախարար աշխատելու տարիներին»:
«Ժողովուրդը» փորձեց նաեւ կապ հաստատել «Վիկտորիա Սիլվեր» ընկերության հետ, սակայն դա մեզ չհաջողվեց:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ԱՆՓՈՒԹՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ ՊԱՐԶ ՍՏԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
Ստորեւ ներկայացնում ենք «Ժողովուրդ»-ի խմբագրության դիմած քաղաքացի Էֆրիկ Ավետիսյանի նամակը` ուղղված ՀՀ սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանին, որում հեղինակն իր դժգոհությունն է հայտնում ՀՀ զինանշանի հետ կապված որոշ անճշտությունների կապակցությամբ:
«Հարգելի՛ պարոն Հարությունյան, ուզում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել ժամանակին մեր պետական այրերի թույլ տված մի, մեղմ ասած, բացթողման թե վրիպման վրա: Հակված եմ այն այդպես կոչել, քանզի ծանր կլիներ հավատալ, որ մեր պետական այրերը միտումնավոր կերպով, առանց ժողովրդի կամքը հարցնելու, ինքնակամ հայոց զինանշանից դեն նետեցին Արարատ լեռան բնապատկերը: Բոլորիս էլ լավ հայտնի ու հասկանալի է, որ Արարատ լեռն իր անվամբ, իր տեսքով հայերիս համար խորհրդանշական նշանակություն ունի եւ բազում ազգային խորհրդանիշերից բացի՝ մեզ իր տեսքով հիշեցնում է նաեւ Արեւմտյան Հայաստանն ու ասոցացվում այնտեղ տեղի ունեցածի՝ հայրենազրկման ու արյունոտ բռնագաղթի հետ: Սա հենց այն է, որի մասին ասում ենք՝ «Հիշում ենք ու պահանջում»:
Այժմ հետեւյալի մասին: ՀՀ Սահմանադրության մեջ սեւով սպիտակի վրա գրված է. «ՀՀ զինանշանի կենտրոնում՝ վահանի վրա, պատկերված է Արարատ լեռը»: Բայց այդպե՞ս է որ, արդյո՞ք մեր զինանշանի վրա կա Մասիսի պատշաճ պատկերը: Ամեն մեկս ձեռքը վերցնելով զինանշանը՝ կարող է համոզվել պարզագույն եւ բացահայտ ճշմարտության մեջ: Այն է՝ զինանշանի արտաքին տեսքը ո՛չ մեզ, ո՛չ էլ մանավանդ օտարներին ոչնչով չի հիշեցնում Արեւմտյան Հայաստանի մասին: Այս դեպքում է ասվում. «Անունը կա, ամանում չկա»:
Հարգելի՛ պարոն Հարությունյան, ի՞նչ է սա, անփութությո՞ւն, թե՞ պարզ ստախոսություն, իսկ եթե դա արվում է պետական մակարդակով, չենք երկնչի այն կոչել խաբեություն պետության կողմից: Իսկ գուցե մեր նկարիչներն իրենք ճիշտ չեն վերարտադրել Արարատի պատկերը: Այդ դեպքում սխալն ուղղելու ճիշտ ժամանակն է: Այսօր, երբ ընթանում են սահմանադրական փոփոխությունների լայնածավալ քննարկումներ, պատշաճ կլիներ փոփոխություններ կատարել նաեւ զինանշանում՝ դրան վերադարձնելով երբեմնի տեսքը՝ երկու Մասիսների բնական պատկերով:
Վստահ եմ, որ իմ առաջարկ-դիտողությունը, որին, ի դեպ, բազմիցս արձագանքել է նաեւ մեր մամուլը, կարժանանա ուշադրության եւ իրապես կարտացոլվի բարեփոխված Սահմանադրության մեջ:
Եթե, այնուամենայնիվ, նպատակահարմար չհամարեք Արարատի բնապատկերը վերադարձնել իր նախկին տեղը, ապա բարոյական կլինի Սահմանադրությունից դեն նետել վերոնշյալ սահմանումը՝ «ՀՀ զինանշանի կենտրոնում (իբր) վահանի վրա պատկերված է Արարատ լեռը»: Բարոյական չէ ժողովրդին ծաղրել, քանի որ իրեն հարգող որեւէ հայորդի, ինչպես նաեւ՝ Դուք եւ հանձնաժողովի անդամները, զինանշանում չի կարող տեսնել Արարատի բնապատկերը, որպեսզի մեր սերունդը Արեւմտյան Հայաստանը ծովից ծով Հայաստանի բախտին չարժանացնի:
Հուսով, հարգանքով եւ
պատասխանի ակնկալիքներով՝
իրավաբան Էֆրիկ Ավետիսյան




Լրահոս