ՈՍԿՈՒ ՇՈՒԿԱՅԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ԼՔՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի ոսկու շուկայի (ժողովրդի մեջ հայտնի Բաղնիքի ոսկու շուկան) աշխատակիցների պարտավորությունները գալիք նախագահական ընտրություններից հետո ծանրանալու են: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նրանցից մի քանիսը հավաստիացրին, որ նախկինում ամեն ամիս վճարվող 3500 դրամի փոխարեն մարտի 1-ից իրենք վճարելու են 35 հազար դրամ: Աշխատակիցների խոսքով՝ այս ամենի մասին իրենց թույլ չեն տալիս բարձրաձայնել, քանի որ դա կարող է բիծ թողնել նախագահական ընտրությունների վրա: Սակայն, չնայած դրան, ոսկու շուկայի աշխատակիցները այս հարցով մտադիր են բողոքի ակցիա կազմակերպել:
«Ախր մեզ համար նոր օրենք չեն ստեղծում, այլ ներքին կարգով վախեցնում ու սպառնում են, թե ավելացրե՛ք հարկայինի համար մուծվող գումարը, թե չէ հարկայինը կգա, մի բան կգտնի ու կտուգանի: Իրենց տուգանածն էլ տուգանած է: Եթե մենք առաջ մուծում էինք 3500 դրամ, ապա հիմա դրա փոխարեն վճարելու ենք 35.000 դրամ: Ասում են` պետք է այդքան տաք: Պետք է ստիպված տանք պահանջված գումարը: Պարտադրում են, սպառնում… Էս մի քանի օր է, ինչ իրար ներքին կարգով զանգում ու զգուշացնում են»,-վրդովված ներկայացրեց ոսկու շուկայի 58-ամյա աշխատակից Գնելը:
Ոսկու շուկայի սեփականատեր Վաղարշ Աբրահամյանը վարձավճարների բարձրացումը   պատճառաբանել է նրանով, թե ՀՀ պետբյուջեին մեծ գումարներ են պետք:
«Եթե չտանք, հարկայինը կգա, մի բան կգտնի ու կտուգանի: Վաղարշն ասում է` մտածե՛ք: Էս ա իրականությունը: Ի՞նչ անենք, չգիտենք: Մի մասը մտադիր է հինգշաբթի դուրս գալ կառավարության շենքի մոտ` բողոքելու: Իսկ մյուս մասն էլ, հակառակը, հուսահատված է, ասում են, թե ատամնաբույժներն ու տաքսիստներն ինչի են հասել, որ հիմա էլ մենք պայքարենք: Վախենում են դուրս գալ բողոքի: Շատերը ստվեր են տեղափոխվել եւ հիմա իրենց տներում են աշխատում ու թքած ունեն հարկերի վրա»,-ափսոսանքով նկատեց 43-ամյա Հակոբը` ընդգծելով, որ մի քանի տասնյակ մարդ արդեն չեն աշխատում շուկայում:
Իսկ 51-ամյա Գեւորգը հուսահատված նշեց, որ շուկայի մի քանի աշխատակիցներ սպասում են, որպեսզի թղթերը դասավորելուց հետո մեկնեն Կալինինգրադ կամ Նովգորոդ. «Ոտքները կախ են գցում, մինչեւ թղթերի դասավորվելը, որ շուտ գնան էստեղից: Հիմա իսկական տեռոր է, էս թվաբանությանը որ նայում ես, հասկանում ես, որ լրիվ անիմաստ է էստեղ աշխատելը: Հունվար ամսվա մուծումների ժամանակ նախօրոք զգուշացրել էին, որ մուծելու ենք նախկինի նման: Իսկ մարտի մեկից կփոխվի ամեն ինչ, ու մենք կկանգնենք փաստի առաջ»:
Գեւորգի խոսքով՝ ղեկավարությունը հիմա վախենում է բարձրաձայնել այդ մասին, որպեսզի նախագահական ընտրությունների վրա բիծ չլինի. «Իբր ընտրությունների ընթացքում բողոք չլինի: Բայց մարտի մեկին արդեն ընտրություններն անցած կլինեն, ու կտեսնես, թե ինչ թիվ կկրակեն մուծումների օրը»:
Ոսկու շուկայի որոշ աշխատակիցների մոտ տեսակետ կա, որ «Վաղարշի վզին կառավարությունը միլիոններ է դրել, ու նա պարտադիր պետք է վճարի, այդ պատճառով էլ պետք է մեզանից հավաքի»: Սակայն 34-ամյա Էդոն այդպես չի կարծում. «Պրիմիտիվ է, որովհետեւ Վաղարշի համար մի քանի միլիոնը հեչ բան ա: Լավ էլ միլիոնների տեր է: Էսի Վաղարշի խաղը չի, այլ պետական խաղ ա… Բացի այդ, Վաղարշի համար դա ձեռնտու էլ չի, որ ոսկու շուկայից աշխատողները հեռանան, հաստատ ձեռնտու չէ»: Նրա պատմելով՝ նմանատիպ երեւույթ եղել է նաեւ 2008-ի մարտի 5-ին. «Այն ժամանակ էլ այսպես ներքին կարգով արեցին, ասին՝ սկզբից 25 հազար դրամ կմուծեք, հետո 10-15 հազար դրամի վրա բարիշեցին, ու անցավ: Հիմա նորից նույն օյինբազությունն են անում: Էն ժամանակ ընտրություններից հետո էր, հիմա էլ ընտրություններից առաջ է կատարվում նույնը: Տեւեց մի վեց ամիս, հետո Վաղարշը գնաց զիջումների: Մենք էլի օրինական դաշտում ենք, բայց որ ուզենաս, կարող ես փնտրել ու յուրաքանչյուրի մոտ մի թերություն կգտնես: Իրենց ձեռքն է, ինչքան կուզեն՝ կտուգանեն»:
Զրույցի ավարտին ոսկու շուկայի աշխատակիցներից տեղեկացանք, որ հիմա ոսկու վաճառքը կտրուկ նվազել է: Վաճառողների կարծիքով՝ պատճառն Ադրբեջանում նոր բացված ոսկու շուկան է, որտեղից հիմա, կարելի է ասել, ողջ Միջին Ասիան է գնումներ անում, քանի որ Հայաստանից ոսկի հանելը շատ ծախսատար է. «80 տոկոսով կրճատվել է Միջին Ասիայից ժամանող մեր հաճախորդների թիվը: Իրենց ձեռնտու է այնտեղից առեւտուր անել: Դա մի խնդիր, ու դրան էլ գումարած` հարկային մեծ պարտավորությունները: Էս տրամադրությամբ էլ պետք է գնանք ու նախագահ ընտրենք: Ինչի՞ համար… ո՞ւմ է պետք»:
«Ժողովուրդ»-ը փորձեց ոսկու շուկայի տնօրինությունից մեկնաբանություն ստանալ այս հարցի շուրջ, սակայն նրանք հրաժարվեցին խոսել:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս