Armenian text to speach

ՀԻՆ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Այն, որ նախագահական քարոզարշավի փուլն ենք թեւակոխել, Գյումրիում նկատվեց միայն վերջին մեկ շաբաթվա ընթացքում, երբ մեկը մյուսի հետեւից գյումրեցիներին հիշեցին Սերժ Սարգսյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը, Հրանտ Բագրատյանը: Իսկ մինչ այդ Գյումրին կարծես թե նախընտրական գործընթացների կազմակերպիչների կողմից մոռացության էր մատնվել նաեւ քարոզչական պաստառների առումով, որոնք այդքան էլ շատ չեն ՀՀ երկրորդ քաղաքում: Այնուամենայնիվ, եղածներն էլ առավելապես Սերժ Սարգսյանինն են, ավելի քիչ` Րաֆֆի Հովհաննիսյանինը  եւ հազվադեպ` Հրանտ Բագրատյանինը: Իսկ մյուս թեկնածուների գոյությունը հիշեցնող տեսանելի քարոզչանյութեր դժվար թե հնարավոր լինի գտնել քաղաքում: Չնայած եթե Սերժ Սարգսյանի թեկնածության մասին հիշեցնող պաստառները չլինեին էլ, բացը կլրացվեր ամեն քայլափոխի նրան քարոզող ու մարդկանց ցուցակագրող մանկավարժներով եւ ՀՀԿ-ական նվիրյալներով: Մանկավարժները, մոռանալով իրենց բուն առաքելությունը, պարտադրանքով կամ իրենց իսկ ցանկությամբ, տնետուն ընկած, անձնագրի տվյալներ են վերցնում՝ ուղղորդելով գյումրեցիներին դեպի ապահով Հայաստան: Քաղաքում շրջանառվող լուրերի համաձայն՝ դպրոցներում ծնողական ժողովներ են արվել, որոնց  ընթացքում քարոզվել  է ընտրել գործող նախագահին: Հորդորներ են եղել նաեւ պետական կառույցների աշխատողների, աշակերտների եւ ուսանողների հաշվին բազմամարդ հանրահավաք կազմակերպել, ինչն էլ իրականություն դարձավ փետրվարի 9-ին:
Ի դեպ, Սերժ Սարգսյանի քարոզչությունն իրականացվել էր նաեւ փետրվարի 9-ի նախօրեին, երբ ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի հրավերով Գյումրու թատրոնում սունդուկյանցիների խաղը դիտելու եկած հանդիսատեսը ներկայացումից հետո ստիպված էր եղել լսել մի ամբողջ քարոզ` ՀՀԿ-ական պատգամավորի եւ անվանի դերասանների մասնակցությամբ: Այսօր արդեն քաղաքում լուրեր են շրջանառվում, թե վերջին 1-2 օրվա ընթացքում տարբեր ժամերի ինչ-որ մարդիկ են գնում գյումրեցիների բնակարաններ, ցուցակագրում մարդկանց ու Սերժ Սարգսյանի օգտին քվեարկելու համար որոշ թաղամասերում խոստանում 5000-ական, որոշներում՝ 10.000-ական դրամ տալ:  Խոսակցությունների համաձայն՝ այս գործընթացն իրականացվում է  Հանրապետական, «Բարգավաճ Հայաստան» եւ «Օրինաց երկիր» կուսակցությունների համատեղ ջանքերով:

ՍՈՆԱ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Գյումրի



Լրահոս