«15 ՏԵՂԻՑ ԿՐԱԿՈՒՄ ԷԻՆ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի սահմանագոտուց եկող տեղեկությունները կարծես ռազմաճակատից ստացվող հաղորդագրություններ լինեն: Նախորդ օրը` փետրվարի 12-ին, Չինարի գյուղը գնդակոծվել էր: Գյուղապետ Սամվել Սաղոյանն ասաց, որ այդ օրը կրակել են «Ժիգուլի» մակնիշի մի մեքենայի վրա, որի մեջ երեխաներ են եղել, նրանք մինչեւ հիմա  վախեցած են: Իսկ ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետ Մանվել Կամենդատյանը հայտնեց, որ փետրվարի 12-ի լույս 13-ի գիշերը՝ մինչեւ 12:30 րոպեն, ադրբեջանցիները անընդհատ կրակել են գյուղի վրա: «Ողջ գյուղն անհանգիստ է, գիշերը չի քնում»,-ասաց գյուղապետը, հավելելով, որ ադրբեջանական կրակոցներից վնասվել են տների տանիքները: Նրա խոսքով՝ Ներքին Կարմիրաղբյուրում մանկապարտեզ եւ դպրոց է գործում, վերջինը սահմանից մոտ 300-400 մ հեռավորության վրա է, իսկ ադրբեջանական զինուժը նոր, ավելի դիպուկ զենքեր է օգտագործում:
Փետրվարի 12-ի լույս 13-ի գիշերը շատ անհանգիստ է եղել նաեւ սահմանամերձ Այգեպար գյուղում: Այգեպարի համայնքապետ Անդրանիկ Այդինյանն ասաց, որ գյուղն ուժգին գնդակոծվում էր: «Կրակում էին մոտ 15 տեղերից, այդ գնդակներից գյուղի երկինքը լուսավորվում էր: Հետո անձրեւ տեղաց, եւ կրակոցները դադարեցին»,-ասաց Ա. Այդինյանը: Նրա խոսքով՝ գնդակոծությունն այնքան ինտենսիվ էր, որ իրենք չէին կարողանում գլուխ բարձրացնել՝ տեսնելու համար, թե որտեղից են կրակում: Գյուղապետն ասաց, որ նույն պատճառով չի կարող ասել՝ հայկական զինուժը համարժեք հակահարված տվել է, թե ոչ: Այգեպարի համայնքապետը հայտնեց, որ փետրվարի 12-ի լույս 13-ի գիշերը կրակոցների պատճառով գյուղի բնակիչներից մեկի տան պատուհանը տեղից դուրս է ընկել, այդ ընտանիքը ստիպված է եղել գիշերել ուրիշի տանը: Ա. Այդինյանն ասաց, որ Այգեպարի դպրոցն ու մանկապարտեզը գտնվում են սահմանից ընդամենը 300 մ հեռավորության վրա:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս