Գլենդելի «Սիրո ձեռքեր» բարեգործական կազմակերպության ներկայացուցիչները հյուրընկալվեցին Սփյուռքի նախարարությունում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 10-ին ՀՀ սփյուռքի նախարարի խորհրդական Ստեփան Պետրոսյանն ընդունեց բարեգործական ծրագիր իրականացնելու նպատակով Հայրենիքում գտնվող Գլենդելի «Սիրո ձեռքեր» բարեգործական կազմակերպության ներկայացուցիչներին` Նորա Էլմազյանի գլխավորությամբ:
Ողջունելով հյուրերին՝ Ս. Պետրոսյանը բարձր գնահատեց սահմանամերձ գյուղերի բնակիչներին օգնություն ցույց տալու նախաձեռնությունը:

Բարեգործական կազմակերպության ղեկավար Նորա Էլմազյանը ներկայացրեց կազմակերպության գործունեությունը, իրականացրած ծրագրերը, առաջիկա անելիքները, ինչպես նաև անդրադարձավ այցելության շրջանակում սահմանամերձ գյուղերի (Վեդի, Օձուն, Գավառ, Արծվանիստ, Թալին, Նորադուզ, Մարալիկ, Եղեգնավան, Աբովյան, Շուշի, Ստեփանակերտ) անապահով ընտանիքներին և Հայաստանում հաստատված կարիքավոր սիրիահայերին ցուցաբերած օգնությանը:
Նախարարության առաջարկությամբ պատվիրակության անդամները այցելեցին և շոշափելի ֆինանսական աջակցություն ցուցաբերեցին նաև Սիրիայում ընթացող քաղաքական պատերազմի պատճառով վերջերս Քոբանիից Հայաստան տեղափոխված Թովմասյանների բազմանդամ ընտանիքին:

Քննարկվեց նաև Գլենդելի «Հայկազյան» դպրոցին անհրաժեշտ գրքեր և ուսումնական ձեռնարկներ տրամադրելու հարցը:
Պայմանավորվածություն ձեռք բերվեց նախարարության՝ սփյուռքի կրթական հաստատությունների համար գրականության և ուսումնաօժանդակ նյութերի մշակման և տրամադրման ծրագրի շրջանակներում Գլենդելի «Հայկազյան» դպրոցին ապահովել համապատասխան գրականությամբ և ուսումնաօժանդակ նյութերով:




Լրահոս