ՀԱՐՑ. Խնդրում եմ տեղեկացնել, թե բնակչության որ խումբն իրավունք ունի անվճար դեղեր ձեռք բերել պոլիկլինիկաներից կամ բժշկական հաստատություններից:
ՊԱՏԱՍԽԱՆ. Անվճար կամ արտոնյալ պայմաններով ամբուլատոր պոլիկլինիկական բժշկական հաստատությունների միջոցով դեղեր կարող են ձեռք բերել հետեւյալ սոցիալական խմբերի քաղաքացիները.
1. բնակչության սոցիալական խմբեր, որոնց պատկանող անձանց հիվանդության դեպքում դեղերը տրվում են անվճար՝
ա) 1-ին եւ 2-րդ խմբերի հաշմանդամներ, բ) հաշմանդամ երեխաներ (մինչեւ 18 տարեկան), գ) հայրենական պատերազմի մասնակիցներ եւ նրանց հավասարեցված անձինք, դ) առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ, ինչպես նաեւ միակողմանի ծնողազուրկ երեխաներ (մինչեւ 18 տարեկան), ե) բազմազավակ (մինչեւ 18 տարեկան չորս եւ ավելի անչափահաս երեխաներ ունեցող) ընտանիքների երեխաներ, զ) ՀՀ պաշտպանության ժամանակ, ինչպես նաեւ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներ, է) հաշմանդամներից բաղկացած ընտանիքների երեխաներ (մինչեւ 18 տարեկան), ը) մինչեւ 7 տարեկան երեխաներ,
2. բնակչության սոցիալական խմբեր, որոնց պատկանող անձանց հիվանդության դեպքում դեղերը տրվում են 50% զեղչով՝
ա) 3-րդ խմբի հաշմանդամներ, բ) Չեռնոբիլի վթարի վերացման աշխատանքների մասնակիցներ, գ) բռնադատվածներ, դ) միայնակ չաշխատող կենսաթոշակառուներ, ե) միայն չաշխատող կենսաթոշակառուներից բաղկացած (այդ թվում՝ իրենց խնամքի տակ անչափահաս երեխա ունեցող) ընտանիքներ, զ) միայնակ մայրերի երեխաներ (մինչեւ 18 տարեկան),
3. չաշխատող կենսաթոշակառուներին դեղերը տրվում են 30% զեղչով:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հուսանք, որ պետական կառույցները նման կարգավիճակ ունեցող մարդկանց համար չեն ստեղծի արհեստական քաշքշուկ, եւ նրանք իրենց հասանելիք անվճար դեղերը ձեռք կբերեն քիչ թե շատ քաղաքակիրթ ձեւով: