«ՈՐՏԵՂ ՇԱՏ «ԼԱՎ» ՄԵՔԵՆԱՆԵՐ, ԱՅՆՏԵՂ «ԱՊԱՀՈՎ» ՀԱՅԱՍՏԱՆ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս Արաբկիր վարչական շրջանում Սերժ Սարգսյանի նախընտրական հանդիպման ժամանակ քաղաքացիներից մեկը նրան հարց է տվել, թե ընտրվելու դեպքում ինչ է պատրաստվում անել եթերն անորակ հեռուստասերիալներից մաքրելու համար: Ի պատասխան՝ Ս. Սարգսյանն ասել է. «5 տարի առաջ եթերում մեքսիկական ու բրազիլական հեռուստասերիալներ էին, հիմա՝ հայկական:  Ի՞նչ եք կարծում` ավելի լավ է հայկակա՞ն սերիալները նայել, թե՞ մեքսիկական ու բրազիլական»: Քաղաքացիներից մեկը տեղից պատասխանել է. «Մեքսիկական ու բրազիլական»: Ս. Սարգսյանը այնուհետեւ ասել է, թե հայկական սերիալները սոցիալական դրական ազդեցություն ունեն. նա խորհուրդ  է տվել ցերեկներն անցնել Երեւանի թատրոնների մոտով, որտեղ կարելի է տեսնել արտասահմանյան մեքենաներ:

ՀԱՐՑ. Ինչպե՞ս եք վերաբերում Ս. Սարգսյանի այս հայտարարությանը:

ՊԱՏԱՍԽԱՆ. Սա նշանակում է, որ այս իշխանության օրոք մշակութային անկումը պերմանենտ է լինելու: Սա նշանակում է, որ այսուհետ որտեղ շատ են «լավ» մեքենաներ, այնտեղ կառուցվել է «ապահով» Հայաստան:

ԱՇՈՏ ԱԴԱՄՅԱՆ
դերասան


ՊԱՏԱՍԽԱՆ.
Գիտեք, ես մի բանի համար ուրախ եմ լինում, որ մեր դերասաններն ի վիճակի են լինում գոնե սերիալների հաշվին մի բան վաստակել: Հիմա եթե մեկը մեծ մեքենա է գնում, մյուսն էլ՝ փոքր, ապա մեկ այլ դերասան հացի խնդիր է կարգավորում: Այս մի երեւույթն ուրախալի է, բայց չպետք է մոռանանք, որ դերասանների վիճակն իսկապես տխուր է: Ընդամենը մի քանի հոգի է կարողանում իրեն թույլ տալ թանկարժեք մեքենա քշել, իսկ հիմնական մասն օրվա հացի խնդիրն է լուծում: Հեռուստաալիքներն այսօր ձեւաչափ չունեն, ամեն տեղ ամեն ինչ նույնն է, նույն բարի լույսերն ու նույն մտքերը ու նույն սերիալները:  Հույս ունենալ, որ մենք կարող ենք լավ արվեստ ունեցող հեռուստատեսություն ունենալ, հաստատ այդպես չէ, եւ չպետք է հույսով ապրել: Մի պատմություն կա, որտեղ ասվում է, թե ինչ է պետք ժողովրդին ղեկավարելու համար. «Հաց եւ զվարճանք»՝ ահա եւ սա էլ իրական ղեկավարման ձեւը:

ԱՐՏԱՎԱԶԴ ԲԱՅԱԹՅԱՆ
«Արձագանք» ռադիոկայանի
գործադիր տնօրեն

ՊԱՏԱՍԽԱՆ. Դա նշանակում է, որ գավառական մտածողություն ու հոգեկերտվածք ունեցող մեկի համար էժանագին եւ գողական սերիալները բարձրագույն արվեստ են: Ամենակարեւորը՝ Ս. Սարգսյանն անկեղծ է, այդ անկեղծության ապացույցն իր քարոզարշավային «գլուխգործոցներն» են, որոնց համեմատությամբ հայկական անարժեք սերիալները պարապը ծածկելու, ճիշտ է՝ անհաջող, համենայնդեպս փորձ են:

ԶՈՅԱ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
«Ժողովրդի իշխանություն» հասարակական-քաղաքական նախաձեռնության ղեկավար
Պատրաստեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ




Լրահոս