«Մենք ձգտում ենք երիտասարդ կատարողներին հնարավորություն տալ՝ դուրս գալ աշխարհի լավագույն բեմեր». Արմեն Բաբախանյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դաշնակահար Արմեն Բաբախանյանի հետ հարցազրույց անցկացնելու գաղափարը պատահական չէր: Այն ծագեց, երբ երաժիշտների հետ հերթական հանդիպման ընթացքում կրկին քննարկում էինք Հայաստանում դասական երաժշտության համերգներ կազմակերպելու բարդությունները: Արդեն հռետորական դարձած հարցերից առանձնացվեց դիրիժորներից մեկի կարծիքն առ այն, որ դասականը «պարտվում է» փոփ երաժշտությանը՝ նաև իր կրկնվող և ունկնդրի ականջի համար վաղուց սովորական դարձած ռեպերտուարի պատճառով: Ասվածը բուռն քննարկման առարկա դարձավ:

Մասնագետները տարբեր տեսակետներ հայտնեցին, որի ընթացքում պարզվեց նաև, որ, օրինակ, Սերգեյ Պրոկոֆևի դաշնամուրի համար ստեղծագործությունները Հայաստանում, կարելի է ասել, չեն կատարվել չափազանց բարդ լինելու պատճառով: «Մի՞թե մենք չունենք դաշնակահար, որը կարող է դրանք կատարել»,- զարմացա ես: «Իհա՛րկե ունենք,- չհապաղեց պատասխանը: -Մեր Արմեն Բաբախանյանն աշխարհի քսան լավագույն դաշնակահարների թվում է: Բայց նման համերգների շարք կազմակերպելու համար ավելի շատ ջանք ու գումար է պետք: Իսկ ո՞վ է հիմա ցանկանում դասական երաժշտությունը ֆինանսավորել: Մինչդեռ, Բաբախանյանի մոտ պատանիներ կան, ովքեր ապագա Սերգեյ Խաչատրյաններ են: Խոսքս հիշիր, աշխարհը դեռ նրանց մասին կխոսի, ինչպես որ խոսում է Սերգեյ Խաչատրյանի և Նարեկ Հախնազարյանի մասին»:

Այն, որ աշխարհը կխոսի՝ չեմ կասկածում, բայց որ մենք կգնահատենք` վստահ չեմ: Ծրագիրը, որում ընդգրկված են այդ պատանի երաժիշտները, երկու տարուց ավելի գործում է: Նրանք պատվով ներկայացնում են Հայաստանը տարբեր միջազգային մրցույթներում և փառատոներում, ստանում մրցանակներ… Սակայն, նեղ շրջանակներից բացի, այդ մասին գրեթե ոչ մի տեղ չի քննարկվում: Հասարակական հետաքրքրություն չկա, մինչդեռ դասական երաժշտությունը ոչ միայն մարդու ընդհանուր կրթության բաղկացուցիչ է, այլ նաև՝ բիզնես ուղղություն:

Լոնդոնի ֆիլհարմոնիկ նվագախմբի տվյալներով՝ դասական երաժշտության ամենաակտիվ «նպատակային խումբը» մոտ 20 և 45-49 տարեկան անձինք են: Դառնալով դասական երաժշտության սիրահար երիտասարդ տարիքում, տարիների ընթացքում մարդիկ կորցնում են դրա հանդեպ հետաքրքրությունը և կրկին վերադառնում դրան 40-45 տարեկանում:

Մեր զրույցն Արմեն Բաբախանյանի հետ տեղի ունեցավ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի իր առանձնասենյակում: Նա դաշնամուրային ֆակուլտետի դեկանն է, և մենք ստիպված ենք մերթ ընդ մերթ ընդմիջել զրույցը, քանի որ ներս են մտնում ուսանողներ՝ իրենց առօրյա խնդիրներով, և որոնց Արմեն Բաբախանյանը սպասեցնել չի տալիս:

Ի զարմանս շատերի, դաշնակահար Արմեն Բաբախանյանի անունն առավել ճանաչելի է արտերկրում, քան Հայաստանում: Նա մի շարք հեղինակավոր միջազգային մրցույթների դափնեկիր է, այդ թվում` Վան Քլայբերն, Լիդզ, Ջինա Բախաուեր և Գարդիան Դուբլին: Մենահամերգներով հանդես է եկել ԱՄՆ-ում, Կանադայում, Ճապոնիայում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում և այլ եվրոպական երկրներում: Ելույթներ է ունեցել ԱՄՆ-ի ազգային սիմֆոնիկ, Թագավորական սիմֆոնիկ նվագախմբերի հետ, Մոսկվայի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ` Վալերի Գերգիևի գլխավորությամբ: Հանդես է գալիս միջազգային միցույթների ժյուրիների կազմում: Ստեղծագործական և մանկավարժական գործունեության հետ համատեղ՝ ղեկավարում է ՀՀ և ԼՂՀ տաղանդավոր երաժիշտ-կատարողների բացահայտման և զարգացման ծրագիրը:

– Պարոն Բաբախանյան, կխնդրեի ներկայացնել երիտասարդ երաժիշտների զարգացման ծրագիրը, որի գեղարվեստական ղեկավարն եք: Գաղափարը հիանալի էր, խոստումնալից, բայց որքանո՞վ հաջողվեց այն կյանքի կոչել:

– Դա նպատակային ծրագիր է, որը սկսվել է 2013թ.-ին և ուղղված է Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում 11-20 տարեկան երիտասարդ տաղանդավոր երաժիշտների բացահայտմանն ու կատարելագործմանը: Այն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Այժմ ծրագիրը ներառում է դաշնամուր, ջութակ և թավջութակ մասնագիտությունները: Նպատակը մեր շնորհալի, տաղանդավոր երիտասարդներին միջազգային ասպարեզ դուրս բերելն է: Ծրագրի մասնակիցներին ընտրելիս՝ շրջել ենք ամբողջ Հայաստանն ու Ղարաբաղը, դպրոց առ դպրոց և 388 մասնակցից առանձնացրել 58 կատարողի: Երկրորդ փուլը կայացավ Երևանում, և մենք ընտրեցինք 15 պատանի կատարողների, ովքեր ունեն բացառիկ ունակություններ ու տաղանդ, ում համար երաժշտությունը ոչ թե հոբբի է, այլ իրենց կյանքը: Ծրագիրը ռոտացիոն է: Մենք ձգտում ենք այս երիտասարդ կատարողներին հնարավորություն տալ՝ դուրս գալ աշխարհի լավագույն բեմեր և դառնալ դասական երաժշտության ապագա էլիտան: Կրկնակի ուրախություն կլինի, եթե նրանք շարունակեն ապրել և ստեղծագործել Հայաստանում և պատանի տարիքում ստիպված չլինեն լքել երկիրը:

– Իսկ որքանո՞վ ենք մենք պատրաստ այդ պատանիների համար ապահովելու որակյալ կրթություն, բեմում ելույթներ ունենալու և փորձ կուտակելու հնարավորություն: Մի խոսքով` հղկելու նրանց տաղանդը:

– Ես ինքս ստացել եմ ֆանտաստիկ կրթություն և այն ստացել եմ Հայաստանում: Ավարտելով Չայկովսկու անվան դպրոցը, կրթությունս շարունակել եմ Երևանի պետական կոնսերվատորիայում, պրոֆեսոր Ա. Բոգդանյանի դասարանում: Այնուհետև ստացել եմ Եյլի համալսարանի PhD դիպլոմ` Քլոդ Ֆրանկի ղեկավարությամբ:

Ուսումնական դասընթացի ճիշտ կազմակերպումը ցանկացած երաժշտի կրթման կարևորագույն բաղկացուցիչներից է: Եվ այս ծրագրի շրջանակներում ընդգրկված են հայ կատարողական արվեստի լավագույն մասնագետներն ու խորհրդատուները: Մեծ նշականություն ունեն արտերկրի հեղինակավոր և միջազգային ասպարեզում ավանդ ունեցող մասնագետների մաստեր-կլասները, երբ պատանի երաժիշտներին կարողանում ենք ծանոթացնել և ներկայացնել տարբեր դպրոցների և ուղղությունների մոտեցումները: Համատեղ հաշվետու համերգներն անգնահատելի փորձ են և հնարավորություն են տալիս կատարողներին զգալու բեմը:

Ամբողջական հարզազրույցը կարող եք կարդալ 168.am կայքում:

 




Լրահոս